Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» թեմայով ձմեռային դպրոցը, որի շրջանակում 30 հայ երիտասարդներ կկարողանան շփվել ամերիկացի փորձառու մասնագետների հետ: 4 օր անընդմեջ դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու եւ ամերիկացի փորձագետների հետ քննարկելու ԱՄՆ հասարակությանը, մշակույթին, արժեքներին եւ այլ թեմաների վերաբերող նյութեր: ԱՄՆ-ից ժամանած Ուիլյամ Վոքին առաջին անգամ է Հայաստանում եւ լրագրողների հետ զրույցի ժամանակ կիսեց իր տպավորությունները մեր երկրի վերաբերյալ, սակայն խուսափեց Հայաստանի ժողովրդավարությանն առնչվող մեկնաբանություններից՝ շեշտելով, որ խոսում է ոչ թե ամերիկյան կառավարության, այլ՝ իր անունից: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կարծիքով՝ «Հայերին օգտակար կլինի իմանալ ամերիկյան ժողովրդավարության փոփոխությունների մասին: Հայաստանի ժողովրդավարությունը զարգացող, փոփոխվող ժողովրդավարություն է, որտեղ արտացոլված է հայի բնավորությունը»:
Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը գտնում է, որ Ամերիկան ժողովրդավար երկիր է, որից հայերը վերցնելու շատ բան ունեն. «Քաղաքական պատասխանատվություն, որը մեզ մոտ բացակայում է, քաղաքական համակարգի արդյունավետություն եւ գործած սխալների արագ ձեւով շտկում»:
«Կյանքում ամեն ինչ փոփոխական է, եւ որպեսզի երիտասարդներս մեր դերն ունենանք երկրի զարգացման գործում, ոչ թե պետք է նոր հեծանիվ հորինենք, այլ ուրիշ երկրների փորձը ուսումնասիրենք, վերցնենք նրանց հաջող օրինակները: Մենք բոլոր երկրներից ինչ-որ բան ունենք սովորելու… Ցավոք, կարծում ենք՝ ամեն ինչ գիտենք, ընդունում եմ, որ հին ազգ ենք, հարուստ մշակույթ ունենք, բայց այդ ամենն այսօր բավարար չէ 21-րդ դարում առաջ գնալու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ձմեռային դպրոցի մասնակից, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Սլավոնական համալսարանի ուսանող Արման Սահակյանի կարծիքով էլ՝ մեր երկրում «առաջին հերթին պետք է հարգենք ու չոտնահարենք մարդու իրավունքները»: