Ո՞ւմ դիմեն սեփականատերերը
Պռոշյան 19 հասցեի սեփականատերերը երեկ փորձ արեցին դիմել բողոքի առավել ծայրահեղ միջոցի՝ ինքնահրկիզման: Մինչ այդ նրանք «Առավոտին» տրամադրել էին իրենց սեփականության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը:
«Առավոտի» միջամտությունը՝ կանխել ողբերգությունը, այս էր. կրկին հրապարակայնացնել նրանց պահանջները, մինչ պատկան մարմինների գործուն միջամտությունը:
Էմմա Թելոյանը հուզված ներկայացրեց «վերջին» զարգացումները, որոնք առնչվում են նշված հասցեին: Դատական ակտերի հարկադիր կատարողները կնքել են Է. Թելոյանի կողմից 1994թ.-ից օրինական գրանցում ստացած Պռոշյան 19 հասցեի տունը: «Իմ ձեռքից վերցնում են իմ կողմից գնված տունը՝ ոչ թե օրինական մրցակցությունից ելնելով, այլ ընդամենը մի պատճառով, որ 1983-ից ԽՍՀՄ քաղաքացիությունից հրաժարված, ԱՄՆ քաղաքացի Գեւորգ Դնգիկյանի լիազորված անձի՝ իր սանիկի՝ նախկին ոստիկան Գագիկ Խուդավերդյանի կինը՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանն է: Երկար տարիներ դատական քաշքշուկների տեղատարափի մեջ հաղթեց անարդարությունը»,- ասում է Է. Թելոյանը: Ի դեպ, նշենք, որ ԽՍՀՄ նախկին քաղաքացիները քաղաքացիությունից հրաժարվելուց հետո պարտավորվում էին հրաժարվել ԽՍՀՄ տարածքում գոյություն ունեցող անշարժ գույքի նկատմամբ իրենց իրավունքներից, քանի որ ԱՄՆ քաղաքացին չէր կարող այլ պետությանը պատկանող հողի նկատմամբ որեւէ հավակնություն ունենալ:
Է. Թելոյանը մեզ է տրամադրում նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. ՀՀ-ում գտնվող գույքի նկատմամբ արտերկրում կայացված կտակը չի կարող քննության առարկա դառնալ մեր դատարանում: Խոսքը կեղծ կտակի մասին է, որը բնօրինակ չի ունեցել, կնքված չի եղել ԱՄՆ հյուպատոսական բաժնի կողմից: Իսկ, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ծառայության, նշված կտակը «հրապարակայնորեն գրանցված չի եղել», ինչը, ըստ ԱՄՆ Մասաչուսետս նահանգի օրենսդրության, համարվել է անվավեր: «Ստացվում է, որ արտերկրում «նկարած» կտակով կարող են վերցնել Երեւանի կենտրոնի տները: Իսկ ձեռքբերողներն էլ այն անձինք են, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ գույքի՝ սեփականության հետ»,- ասում է Է. Թելոյանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հանձնարարականով անցյալ տարվա փետրվարի 2-ին հարուցվեց քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով: Գործը հասավ անգամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, երեւան եկած հանգամանքների կապակցությամբ նոր վարույթ սկսվեց, ուսումնասիրություններ սկսվեցին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Վերահսկողականը բացահայտեց, որ դեռեւս 1954թ.-ին քաղսովետի բնակարանային վարչության կողմից տրված 708 գույքային թերթի համաձայն, տունը 1 հարկից է բաղկացած, մինչդեռ մենք գործ ունենք երկհարկանի տան հետ: Մինչ Է. Թելոյանի կողմից նշված տարածքը 1994թ.-ին ձեռք բերելը, այդ տունը 1968թ.-ից անցել է 6 տարբեր անձանց: Նրանցից յուրաքանչյուրը վաճառել է ու հեռացել: Է. Թելոյանը իր գնած տանն ու տարածքին տեր է կանգնել, մաքրել 960 քմ հողամասի աղբը, կառուցել ինքնակամ կառույց՝ 195,9 քմ մակերեսով, որը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից ՀՀ կառավարության 1998թ. 114 որոշմամբ հաշվառվում, գրանցվում եւ տնօրինվում է մինչ օրս Է. Թելոյանի բազմանդամ ընտանիքի կողմից: Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացի Է. Թելոյանը կեղծ կտակն ուղարկել է նաեւ այն «վավերացրած» ամերիկացի փաստաբան Բերնարդ Ռոմի որդուն՝ Դավիթ Ռոմին: Վերջինս հայտնել է, որ ստորագրություններն իր հանգուցյալ հորը չեն պատկանում:
Ի՞նչ անեն Թելոյանները: Հիմա ո՞ւմ դիմեն: Դիմե՞ն Բարաք Օբամային, որը հաստատի, թե իր երկրի պատվին հարիր չէ իրավական նման կեղծ փաստաթղթեր «ձեւելով»՝ ուրիշի սեփականությանը տիրանալ: