Աշխարհի ամենաքիչը 66 պետություններում գործել կամ գործում են ահաբեկիչների հետ պայքարի շրջանակներում ստեղծված գաղտնի բանտեր: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի անկախ փորձագետների՝ երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում: Այն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացվի արդեն մարտ ամսին: ՄԱԿ-ի ցանկում հայտնված 11 պետություններում գաղտնի բանտերն օգտագործվել են դեռ մինչեւ 2001թ. սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ մյուս պետությունները, այդ թվում՝ երրորդ երկրները, մեղադրվում են վերջին 9 տարվա ընթացքում գաղտնի բանտերը՝ «ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի» շրջանակներում ձեւավորվելու մեջ:
Զեկույցը պատրաստվել է անկախ փորձագետների ավելի քան մեկ տարվա աշխատանքի արդյունքում: Հետազոտությունների ընթացքում 44 պետություններից ստացվել են համապատասխան հարցադրումների պատասխաններ, հարցազրույցներ են անցկացվել 30 անձանց, այդ թվում՝ գաղտնի վայրերում ազատազրկված անձանց ընտանիքի անդամների եւ նրանց փաստաբանների, նաեւ նման բանտերի նախկին կալանավորների հետ:
Փաստաթղթում նշվում է, որ մարդկանց գաղտնի ձերբակալումն ու կալանավորումը «անընդունելի է որեւէ պարագայում», քանի որ այն «հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»: ՄԱԿ-ի փորձագետները նաեւ շեշտել են, թե գաղտնի բանտերի կալանավորները փաստացի դուրս են գտնվել իրավական շրջանակներից եւ զրկված են եղել միջազգային իրավունքով ամրագրված երաշխիքներից: Այսուհանդերձ, ըստ զեկույցի, մարդկանց գաղտնի կալանավորումն ու ազատազրկումը նախկինի պես կիրառվում են հանուն համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ն խոստովանեց, որ նախագահ Ջորջ Բուշի օրոք ԿՀՎ-ն արտերկրում գաղտնի բանտերի մի ողջ ցանց էր ստեղծել: Գործող նախագահ Բարաք Օբաման իր երդմնակալությունից հետո հրամայել էր փակել այդ բանտերը: