Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Հունվար 28,2010 00:00

«Առավոտ» օրաթերթի 2010 թվականի հունվարի 26-ի «Պոլիկլինիկայում բուժսպասարկումը անվճար չէ՞» հրապարակումը Էջմիածնի պոլիկլինիկայի կոլեկտիվում մեծ հիասթափությամբ ընդունվեց եւ, բժիշկների խոսքով, «մեզ թեւաթափ արեց»: Հոդվածի առաջին տողերը՝ «Անվճար բուժսպասարկում ասվածը Էջմիածնի պոլիկլինիկայում սոսկ տեսական է», հերյուրանք է, քանի որ պոլիկլինիկայում բուժօգնության ողջ ծավալը անվճար է տարածաշրջանի ամբողջ բնակչության համար (օֆիցիալ եւ ոչ օֆիցիալ վճարումներ գոյություն չունեն):
Հոդվածի երկրորդ պարբերությունում տեղ գտած Էջմիածնի բնակչուհի, հղիության հինգերորդ ամսում գտնվող Լուսինե Ա.-ն իբր դիմել է պոլիկլինիկա, ճիշտ չէ, քանի որ հղիները հաշվառված են ոչ թե Էջմիածնի պոլիկլինիկայում, այլ՝ առաձին իրավաբանական կարգավիճակ ունեցող «Էջմիածնի կանանց կոնսուլտացիա» ՓՊԲԸ-ում: Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ Լուսինե Ա.-ն վերջին երկու տարվա ընթացքում պոլիկլինիկա չի դիմել: Հոդվածում տեղ գտած 1000-ական դրամների մասին պնդումը չի վերաբերում պոլիկլինիկային:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «թեժ գծին» դիմելուն, ապա յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել եւ առողջապահության նախարարություն, եւ Արմավիրի մարզպետարան, եւ կառավարություն՝ իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալու»:
Հարգանքով՝ պոլիկլինիկայի գործադիր տնօրեն ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ստացվում է, որ մեզ դիմած քաղաքացի Լուսինե Ա.-ն ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքի է արժանացել ոչ թե Էջմիածնի պոլիկլինիկայում, այլ՝ «Էջմիածնի կանանց կոնսուլտացիա» ՓՊԲԸ-ում: Իսկ մենք հատուկ ընդգծել էինք, որ հրապարակման խնդիրը ոչ թե բուժաշխատողին փնովելն է, այլ՝ եւս մեկ անգամ արձանագրելը, որ բուժաշխատողներն այնքան լավ չեն վարձատրվում, որ «փող աշխատելու» ուղիներ չփնտրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել