Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատումները կեղծվա՞ծ են

Հունվար 28,2010 00:00

\"\"Տարին բարի չէր Էջմիածնի ծննդատան որոշ աշխատողների համար

Էջմիածնի ծննդատան աշխատակիցներն անցած տարվանից լարվածության մեջ էին: Կրճատումների մասին խոսակցություններն օրեցօր ավելի հավանական էին դառնում: Իսկ երբ նախորդ տարեվերջին փակվեց մանկաբարձական երկրորդ բաժանմունքը, գործից դուրս մնալու վախը համակեց բոլորին: Ճիշտ է, ծննդատան ղեկավարությունը կրճատումների մասին նախապես գրավոր ծանուցել էր իր աշխատակիցներին, բայց աշխատանքը կորցնելու վախը համակել էր մասնավորապես «անթիկունք» բուժաշխատողներին:
Տոներից հետո, մեկ-երկու անգամ հրավիրած ժողովների ընթացքում ծննդատան տնօրեն Աշոտ Սամսոնյանը աշխատակիցներին փորձել էր հավաստիացնել, թե իր համար էլ շատ ծանր է մարդկանց անաշխատանք թողնելը, բայց այլընտրանք չունի, որովհետեւ ծննդատունը պարտքերի տակ է հայտնվել: «Թող մեկ հաստիքի տակ չորս աշխատող չպահեր՝ պարտքերի տակ չէր հայտնվի: Ասում է, թե անիմաստ տեղը յուրաքանչյուրիս համար սոցհարկ է վճարում: Բա որ հաստիքը կիսելով՝ դիմողին աշխատանքի էր ընդունում, էդ հարկերի մասին չէ՞ր մտածում»,- ասաց աշխատանքից դուրս մնացած մի բուժքույր, որի ստացած աշխատավարձը ցածր է եղել նվազագույն աշխատավարձի չափից:
Բայց որոշումն ի կատար է ածվել, եւ այսօր Էջմիածնի ծննդատանը կրճատումներից հետո աշխատանքից դուրս է մնացել շուրջ 40 հոգի. հիմնականում՝ մանկաբարձուհիներ, բուժքույրեր ու սանիտարներ: Որպեսզի կրճատվողների ընտրությունը օբյեկտիվ ու արդարամիտ լինի, հետագայում էլ անհարկի խոսակցությունների առիթ չդառնա, ծննդատան տնօրինությունն ընտրել է փակ քվեարկությամբ աշխատանքից դուրս մնացողներին ընտրելու ճանապարհը: Ընտրությունը տեղի է ունեցել տնօրենի առանձնասենյակում, մասնակցել է 9 բժիշկ: Առավելագույն՝ ինը քվե է ստացել մեկ հոգի, մնացածները՝ 5-8 քվե: Զգալի թիվ են կազմել զրո ձայն հավաքածները: Հենց նրանք էլ հայտնվել են ծննդատան դռներից դուրս:
Ինչպես հայ իրականության յուրաքանչյուր ընտրություն, սա էլ անմիջապես դասվել է անարդարների շարքին: Կրճատված բուժքույրերից մեկը վստահ էր, որ ընտրությունը ձեւական բնույթ էր կրում, որովհետեւ «գլխավորն ու բժիշկները վաղուց արդեն համաձայնության եկել էին, թե ումից են ազատվելու»:
Յոթ ձայն հավաքած եւ իր տեղում վերահաստատված մի բուժքույր էլ ասաց, որ ամեն ինչ արդար էր, ու աշխատանքից դուրս են մնացել հիմնականում իրենց գործին չտիրապետողները:
Ծննդատան ընտրության մասին տրամագծորեն հակառակ տեսակետ ունեցողներից բացի, եղան նաեւ այնպիսիք, որոնց կարծիքով՝ կրճատվածների մեջ կան նաեւ իրենց գործը լավ իմացող, բայց տնօրենի կամ բժիշկների «աչքի փուշ», նրանց հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունեցողները: «Սա հարմար առիթ էր նրանցից ազատվելու համար»,- նկատեցին մեր զրուցակիցները:
Աշխատանքը կորցրած էջմիածինցի բուժաշխատողները ձեռքները ծալած չեն նստելու: Նրանք պատրաստվում են դիմել առողջապահության նախարարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել