«Առավոտի» հունվարի 23-ի համարում տպագրվել էր «Հեպատիտ C -ով պահո՞ւմ են» հրապարակումը, որում մասնավորապես տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արսեն Ասլանյանը տառապում է «հեպատիտ C» վիրուսային հիվանդությամբ: Վերջինիս պաշտպան Աղասի Աթաբեկյանն էլ նշել էր, որ «այդ հիվանդությամբ տառապող որեւէ կալանավորի չեն պահում քրեակատարողական հիմնարկում: Ասլանյանի պարագայում դրսեւորվել է խտրական մոտեցում՝ այն դեպքում, երբ նման ախտորոշմամբ հիվանդներն անգամ մեկ օր չեն պահվել քրեակատարողական հիմնարկում»:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղարը երեկ պարզաբանեց. «Ծանր հիվանդությունների ցանկը, որոնք համարվում են պատիժը կրելուն խոչընդոտող, սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ: Նշված ցանկում ընդգրկված չէ կալանավորի մոտ ախտորոշված հիվանդությունը: Ուստի, փաստաբանի եզրահանգումը իրավաչափ չէ: Այսպիսով, հիմնազուրկ է տվյալ դեպքում որեւէ խտրական մոտեցման մասին խոսելը: Հավելենք նաեւ, որ կալանավորը ս.թ. հունվարի 15-ին ենթարկվել է բժշկական համապատասխան հետազոտության, ինչի արդյունքում հերքվել է հիվանդության սրացումը»:
«Առավոտի» տեղեկություններով, կալանավորը դեռ գտնվում է ոչ թե «Նուբարաշենի» բուժմասում, այլ 17 հոգանոց խցում, ուր մահճակալներ չլինելու պատճառով շատերը քնում են հատակին: Փաստաբանը խտրական մոտեցում ասելով նկատի էր ունեցել այս հանգամանքը նույնպես, ինչը ՔԿՀ-ն համառորեն չի ընդունում: Մինչդեռ, կրկին պնդում ենք, որ կալանավորի բուժումը պետք է կազմակերպվի առնվազն բուժմասում կամ որեւէ բուժհաստատությունում, ինչը ընդունել էր ՔԿՀ-ն՝ փաստաբանին ուղարկած իր պաշտոնական գրությամբ (11.01.2010, 4/8-Ք-Ա-172):