Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների բյուջեի «առյուծի բաժինը» պետական լրավճարն է: Վերին Ծաղկավանի համայնքապետ Արթուր Ղազարյանի վկայությամբ, 1100 բնակիչ ունեցող համայնքի այս տարվա բյուջեն շուրջ 13 միլիոն դրամ է, որից պետական լրավճարը կազմում է 10 միլիոն: Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ 2030 բնակիչ ունեցող համայնքի 26 միլիոն 33 հազար դրամ բյուջեից պետական լրավճարը 17 միլիոն 310 հազար է: Բերդ քաղաքին հարակից՝ 1840 բնակիչ ունեցող Տավուշ գյուղի (նախկին Թովուզ) 27 միլիոն դրամ բյուջեից 17 միլիոնը՝ պետբյուջեից դոտացիա է: Երեւանից զգալի հեռավորությունը, տարանցիկ ճանապարհներից կտրվածությունը, վերամշակող ձեռնարկությունների գրեթե բացակայությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակիչներին հնարավորություն չեն տալիս իրացնելու գյուղատնտեսական մթերքը, ինչի պատճառով համայնքների սեփական եկամուտներն այդքան նվազ են: