Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱԺՄ ԿԱՊ ՉԿԱ

Հունվար 28,2010 00:00

Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովն աշխատում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ, սակայն, դժբախտաբար, ներկա պահին այդ հարցում ոչ մի տեղաշարժ չկա: Երեկ այդ մասին «Արմինֆոյին» հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Գերիների վերաբերյալ հայկական կողմի ունեցած տեղեկությունները մեկուկես ամսվա վաղեմության են: «Այժմ նրանց հետ կապ չկա»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
2009 թվականին Ադրբեջանում գերի են ընկել 6 զինծառայող՝ Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թեւոսյանը, Վարդեւան Սարգսյանը (գերվել են փետրվարի 27-ին), նորակոչիկներ Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանը (գերվել են մայիսի 31-ին), ինչպես նաեւ Կարեն Հարությունյանը (գերվել է հուլիսի 14-ին):
Կա նաեւ մեկ անհետ կորած: Նրա՝ Ադրբեջանում գտնվելու մասին տեղեկություններն առայժմ չեն հաստատվել, սակայն հայկական կողմն ունի բոլոր հիմքերը ենթադրելու համար, որ նա գտնվում է գերության մեջ՝ Ադրբեջանում: Այդ միջադեպը տեղի է ունեցել մայիսին: Նա քաղաքացիական անձ է, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը: Բացի այդ, հունվարի 10-ին ՀՀ քաղաքացի Եղիշե Գեւորգյանը (8 անգամ դատված) կնոջ եւ 3 երեխաների հետ անցել է Նախիջեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել