Օտար երկրներում ապրելուց հետո հայրենի քաղաք վերադարձած Կարինե Աթայանը ցավով արձանագրում է, որ Հայաստանը փոխվել է ու օտարանալն էլ ավելի դյուրին է, քան հայ մնալը:
«Ամենուր անտարբերություն է… Փողը մարդկանց եսասեր է դարձրել, ամեն տեղ միայն «ես»…«ես»…«ես»…«ես»… Կարծես թե մարդկանց հոգիները հանել են, ուղեղներն են միայն գործում: Ծուլություն, անինքնասիրություն, շահամոլություն, անպատասխանատվություն…»,- տան պատերից այն կողմ գոյություն ունեցող շրջակա աշխարհն այլ կերպ բնութագրել չկարողացավ Կապանի բնակչուհին: Կապանի Բարաբաթում թաղամասում է ապրում Կարինե Աթայանը: Դրսի աշխարի հետ ակտիվ շփման բացակայությունը նրա հաշմանդամությամբ է պայմանավորված, բայց դա չի խանգարել, որ նա չնկատի, չզգա, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ: «Ծվպ ՏփպվՖ ՏոՌՊվՏ»,- այսպես շարունակեց իր զրույցը Կարինեն: Դեռեւս 1990-ականների կեսերն էին, երբ նա Կապանից տեղափոխվեց Մոսկվա եւ միայն 15 տարի անց՝ 2009-ի օգոստոսին վերադարձավ հայրենի քաղաք: Այս մի քանի ամիսներն էլ բավական էին, որ նկատի, թե որքան է փոխվել իր հայրենիքը. «Մոսկվայում շատ լավ էր, բայց նույնիսկ այդ 15 տարիները չօգնեցին, որ հարմարվեմ, ես իմ Կապանն էի ուզում, մեր այգին, մեր ծառերն ու մեր ծտերի ծլվլոցը, մեր լեզուն: Միայն այնտեղ ապրելով ես հասկացա, թե ինչու էին օտար երկրներում ապրողներն այնքան ասում՝ հայրենի՜ք-հայրենի՜ք: Մինչ այդ ես ընդամենը կրկնում էի այդ բառերը»: Հայրենիքի կարոտից Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեց Կարինեն, բայց, ինչպես ինքն է ասում, «պոկվեցի օտար հողից, եկա հայրենի հողս, բայց այստեղ էլ չհարմարվեցի, մնացի օդում…»: Օտարների վերաբերմունքից հիասթափված եւ կրկին ջերմ մարդկային վերաբերմունք վայելելու համար տասնյակ տարիներ անց եկավ իր հայրական օջախը: Կապանում հաստատված զրուցակիցս բարոյական աջակցության կարիք էր զգում, տեղեկացել էր, որ Կապանում կա հաշմանդամների հարցերով հետաքրքրվող՝ Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «Ողջի» հ/կ: Ինչպես Կարինեն է ասում, առաջին հայացքից չզգաց այդ կառույցի հոգածությունը, թեեւ ամենաառաջինը իրենք պետք է սրտամոտ լինեն: Հաշմանդամներն ուշադրության, հոգածության մեծ կարիք ունեն, բոլորը ջերմության կարիք ունեն, սակայն հասարակության կողմից ջերմությունը չեն զգում: Կարինեն սա ասում է բոլոր հաշմանդամների անունից:
Օրվա մեծ մասը գրքերի աշխարհում է անցկացնում ու միաժամանակ դրսի աշխարհի հետ շփվելու նոր գաղափարներ եւ ուղիներ փնտրում: Մասնագիտությամբ հոգեբան է, կարծում է, որ իր գիտելիքներով, իր խորհուրդներով կկարողանա օգտակար լինել համաքաղաքացիներին: Թեկուզ հեռախոսով լինեն զրույցները, մեկ է՝ հոգեպես ճնշված մարդիկ հնարավորություն կունենան լինել ավելի անկեղծ ու անկաշկանդ: Հոգեբանը լավ գիտի, որ շատերն իրենց խնդիրների մասին խոսելիս անծանոթների հետ ավելի ազատ են զգում: Կարինեն իր այս նախաձեռնությամբ փորձում է նաեւ փոխել մարդկանց հոգիները, հանել նրանց միջից չարությունն ու ագահությունը, որոնք կենցաղային վատ պայմանների հետեւանքով նստվածք են տվել նրանց ուղեղներում, որոնց թելադրանքով էլ շարժվում են հոգիները: «Ես միշտ մարդկանց հոգիներն եմ փորփրում… Այն, ինչ կա այսօր՝ շատ տխուր է, մարդիկ ապրում են այնպես, ինչպես կարողանում են, մեկը մյուսին անտեսելով, մեկը մյուսին վատաբանելով ու դավաճանելով առաջ են գնում՝ հանուն իրենց նպատակի, բայց մինչեւ եր՞բ, մինչեւ ո՞ւր… Գիտեմ գուցե կոպիտ օրինակ բերած կլինեմ, բայց ես հաճախ մարդկանց համեմատում եմ կենդանիների հետ: Պատկերացրեք կենդանաբանական այգու գազանների վանդակները բացվել են, եւ նրանք իրար հոշոտում են: Նույնն էլ մարդիկ են, ինչ ուզում՝ անում են, դիմացինին գետնին տապալելով ու առանց խղճի խայթի՝ առաջ են գնում: Իսկ մեր պաշտոնյաները Քաջնազարներ են դարձել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրում իր արածների համար, ղեկավարել չգիտեն, թասիբ գոյություն չունի, սպասում են բարձրանան աթոռներին, որ բոլորին վերեւից նայեն: Պետք է ուշքի գալ: Ճգնավորներին հիմա եմ հասկանում, երբ չեն կարողանում տեսնել իրականությունը, չեն կարողանում ոչինչ փոխել՝ նախընտրում են հեռանալ եւ չտեսնել իրական կյանքում տիրող ստվերն ու մութը, մարդկանց հոգիները կրծող չարությունն ու եսասիրությունը»,- ասում է Կարինեն:
