Եվ պահանջեցին անհապաղ վերաբացել Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կենտրոնը
Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի փակվելը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ միջազգային ասպարեզում: Նախորդ օրը կենտրոնը վերաբացելու պահանջով հանդես էր եկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, իսկ երեկ մարզպետարանի բնապահպանության բաժնի նորանշանակ պետ Մարտին Տոնոյանին այդպիսի պահանջ ներկայացրեց կենտրոնի փորձագետների խորհուրդը: Հիշեցնենք, որ Գյումրիինը հանրապետության 14 «Օրհուս» կենտրոններից միակն է, որ հայտնվել է ավելորդ քաշքշուկների մեջ: Հունվարի 13-ից սկսած՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հրամանով կասեցվել էր բնապահպանական կենտրոնի գործունեությունը: Մարզպետարանն այս փաստը բացատրում է նրանով, որ լրացել է կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ մինչ կորոշվի «Օրհուսի» նոր կարգավիճակն ու համադասողի հետ նոր պայմանագիր կկնքվի, իրենք նպատակահարմար են գտնում կենտրոնի գույքը վերցնել մարզպետարանի հսկողության տակ:
Նկատենք, որ նախկինում «Օրհուսների» համադասողները պայմանագիր են կնքել մարզպետների հետ, սակայն այժմ կարգը փոխվել է, պայմանագիր են կնքելու բնապահպանության նախարարության հետ: Մարզպետարանցիները նաեւ վախենում են այն մտքից, որ մինչ ԵԱՀԿ-ն չփոխանցի համադասողի աշխատավարձը, «Օրհուսի» ղեկավար Գ. Պետրոսյանը իր անվճար աշխատած օրերի համար կսկսի գումար պահանջել մարզպետարանից: Գ. Պետրոսյանի կարծիքով՝ այս քայլով մարզպետը իրենից վրեժ է լուծել, քանի որ Արթիկի ջրամատակարարման շինթույլտվության համար ինքը դատի էր տվել մարզպետին: Ըստ նրա, անցած տարի եւս ինքը մոտ մեկուկես ամիս աշխատանքային պայմանագիր չուներ, սակայն մարզպետարանը վստահեց ԵԱՀԿ-ի բանավոր խոսքին, իսկ այժմ, չգիտես ինչու, մերժում է:
Երեկ «Օրհուս» կենտրոնում Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների ու «Օրհուսի» փորձագետների մասնակցությամբ քննարկվեց թե համադասողի եւ թե կենտրոնի բացվել- չբացվելու հարցը: Քննարկումը սկսվելուն պես՝ մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Մարտին Տոնոյանը ներկաների համար ընթերցեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի գրությունը, որտեղ նա հերքում է իր մասին հնչեցրած այն քննադատությունները, թե Գ. Պետրոսյանին աշխատանքից ազատելը միտումնավոր է: Մարզպետի՝ «Օրհուս» կենտրոնի փորձագետների խորհրդին ուղղված նամակում մասնավորապես գրված էր. «2001-ին մեր երկիրը վավերացրել է «Օրհուսի» կոնվենցիան, որով եւ ամրագրվել են երեք կարեւորագույն սկզբունքները՝ տեղեկատվության հասանելիությունը, հասարակության մասնակցությունը եւ արդարադատության մատչելիությունը, որոնց իրագործմանն աջակցելու նպատակով ստեղծվել է Գյումրու «Օրհուս» կենտրոնը: Ելնելով վերը նշվածից, կարծում ենք՝ զուր է ձեր անհանգստությունը կենտրոնի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Եվ այդ կապակցությամբ հարկ ենք համարում մեկ անգամ եւս հավաստել, որ մարզպետարանը հաստատակամ է կենտրոնի գործունեությանը օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում ըստ ամենայնի աջակցելու իր որոշման մեջ, որը նաեւ ամրագրել է հիմնադիր կողմերի ստորագրած փոխըմբռնման հուշագրում»:
Փորձագետներին հատկապես զայրացրեց մարզպետի նամակի վերջին մասը, որտեղ նա հայտնում էր, որ մինչ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից որոշակի կազմակերպչական ու ֆինանսական հարցերի լուծումը, Գյումրու «Օրհուսը» շարունակելու է գործել մարզպետարանի բնապահպանության բաժնի անմիջական օժանդակությամբ: «Այսինքն, սա նշանակում է, որ հսկողության տա՞կ եք վերցնում «Օրհուսն» ու նրա փորձագետներին, ինչո՞ւ է մեր մարզը որոշել «սպիտակ ագռավ» դառնալ»,- մարզպետարանի բնապահպանության բաժնի պետից հետաքրքրվում էին փորձագետները: Նրանց ի պատասխան, Մարտին Տոնոյանը պատասխանում էր, որ Շիրակի մարզպետարանն ուզում է պահպանել օրենքի տառը, ավելին, իրենք այնպես են արել, որ մի քանի ժամով բացեն կենտրոնը ու «Օրհուսի» ծառայություններից օգտվողները չտուժեն: Սա էլ ավելի զայրացրեց փորձագետներին: «Ի՞նչ է սա նշանակում, դուք ձեր աշխատանքը թողած՝ գալիս «Օրհուսի» գրասենյա՞կն եք բացում: Դուք մեզնից՝ փորձագետների խորհրդից թույլտվություն հարցրե՞լ եք տարածքի օգտագործման համար, դուք սրանով խախտում եք թե փորձագետների լիազորությունները եւ թե այս կառույցի իրավունքները»,- հուզվեցին փորձագետները:
Բավականին խիստ կարծիք հնչեցրեց փորձագետ Սեյրան Մարտիրոսյանը: Նա ասաց. «Ուրեմն՝ Հայաստանում 9 մարզ վա՞տ է աշխատում, դուք՝ լա՞վ: Այս կառույցն աշխատել է ժամացույցի պես, նույնիսկ ավելի լավ, քան մարզպետարանի վարչությունները, վերջիններիս «լավ աշխատելը» մենք զգում ենք մեր մաշկի վրա, պարոն Տոնոյան, եթե մարզպետարանի բնապահպանության նորաստեղծ բաժինն էլ այս դիրքորոշմամբ պետք է գործի, ուրեմն լավ կլինի չգործեք»: Մ. Տոնոյանը խնդրեց փոխադարձ վիրավորանքներ չհնչեցնել, եւ, ի վերջո, փորձագետները որոշում կայացրեցին Գեւորգ Պետրոսյանին անվճար աշխատելու սկզբունքով թողնել որպես ժամանակավոր համադասող՝ մինչեւ «Օրհուսի» կարգավիճակի հաստատումը: «Նա էս ոլորտի նրբություններին տիրապետող, օրենքի տառը իմացող մարդ է»,- ասացին փորձագետները: