«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ՝ Շահումյանում», 16.01.2010՝ «Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել» եւ այլն): Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը բանավանի մոտ գտնվող հանքը շահագործում է նորմերի խախտումներով, արդյունքում՝ վնասվում է բանավանի բնակիչների տունուտեղն ու գույքը:
Այժմ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում լսվում է Շահումյան բանավանի բնակիչների՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հայցը: Դատաքննությունը մի քանի անգամ հետաձգվել է ընկերության պատճառով. մեկ՝ ընկերության ներկայացուցիչը ոչ բոլոր փաստաթղթերն էր ներկայացրել դատարան, մեկ՝ փոխվել էր փաստաբանը եւ այլն: Երեկ վերջապես նիստը կայացավ եւ, ինչպես «Առավոտին» փոխանցեց շահումյանցիների ներկայացուցիչ՝ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության ներկայացուցիչները, պատրաստակամություն հայտնելով բնակիչներին փոխհատուցում տալ եւ օգնել վերաբնակեցման հարցում, հաշտություն են առաջարկել: 28 հայցվորներն էլ մինչեւ փետրվարի 2-ը ժամանակ են խնդրել պատասխանելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարել էր, որ Շահումյանի հանքը պիտի լիարժեք շահագործվի՝ իրավական լուծումները գտնված են: