Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի սամարացին»՝ Գյումրու «Երեխաների տանը»

Հունվար 28,2010 00:00

\"\"Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, տոնական օրերին Մայր աթոռի միաբանների ու Տիկնիկային թատրոնի արտիստների շուրթերից շնորհավորանքներ հնչեցին Գյումրիի «Երեխաների տանը»: Գարեգին 2-րդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Տիկնիկային արվեստի գործիչների միության եւ «World Vision» բարեգործական հիմնադրամի գործակցությամբ «Ամանորի ժպիտներ մանկատներում» ծրագիրն իրականացրեց Հայաստանի ութ մանկատներում:
Գյումրիում Մայր աթոռի միաբաններին ու Տիկնիկային թատրոնի արտիստներին միացել էին Շիրակի թեմի հոգեւորականները՝ թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ: Վերջինս իր գոհունակությունը հայտնեց մարդասիրական այս քայլի համար. «Բոլոր մարզերն այցելելուց հետո հերթը նաեւ մեզ հասավ: Յուրաքանչյուր փոքրիկի նկատմամբ ուշադրությունը միշտ էլ կարեւոր է, նրանք մենակ չեն՝ նրանց մասին մտածող ու մտահոգվող, ձեռք բռնող ու գուրգուրող կա, չէ՞ որ այս երկրի վրա ոչ մի երեխա ավելորդ չէ, Աստված բարի աչքերով է նայում բոլոր փոքրիկներին»:
ՔԴԿ տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը մշտապես շփվում է բնակչության հետ, լավ ծանոթ է մարզերում ապրողների հոգեբանությանը, գիտի՝ որտեղ ինչպես են ընդունում հեգեւորականներին: «Տեղեր կան՝ իրենց շրջապատում հոգեւորական տեսնել սովոր են, տեղեր կան՝ դեռ դժվարանում են: Շիրակում փոքրիկներն անգամ գիտեին սրբազան հորը բարեւելու կարգը, ինչը առաջնորդի աշխատանքի արդյունքն է: Աստված բոլոր մանուկներին ու զավակներին սիրում է հավասարապես՝ անկախ նրանց սոցիալական եւ ընտանեկան կարգավիճակից»,- ասաց հայր Վարդանը:
Մանկատան սաներն ու հոգեւորականները միասին դիտեցին «Բարի սամարացու» մասին աստվածաշնչյան առակի տիկնիկային բեմադրությունը: Երեխաների ուրախությունն ակնհայտ էր, նրանք հավատացին, որ այս տարի բարի սամարացին իրենց նույնպես այցի կգա: Իսկ Մայր աթոռի միաբանների ու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչները հաստատ այցելելու են մանկատուն, մասնավորաբար՝ տաղավար 5 տոներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել