Չնայած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը պարտավորվել էր, որ 2005 թվականից հետո այլեւս էլեկտրամատակարարման մալուխների հետ կապված խնդիր չի առաջանա, այդուհանդերձ, Նորք-Մարաշում, ցրտերն ընկնելուն պես, եթե ոչ ամեն օր,
ապա շաբաթը մի քանի անգամ բնակիչները մնում են առանց լույսի:
Արդեն 6-7 տարի է, ինչ Նորք-Մարաշ համայնքի բնակիչների բնակարան երում ժամանակ առ ժամանակ էլեկտրաէներգիայի խափանումներ են լինում: Անջատումները հատկապես հաճախ են Նորք-Մարաշի Արմենակյան փողոցին հարող տարածքում եւ Միքայելյան փողոցում։ Այս համայնքի բնակիչների հավաստմամբ, լինում են դեպքեր, երբ հոսանքի անջատումները տեւում են 6-7 ժամ: Տասը րոպեանոց անջատումներ էլ են լինում՝ կախված նրանից, թե մալուխագծերի ինչ աստիճանի վթար է եղել: Նշենք, որ հոսանքի խափանումները հաճախակիանում են հատկապես ձմռան ամիսներին, երբ հոսանքալարերը ծանրաբեռնվում են եւ չեն դիմանում։ Երբ համայնքի բնակիչները զանգում են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տեղեկատու՝ 1-80 հեռախոսահամարով, այնտեղից դժգոհողներին բացատրում են, որ դրանք ցանցի նորացմանն ուղղված պլանային անջատումներ են։ Հազվադեպ է լինում, որ «Հայէլցանցերի» տեղեկատուից անկեղծանում են, որ իրականում վթարներ են տեղի ունեցել։ Նորք-Մարաշ համայնքի բնակիչներին տեղեկատուից նաեւ հայտնում են, որ համայնքի մալուխներն են փոխվում, սակայն նկատենք, որ տարիներ ի վեր հին մալուխները նորով փոխարինվելու գործընթացն այդպես էլ չի ավարտվում. այդ մալուխները, ըստ երեւույթին, կրկին անորակներով են փոխարինվում, որ համայնքում էլեկտրաէներգիայի մատակարարումն այդպես էլ չի բարեկարգվում։
Այս հաճախակի հոսանքազրկումներն են պատճառը, որ համայնքի բնակիչների տներից անպակաս են մոմերը: Չնայած դրան, համայնքի բնակիչներն արդարության համար նշում են, որ վերջին 2-3 տարում իրավիճակը մի քիչ կարգավորվել է. եթե նախկինում իրենք, բացի օրվա ընթացքում եղող անջատումներից, նաեւ ամբողջ գիշեր լույս չէին ունենում, հիմա անջատումները 6-7 ժամից ավելի չեն տեւել։ Բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Ամանորի տոներին համայնքում հոսանքի անջատումներն այնպիսի ժամերի են եղել, որ տանտիրուհիները չեն հասցրել սեղանի համար ուտելիքներ պատրաստել, իսկ հունվարի 6-ին հոսանքազրկումները տեւել են 6 ժամ: Պատահել է նաեւ, որ նույն օրվա ընթացքում 6 անգամ կարճ ժամանակով լույսն անջատվել է։ Ի դեպ, նշենք, որ այս համայնքում փողոցների էլեկտրամատակարարումը անջատվում է հերթականությամբ, այսինքն՝ մի փողոց լույս ունենում է, մյուսը չի ունենում՝ եւ այդպես շարունակ։ Եվ սա այն դեպքում, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հստակ հայտարարել էր, որ համաձայն ներդրումային ծրագրի՝ մինչեւ 2005 թվականի ավարտը բոլոր համայնքներում ցանցը նորացնելու է, եւ այլեւս հոսանքալարերի հետ կապված որեւէ խնդիր չպետք է առաջանա:
Նշենք նաեւ, որ այս տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է մի քանի անգամ, իսկ այդ սակագնի՝ յուրաքանչյուր բաժանորդի վճարած էլեկտրաէներգիայի վարձի մեջ (ամեն կիլովատի համար) ներառված է նաեւ ներդրումների գումարը:
Նորք-Մարաշ համայնքի բնակիչների դժգոհությունների առնչությամբ «Առավոտը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հետաքրքրվեց, թե այս համայնքում ի վերջո ե՞րբ են դադարելու հոսանքի ամենօրյա անջատումները, որին ընկերության լրատվական դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը պատասխանեց. «Երեւանում հիմա կառուցվում է 8 ենթակայան եւ այդ աշխատանքների պատճառով, բնականաբար, ստիպված ենք լինում երբեմն պլանային անջատումներ կատարել։ Երբ այդ տարածքի մալուխներն ամբողջությամբ փոխվեն, այլեւս նման խնդիր չի առաջանա։ Այդ հատվածում մալուխներն իսկապես, մեղմ ասած, վատ վիճակում են»։ Նա ավելացրեց, որ անջատումներ են տեղի ունենում նաեւ այն պատճառով, որ հիմա բնակարաններում էլեկտրաէներգիան մատակարարվում է մեկ ուղղությամբ, այնինչ՝ պետք է 2 ուղղությամբ հոսանքի սնում լինի. «Դա արվում է բարեկարգման նպատակով, սակայն հաճախ այդ մեկ ուղղությունը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, վնասվում է»։