Հայրենի Կապանի մասին վառ հիշողություններ են մնացել եւ միայն. «Կապանը տասնամյակներ առաջ ծաղկող քաղաք էր, ուսանողները շատ էին, եւ Կապանի ուսանողությունը մեծ հաճույքով էր գալիս արձակուրդներին, զբաղվելու շատ բան կար, ժամանակը հետաքրքիր անցկացնելու բոլոր միջոցները կային: Կյանք կար, շունչ կար… Իսկ հիմա…»: Խոսքը մի պահ կիսատ թողեց Կարինեն, խոր շունչ քաշեց ու շարունակեց. «Իսկ հիմա ի՞նչ վիճակում է Կապանը: Գետը մաքրելով, աղբը հավաքելով՝ Կապանի մասի՞ն ենք մտածում: Բոլոր ժամանակներից պետք է լավ կողմերը վերցնենք: Օտարներից ենք շատ բան ընդօրինակում, պետք չէ ընդօրինակել, ուղղակի պետք է լավը վերցնել եւ մերը դարձնել, մեզ՝ հայերիս հարիր եւ ամենակարեւորը՝ պահպանենք մերը: Նույնիսկ Մոսկվայի հայությունն է հայապահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկում: Այնտեղ կիրակնօրյա դպրոց են բացել, որի դռները բաց են անխտիր բոլոր հայերի համար, տարիքային սահմանափակումներ չկան: Փորձում են առաջնահերթ այնտեղի հայ երիտասարդությանը հայի ոգի ներարկել: Իսկ այստեղի երիտասարդության մեծ մասն անցել է իր համար գծված բոլոր սահմանները: Չնայած նրանք, ի տարբերություն դրսի երիտասարդության, հայ մնալու բոլոր անհրաժեշտ պայմաններն ունեն, բայց չեն էլ մտածում ու օգտվում: Ուշքն ու միտքը իրենց խնամելն ու զարդարելն է: Գիտեն, թե թանկարժեք հագուստներ հագնելով, ժամանակակից սանրվածքներ անելով՝ իրենք լավն են դառնում, անտեսելով կյանքում կարեւորագույն մի շարք չափանիշներ: Ու մեծ հաճույքով ընկալում են օտարների մշակույթը: Ցավալի փաստ է, որ այսօր օտարանալն ավելի դյուրին է, քան հայ մնալը»:
Կարինեն գիտակցում է, որ շատ բարդ կլինի իր համար ինչ-որ բան փոխել ներկայիս իրականությունում, բայց եւ նահանջել չի պատրաստվում, գտնելով, որ յուրաքանչյուր ոք կարող է, ընդունակ է դա անել: Նրա՝ հոգեբան աշխատելու նախաձեռնության մասին տեղյակ պահեցինք նաեւ Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «Ողջի» հ/կ նախագահ Կամո Դավթյանին: Պարոն Դավթյանը խոստացավ աջակցել Կարինեին՝ իրականացնելու իր մտահղացումը:
Սա Կարինեի միակ նախաձեռնությունը չէ: Մեկ այլ կարեւոր ձեռնարկի մասին է մտածում, որը նաեւ իր հոր երազանքն է եղել ժամանակին. հարկ է վերականգնել Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Եկեղեցու զանգերն արդեն երկար տարիներ չեն հնչում, նույնիսկ շատ-շատերը մոռացել են, թե վերջին անգամ երբ են լսել զանգերի ղողանջը, ցավոք՝ վաղուց է Սուրբ Հռիփսիմեն դադարել ծառայել որպես եկեղեցի:
«Որոշել եմ հաշվեհամար բացել իմ անունով, մարդիկ կորցրել են հավատը միմյանց նկատմամբ, ուստի որոշել եմ հենց իմ անվամբ բացել, մտածում եմ՝ մարդիկ ինձ կհավատան ու կվստահեն: Կարծում եմ, կգտնվեն բարերարներ, գործարարներ, կազմակերպություններ, անհատներ, ովքեր հավանություն կտան իմ նախաձեռնությանը եւ կարձագանքեն: Կօգնեն նաեւ Մոսկվայում ապրող իմ եղբայրները, իմ հարազատները, ծանոթները»,- ասում է Կարինեն:
Կարինեի հույսն ու հավատը շատ մեծ են, նա համոզված է, որ մեր օրերում լավ մարդիկ շատ կան, որոնց վարագուրել են փողն ու շահի հասնելու ձգտումը: Նրանց բոլորին արթնացնել է պետք, ուշքի բերել: Սառույցը պետք է հալչի ու ինչքան հնարավոր է՝ շուտ: