Երգիչ Հայկ Կասպարովը՝ «Եվրատեսիլի» եւ հայաստանյան շոու-բիզնեսի մասին
Բացի Էմմի- Միհրան զույգից, Ռազմիկ Ամյանից, Եվա Ռիվասից, Մհերից եւ մյուսներից, «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնելու ցանկություն ունի նաեւ երիտասարդ երգիչ Հայկ Կասպարովը: Նրա երգը կոչվում է «You know». բառերը գրել է Սերգեյ Գրիգորյանը, իսկ երաժշտությունը՝ ինքը, Հայկը:
«Առավոտի» հարցին՝ որո՞նք են իր առավելությունները մյուս թեկնածուների համեմատությամբ եւ ինչո՞վ է տարբերվում նրանցից, Հայկը պատասխանեց. «Բոլոր մասնակիցներին այնքան էլ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ արական սեռի ներկայացուցիչները քիչ են: «Եվրատեսիլում» քվեարկողների մեծամասնությունը նայում է արտաքին տեսքին եւ շոուին, իմ կարծիքով՝ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Պրոֆեսիոնալների թիմ է աշխատում շոուիս վրա, այնպես որ՝ կփորձենք տարբերվել-հիշվել: Հագուստները Իտալիայից ուղարկելու է Նաիրա Խաչատրյանը: Ես էլ եմ բեմի վրա պարելու: Գիտեմ, որ պարող երգիչ արդեն կա՝ Միհրանը, բայց ինքս էլ կփորձեմ այնպես անել, որ համարս համով լինի: «You know» երգը ժամանակակից դիսկո «վիճակի» մեջ է, պարային է, առկա են նաեւ հայկական որոշ էլեմենտներ…»:
Դիտարկմանը, որ փորձում է ընդօրինակել Անդրեին կամ, ավելի շուտ, Դիմա Բիլանին, երգիչը համաձայն չէ: Հ. Կասպարովն ասում է, որ Բիլանի հետ ընդամենը որոշակի դիմագծային նմանություններ կան, իսկ ոճային՝ ոչ մի դեպքում: Ինչ վերաբերում է Անդրեին, Կասպարովի խոսքով. «Մի երեք տարի է՝ նրա հետ ոճային ընդհանրություններ ունենալու մասին խոսակցություններ չեմ լսել»:
Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ ընդգրկված չէ Հայաստանում կազմակերպվող համերգներում, Հայկը պատասխանում է. «Առանձնապես տարված չեմ հայկական շոու-բիզնեսով, համերգներին չեմ մասնակցում, որովհետեւ ես ու պրոդյուսերս լուրջ առաջարկներ չենք ստանում: Միակ նախագիծը, որտեղ ընդգրկված եմ՝ «Երկու աստղն» է: Սիրով եմ մասնակցում, գոհ չեմ միայն ժյուրիի անդամ Գայանե Հովհաննիսյանից, որը երբեմն անհարկի է մեր զույգին քննադատում: Ի դեպ, երգչուհի լինել՝ դեռ չի նշանակում վոկալի մասնագետ էլ լինել… Ընդհանրապես, Հայաստանում շոու-բիզնես ասվածն այլ է: Երբ գնում ես արտերկիր, համոզվում ես, թե ի՜նչ հսկայական աշխատանքներ են տարվում արդյունքի հասնելու համար, մինչդեռ մեզ մոտ չնչին բանով կարող ես ճանաչված մարդ դառնալ, դա ծիծաղելի է: Ռուսաստանում շատ քիչ տարբերությամբ ռուսական էստրադայի արտիստները բարձր գումար են վաստակում, սակայն, ի տարբերություն մեր արտիստների, բեմի վրա ապահովում են իսկական շոու՝ իրենց պարողներով, բեմական վառ հագուստներով, ամեն համարի համար հատուկ ծրագրով»:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ իրեն առաջարկ է եղել Հունաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2010»-ին՝ հույն փոփ երգիչ Միխայել Սարբելի հետ դուետով, սակայն չի համաձայնել: Պատճառը գումարն է: «Երիտասարդ երգչի համար, որը չունի հովանավորներ, հարուստ հոպարներ կամ քեռիներ, դժվար է գումար հայթայթելը, ես էլ չեմ ընկնի դռնեդուռ»,- նշում է Հ. Կասպարովը: Նույն պատճառով չի ցանկանում Հայաստանում մենահամերգ դնել՝ դա համարում է գումարի փոշիացում, որովհետեւ, նրա կարծիքով, նախ տոմսերն են էժան, հետո ինքը վստահ չէ, թե մեծ դահլիճ կարող է լցնել: Հայկն ասում է, որ հովանավորներ ունենալու դեպքում հանդես կգար մեծ ծրագրով, որը ներկայացրել է Ավստրալիայում, Իրանում, Լոնդոնում, Ռուսաստանում: Մեր զրուցակիցը ընդամենը 2 շաբաթ է աշխատել ակումբներից մեկում եւ հասկացել, որ այդ «ձեւաչափով» գումար վաստակելն իր համար չէ. «Իհարկե, լավ է, որ ամեն օր աշխատում ես, փորձ ձեռք բերում, բայց ես ինձ ազատ չեմ զգում, երբ տեսնում եմ՝ երգում եմ, մարդիկ էլ հաց են ուտում ու հնարավոր է՝ մի 5000 դրամ տան ու ասեն՝ նույն երգը մի հատ էլ երգիր»: Հ. Կասպարովը պոլիտեխնիկական կրթություն ունի, «ստանդարտացում, սերտիֆիկացում եւ որակի կառավարում» մասնագիտացում, ասում է՝ փայլուն դիպլոմային է ունեցել ու աշխատանքի առաջարկ ստացել, բայց որոշել է երգիչ դառնալ: Ավելի ճիշտ, երգել սկսել է 4-րդ կուրսից՝ սիրահարված էր, պետք էր օրիգինալ նվեր մատուցել սիրած աղջկան, ինքն էլ երգ ձայնագրեց ու դա նվիրեց, ամեն ինչ հենց այդ երգից էլ սկսվեց: Հիմա պատրաստվում է «Եվրատեսիլին», ուզում է հաղթել, բայց եթե իր դեպքում չստացվի ինչ-որ բան, ցանկանում է, որ գոնե իր ֆավորիտ Էմմի եւ Միհրան զույգը արժանանա Հայաստանը մրցույթում ներկայացնելու պատվին: