Կառավարությունում բարեխոսելու ակնկալիքով, երեկ նրանք դիմել էին Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդին:
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի դադարում զարմացնել գյումրեցիներին. նա կարծես թե ձեռքներից վերցրել է Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գործառույթները. ճիշտ նրանց պես իր կաբինետում սկսել է ընդունելություն կազմակերպել տարբեր ոլորտների աշխատակիցների համար ու քննարկել նրանց հետաքրքրող հարցերը: Նախորդ օրը Մաքսավորների համաշխարհային օրվա առիթով՝ սրբազանը հյուրընկալել էր շիրակցի մաքսավորներին: Բնականաբար, հոգեւոր առաջնորդի նպատակը այդ ոլորտի աշխատակիցներին միայն շնորհավորելը չէր, այլ նրբորեն հասկացնելը, որ անհրաժեշտ է լավ աշխատել, պատմության սեւ էջերում չհայտնվել, ինչպես տարիներ առաջ՝ ԽՍՀՄ-ի օրոք հայտնվել էին իրենց նախորդները՝ Լենինականի մաքսատան աշխատակիցները:
Հոգեւոր առաջնորդի պատմելով, վերջիններս այնպես են քրքրել Հայաստան սուրբ գրքեր բերող Թուրքիո պատրիարքին, որ նա որոշել էր այլեւս ոչ թե Լենինականի մաքսատնով անցնել, այլ Մոսկվայի: Սրբազանը նաեւ հիշեցնելով, որ Աստվածաշնչում մաքսավորները ներկայացված են որպես ատելի մարդիկ, ժամանակակիցներին խորհուրդ տվեց այնպես աշխատել, որ նրանց սիրեն: Իսկ երբ գյումրեցի մաքսավորները նրան 1843 թ. Մխիթարյան միաբանությունում հրատարակված «Քերականության դասագիրք» նվիրեցին, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կատակեց. «Ո՞վ էր ուզում սա սահմանն անցկացնել, որ ձեռքից վերցրիք»:
Սրբազանի ու մաքսավորների հանդիպումը երեկ գյումրեցիների քննարկման բուռն թեման էր, թեեւ երեկ էլ սրբազանը հանդիպում ուներ: Այս անգամ նրա մոտ էին գյումրեցի անհատ տաքսու վարորդները, որոնք բողոքում էին իրենց հարկային դաշտ մտցնելու՝ կառավարության որոշումից: Նկատենք, որ հանդիպումն այս անգամ նախաձեռնել էին հենց բողոքավորները, որոնք սրբազանին խնդրում էին միջնորդել կառավարությանը՝ փոխելու իր որոշումը: «Էդպիսի ատյան չկա, որ մենք դիմած չլինենք, բոլորն էլ ի զորու են մեր հարցերը լուծել, բայց ոչինչ չեն անում, մենք գիտենք, թե եկեղեցին ինչպես է սատար կանգնել կառավարության եւ ժողովրդի միջեւ, խնդրում ենք այս անգամ էլ վարչապետի կամ տրանսպորտի նախարարի առջեւ բարեխոսեք, այլապես կամ հեղափոխություն կանենք, կամ կթողնենք ու Թուրքիա կանցնենք»,- ասում էին բողոքավորները:
Նրանցից մեկն ապշել էր տարածքային կառավարման փոխնախարար պարոն Բախշյանի պատասխանից, թե՝ եթե փող չունեք, ինչո՞ւ եք ձեր երեխաներին սովորելու տվել: «Պատկերացրեք, ես իրեն ասում եմ, թե իմ երեք էրեխեքը սովորում են, եթե ես չաշխատեմ՝ էրեխեքս կզրկվեն կրթությունից, նա ինձ կշտամբում է»: Վարորդներից մեկն էլ բողոքում էր, թե ինքը 2 ինֆարկտ է տարել, մեքենայի վրա էլ «հալ չկա», տնեցիներն իր երեսին են նայում, բայց իրեն բռնել ու 50 հազար դրամ տուգանել են: «Երեկ հանրայինը ցույց է տալիս, թե ինչպես են հայ գաղթականները Եվրոպայում «պոլերին» հայտնվել, ի՞նչ քարոզ եք անում, թե դրսերում լավ չէ, եթե մենք էլ պոտենցիալ գաղթականներ ենք: Դուք եք անում, որ մարդիկ էլ հիասթափված թողնում-գնում են»,- ասում էին վարորդները՝ մանրամասն ներկայացնելով թե սահմանված հարկ ու տուրքերի գները եւ թե իրենց պահանջները: Սրբազանը, համբերատարությամբ լսելով նրանցից յուրաքանչյուրի խոսքը, հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է միջնորդելու ինքը: «Վարչապետն է ամենաագրեսիվը, բացարձակ չի ուզում զիջել»,- ասացին վարորդները: Սրբազանը լսեց-լսեց ու ասաց. «Եկեղեցին այսօր պետությունից բաժանված է, միակ բանը, որ կարող ենք ձեզ համար անել, միջնորդություն ներկայացնելն է, բայց չգիտեմ՝ կհարգվի՞, թե՝ չէ: Էդ շատ առաջ էր, երբ եկեղեցին պետության դեր էր կատարում, հիմա եկեղեցին չի միջամտում պետության գործերին, պետությունն էլ՝ եկեղեցու: Բայց եկեղեցին՝ որպես բարոյական հեղինակություն, միջնորդություն անպայման կներկայացնի, սակայն հանկարծ սխալ հասցեով չլինի»:
Վարորդները նրանցից խնդրեցին դիմել վարչապետին ու տրանսպորտի նախարարին: «Սրբազան ջան, վերջին հույսներս դուք եք, խնդրում ենք կաթողիկոսին էլ դիմեք, մենք պատրաստ ենք մեր պետության համար գումար մուծել, բայց ոչ նրանց սահմանած խելահեղ թիվը, մենք սովից կմեռնենք»,- ասացին վարորդները: Ի պատասխան՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեկ անգամ եւս նկատեց. «Դուք գիտեք իմ լեզուն, բառապաշարը, կարողությունները, հունարը, ես անպայման կմիջնորդեմ, բայց եթե, ինչպես դուք եք ներկայացնում, այստեղ կա գերակա շահ, տաքսի ծառայությունները որեւէ մեկի բիզնեսն են, ինչքան էլ խնդիրը փաստարկված ներկայացնես, չգիտես ինչքանով ազդեցիկ կլինի, ինչքանով նրանք իրենց շահերը կզիջեն, իմ միջնորդությունը կներկայացնեմ, բայց երաշխիք չեմ կարող տալ»: