Մի քանի օր է՝ Չեխովի 56 հասցեի առաջին հարկի բնակիչները դժոխային պայմաններում են հայտնվել. պատճառը սանհանգույցն ու խցանված խողովականերն են: Կոյուղաջրերը լցվել էին ոչ միայն բնակարանները, այլեւ առաջին հարկում տեղակայված խանութ, ստեղծվել էր հակահիգիենիկ վիճակ: Շենքի բնակիչները «Առավոտին» դժգոհեցին, որ քանիցս դիմել են համատիրությանը, սակայն այնտեղից ծաղրանքով խորհուրդ են տվել սեփական տուն գնել՝ նման պատահարներից հետագայում ապահովագրվելու համար: Նաեւ նեղացել են՝ «Ինչո՞ւ եք թերթերին խաբար տվել»: Մենք եւս հունվարի 26-ին զանգեցինք համատիրություն, որտեղից Անահիտ ներկայացած տիկինը հայտնեց, թե իրենց մասնագետները ինժեների գլխավորությամբ գնացել են վթարը վերացնելու: Սակայն երեկոյան պարզեցինք, որ որեւէ մեկը Չեխովի 56-ի «մատույցներում» չի երեւացել, բնակիչները փորձել են սեփական ուժերով խնդիրը լուծել: Երեկ կրկին համատիրությունից «Առավոտին» ասացին, որ ամեն ինչ արդեն կարգին է, իսկ ինժեները, որը ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ, «մուննաթ» եկավ, թե ամեն ինչում մեղավորը բնակիչներն են ու կախեց լսափողը:
Ի դեպ, այս շենքի աղբահանությունն էլ կարգին չի կատարվում, ներս մտնելուն պես մուտքից գարշահոտություն է փչում, երեխաներն էլ հաճախ կատակում են՝ կրկնելով «Մեր բակը» ֆիլմի հերոսուհու թեւավոր դարձած խոսքը. «Վա՜յ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա»: