Առաջիկա երկուշաբթի օրը, փետրվարի 1-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն բանակցությունները ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի շուրջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Կրոուլին: ՌԴ արտգործնախարարությունում էլ շեշտել են, թե փաստաթղթի շուրջ վերջնական համաձայնություն կարող է լինել արդեն երկու շաբաթ հետո: Երկու պետությունների միջեւ ժամանակին կնքված հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը սպառվել էր դեռ 2009թ. դեկտեմբերի 5-ին, բայց այն ժամանակ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն այդպես էլ ընդհանուր հայտարարի չէին եկել պայմանագրի շրջանակներում սպառազինությունների վերահսկման եւ փոխադարձ ստուգման մեխանիզմների հարցում, ու նոր պայմանագիր այդպես էլ չէր կնքվել: Այդուհանդերձ, երկու պետությունների պատվիրակությունների փորձագետները շարունակել էին աշխատել պայմանագրին փոխադարձաբար ընդունելի տեսք տալու համար:
Հիմա արդեն, ինչպես «Ինտերֆաքսի» վաշինգտոնյան աղբյուրն է հաղորդում, չլուծված են մնացել միայն պայմանագրին վերաբերող տեխնիկական հարցերը, որոնց թվում է պայմանագրի ռուսերեն եւ անգլերեն տարբերակների իրավական համապատասխանության, նաեւ ստուգումների մեխանիզմներին առնչվող մի քանի խնդիրներ: Նույն աղբյուրի մատուցմամբ, կողմերը ցանկություն են հայտնել ռուս-ամերիկյան նոր պայմանագիրը կնքել մինչեւ այս տարվա ապրիլին Վաշինգտոնում կայանալիք միջուկային խնդիրներին վերաբերող միջազգային խորհրդաժողովի մեկնարկը: Իսկ մինչ այդ, երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նաեւ հիշյալ հարցը քննարկելու համար հանդիպել են Լոնդոնում, ուր ժամանել են Աֆղանստանի հարցով միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար: