Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովն այլեւս սպառել է իրեն

Հունվար 28,2010 00:00

Դատապարտյալը գրում է

Հարգելի խմբագրություն, երկար ժամանակ է, ինչ ուզում եմ գրել այն բարձիթողի երեւույթների մասին, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, այլեւ Հայաստանի բոլոր կալանավայրերում, կապված վաղակետ պայմանական ազատությունների հետ: 50-ից ավելի դատապարտյալներ մասնակցում են ադմինիստրացիայի նիստին՝ վաղակետ պայմանական ազատման համար, սակայն դատարան է հասնում 3-4 դատապարտյալի գործ: Անցյալ տարի դեկտեմբերին 1 դատապարտյալի գործ հասավ մինչեւ դատարան: Այս ամենը նախագահին կից անկախ հանձնաժողով կոչվող անտես հրեշն է, որն առանց պատճառաբանության, առանց եզրահանգումներ անելու մերժում է դատապարտյալի հասանելիք ազատությունը: Այսօր ուզում եմ խոսել իմ խցընկերոջ՝ դատապարտյալ Էդիկ Պետրոսյանի մասին, որի ազատման համար երաշխավորեց նրա բնակության վայրի՝ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը, հանձին Արա Քոթանջյանի, եւ երեխաների սոցիալական օգնության-օժանդակություն ցույց տվող կազմակերպությունը՝ հանձին պարոն Շահինյանի: Ելնելով Պետրոսյանների ընտանիքի չափազանց ծանր սոցիալական պայմաններից, նրանք հանդես եկան երաշխավորագրով, որպեսզի դատապարտյալին տրվեր իր հասանելիք վաղակետ պայմանական ազատությունը, սակայն՝ զուր ջանքեր, քանի որ արժանացան մերժման:
Էդիկ Պետրոսյանը 1992թ. կորցրել է հորը, 2005-ին՝ եղբորը, 2009թ. սեպտեմբերի 24-ին՝ 35 տարեկան կնոջը: Նրա խնամքին մնացել են երկու անչափահաս երեխաներ, 70 տարեկան մայր, որը տղայի ազատազրկման վայրում գտնվելու պատճառով հոգում է 12 եւ 7-ամյա թոռների հարցերը: Այս ընտանիքը դասվում է նրանց շարքին, որոնց անհատական օգնություն պետք է ցույց տային պետական այրերը եւ երեխաներին սոցիալական օգնության օժանդակություն ցույց տվող կազմակերպությունները: Վերջերս «ԱՐ» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրեցին սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցից մեկն էլ Պետրոսյանների ընտանիքն էր:
Հարգելի «Առավոտ», Էդիկ Պետրոսյանին, որի պատժաչափը 5,5 տարի է, հասնում էր վաղակետ պայմանական ազատազրկում մեկ երկրորդով, այսինքն՝ կեսով, սակայն արդեն լրացել է նրա երկու երրորդը, բայց նա դեռ կալանավայրում է: Սա այն դեպքում, որ ազատազրկման տարիներին նա չունի ոչ տույժ, ոչ նկատողություն, ընդհակառակը, հիմնարկի պետի կողմից արժանացել է խրախուսանքի՝  կալանավայրի հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Հետաքրքիր է, թե այսքանից հետո ինչպե՞ս  կարելի է մերժել նման վարքագիծ ունեցող դատապարտյալին, որը լիիրավ արժանի էր ազատման: Եթե առհասարակ չեն ուզում ազատել, թող Քրեական օրենսգրքից հանեն վաղակետ պայմանական ազատման հոդվածը: Այդ դեպքում «անկախ հանձնաժողովը», որը բացարձակապես ապրում է կալանավայրերի հաշվին՝ կլուծարվի: Ավաղ, նրանց ձեռնտու չէ այդ վարկածը: Չէ՞ որ յուրաքանչյուր դատապարտյալ փող արժե: Աշխարհի ոչ մի երկրում չի գործում նման հանձնաժողով, որն ուղղակիորեն բռնանա մարդու ազատությանը: Եթե նրանց մեջ կա  առողջ դատողությամբ գոնե մեկը, պետք է որ այս հոդվածի ընթերցումից հետո միջնորդի, որպեսզի Էդիկ Պետրոսյանի նկատմամբ կայացրած մերժման որոշումը ներկայացվի դատարան՝ վաղակետ պայմանական ազատման համար: Իսկ ընդհանրապես, «անկախ հանձնաժողովի» գործունեությունը արդեն իսկ Սահմանադրության կոպիտ խախտում է եւ ժամանակն է, որպեսզի դադարեցվի նրա հետագա աշխատանքը, որովհետեւ վերջինս այլեւս սպառել է իրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել