120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված Չարենցավանի «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը վերանորոգումից հետո օրերս մեծ շուքով վերաբացվեց: Այս մանկապարտեզն իր շահագործման 40 տարիների ընթացքում երբեւէ չի հիմնանորոգվել, լուծվել են միայն ընթացիկ խնդիրները: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մանկապարտեզներին: Այսօր այդ խնդիրն այլեւս չկա, քանի որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շուրջ 50 միլիոն դրամ օժանդակություն է տրամադրել, որպեսզի Չարենցավանի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվի եւ ունենա ջեռուցման համակարգ, իսկ գույքն ապահովել է Չարենցավանի քաղաքապետարանը: Այս քաղաքում 2 տարի առաջ կրկին «ՎիվաՍելի» աջակցությամբ բարեկարգվել է բակային 3 խաղահրապարակ: Նշենք, որ 9 մանկապարտեզից Չարենցավանում հիմա գործում է միայն 5-ը: Միայն «Հեքիաթ» մանկապարտեզը կարող է սպասարկել 5 հազար բնակիչ ունեցող մեկ թաղամաս, ինչպես նաեւ հարեւան թաղամասերը: Ըստ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, նման ծրագրերի նպատակը կոնկրետ է՝ երեխաների բարօրությունը. «Երբ մենք հենց սկզբից ազդարարեցինք, որ բիզնեսին զուգահեռ հոգալու ենք հասարակության մասին, եւ դա օրինակ է լինելու մյուսների համար, ոմանք թերահավատորեն ընդունեցին: Այսօր, սակայն, կարող են համամիտ լինել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն չէր սխալվել կանխատեսումների հարցում: Օրինակը վարակիչ էր, եւ նման նախաձեռնությունների թիվը մեծանում է գլորվող ձնագնդի նման: Մենք միայն ուրախ ենք եւ ողջունում ենք դա՝ հույս ունենալով ընդօրինակված տեսնել նաեւ հասարակության խոցելի բոլոր խմբերի նկատմամբ հոգ տանելու պատրաստակամությունը»: