Երեւանում մանկապարտեզները մինչեւ փետրվարի 1-ը փակ են, իսկ Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների մի մասը հունվարի 11-ից գործում է: Նոյեմբերյան քաղաքի երկու մանկապարտեզներն Ամանորի տոներից հետո վերսկսել են աշխատանքը: Ճիշտ է՝ քաղաքի թիվ 2 մանկապարտեզում 106 սանից հունվարի 26-ին մանկապարտեզ էր հաճախել 83 երեխա, սակայն, դաստիարակների խոսքերով, դա կապ չունի գրիպի հետ, պարզապես ծնողները չեն ցանկացել հունվար ամսում երեխայի 20 օր հաճախելու համար մեկ ամսվա վարձ տալ:
Նոյեմբերյան քաղաքի «Լուսածիր» հ/կ նախագահ Աիդա Զուրաբյանը հայտնեց, որ այս կազմակերպության մանկական կենտրոնը փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանից տեղեկացանք, որ քաղաքի 2 մանկապատեզներն էլ հունվարի 11-ից գործում են: Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետ Համո Գեւորգյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզը գազիֆիկացված է եւ Ամանորի տոներից հետո վերսկսել է աշխատանքը: Իջեւանի Գանձաքար համայնքի ղեկավար Շահեն Շահինյանի խոսքերով՝ հունվարի 11-ից գյուղի մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը: Այս մանկապարտեզը ջեռուցվում է վառելափայտով: Սարիգյուղի մանկապարտեզն էլ, ուր 35 երեխա է հաճախում, փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը:
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի խոսքերով, երբ հեռուստատեսությամբ հաղորդել են Երեւանում մանկապարտեզները մինչեւ փետրվարի 1-ը փակ լինելու մասին, Տավուշի մարզի շատ համայնքներ հետեւել են այդ օրինակին: Դա արվել է թե ֆինանսական, թե առողջապահական նկատառումներով: Օրինակ, Դիլիջան քաղաքի 6 մանկապարտեզից ներկայումս գործում է միայն մեկը, որպեսզի աշխատող ծնողները կարողանան իրենց երեխայի խնամքի հարցը լուծել: Մարզպետարանի կրթության վարչության պետը չկարողացավ ասել, թե մարզի 46 մանկապարտեզներից ներկայումս քանիսն է գործում: