Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամ՝ Պոլսո պատրիարքարանում

Հունվար 28,2010 00:00

Հայկական լրատվական գործակալություններն ու կայքերը՝ հղում անելով թուրքական Hurriyet-ին, տեղեկացնում են, որ Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններում առաջ են եկել որոշ խոչընդոտներ: Ճգնաժամի պատճառը աթոռակից պատրիարք ընտրելու նպատակով ձեւավորված Նախաձեռնող խորհրդի ինքնագլուխ քայլերն են:
Պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը դիմել է Ստամբուլի նահանգապետարան՝ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար, որոշ ժամանակ անց Նախաձեռնող խորհուրդն է այդ հարցով դիմել թուրքական իշխանություններին, սակայն ոչ թե աթոռակից պատրիարք, այլ պատրիարք ընտրելու թույլտվության համար:
Սա լուրջ քննարկման առարկա է դարձել Պոլսո հայոց համայնքում, քանի որ Նախաձեռնող խորհուրդն օժտված չէ նման լիազորություններով: Բացի այդ, համայնքը կարող է նոր պատրիարք ընտրել նախկին պատրիարքի մահվան կամ հրաժարականի դեպքում: Իսկ ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրությունն անցկացվում է պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի պատճառով:
Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններին առաջադրվել է երեք թեկնածու՝ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ու Գերմանիայի հայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել