Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնվականի եւ մոր բնազդներով արտիստուհին

Հունվար 28,2010 00:00

\"\"Դերասանուհի Գրետա Մեջլումյանի անունը թատերասեր հանրությանը ծանոթ է Վանաձորի Հ. Աբելյանի եւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոններում ստեղծված աշխատանքներով, կինոդերերով, կինոկրկնօրինակումներով:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի մարմնավորած Ծովինարը՝ Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», Պոնսիան՝ Գ. Լորկայի «Բերնարդա Ալբան եւ իր աղջիկները», Խաթունը՝ Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի», տիկին Դիտման եւ Մայրը՝ Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Վարդուհին՝ Ն. Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» բեմադրություններում եւ այլն, հիացրել են հանդիսատեսին: Նա բազմիցս հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ այլուր, իսկ ժամանակին Ն. Շահնազարյանի «Թափորը» մենախաղը մասնագետների կողմից բարձր է գնահատվել Գերմանիայում՝ շուրջ քսան երկրների մասնակցությամբ անցկացվող մոնոթատրոնի միջազգային փառատոնում, ինչպես նաեւ Մոսկվայում: Լատինական Ամերիկայում «Ավե Մարիա» երաժշտաթատերական ներկայացումը, որտեղ Գ. Մեջլումյանը հանդես է եկել «Բարեկամություն» պարային անսամբլի հետ, համարվել է երեւույթ: Անցյալ տարի Մայր թատրոնում Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման մեջ դերասանուհու մարմնավորած Անթառամը սիրելի դարձրեց արվեստագետին՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դոցենտին եւ, ինչպես նշել էինք, պրեմիերայի առաջին ծափերը հնչեցին հենց նրա պատվին: Կանացի զորեղ բնավորությունը, հայ կնոջ տառապանքն ու ըմբոստացումը դերասանուհին այնպես էր ներկայացնում, որ դահլիճը էլեկտրականացած դիտում էր նրան, զուգահեռներ անցկացնելով Մայր թատրոնի մեծ դերասանուհիների հետ:
«Առավոտի» հարցին, թե Անթառամի կերպարում ի՞նչն էր հրապուրել ու հետաքրքրել նրան, դերասանուհին պատասխանեց. «Հերոսուհիս ուժեղ բնավորությամբ օժտված հայուհի է, ում մեջ կա եւ ազնվական, եւ մոր բնազդներ, մի խոսքով՝ Մուսա լեռան ոգին: Չնայած Անթառամը զավակ չունի, երկուսն էլ վաղաժամ մահացել են, սակայն իր ներսում ունի մորը հատուկ սեր, ջերմություն բոլոր այն երեխաների նկատմամբ, ովքեր որբանում էին Մուսա լեռան վրա: Պատահական չէ, որ բեմադրիչ Արմեն Էլբակյանը ներկայացման նախավերջին տեսարանում մատուցում է որբացած Հայկի եւ Անթառամի երկխոսությունը… Էլ չխոսեմ այն վարքագծի մասին, որ նա ներարկում է ֆրանսուհի Ժուլիետին, թե վերջինս իրավունք չունի զիջելու իր դիրքերը, որ պետք է դիմանա այս փորձություններին, որովհետեւ Բագրատյանի կինն է…»:
Գ. Մեջլումյանն ունի թատերական ընտանիք. դուստրը՝ Ծովինար Մարտիրոսյանը Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի է, փեսան՝ Նարեկ Հայկազյանը նույնպես արտիստ է, իսկ ինքը այսօր զբաղվում է թոռնիկի՝ 3-ամյա Անրիի խնամքով, իհարկե, առաջնային համարելով մասնագիտական գործունեությունը: Արդյոք սա՞ է կանացի լիակատար երջանկությունը, ինչին հասել է դերասանուհին: «Երջանիկ պահեր ունեցել եմ ստեղծագործելիս, թեպետ միշտ էլ ինձ համակել է անբավարարվածության զգացումը: Ինչ վերաբերում է կանացի երջանկությանը, թույլ տվեք լռել…»,- սա էր մեր զրուցակցի պատասխանը: Հարցին՝ ասում են, թե այսօր մեր բեմում քիչ են տղամարդու իդեալական, առինքնող հմայքով եւ ուժի մարմնացում հանդիսացող դերասանները, տիկին Մեջլումյանը պատասխանեց. «Գուցե Վահրամ Փափազյանի կամ Խորեն Աբրահամյանի տեսակը բացակայում է, բայց ունենք տղամարդու՝ ձեր ասած որակներին համապատասխանող արվեստագետներ (նա նշեց Արմեն Մարությանի, Տիգրան Ներսիսյանի, Մուրադ Ջանիբեկյանի անունները- Ս. Դ.): Բոլորովին չժխտելով ոմանց նույնիսկ տաղանդը, ցավոք, նրանց մի փոքր խանգարում է ամբիցիոզ կեցվածքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել