ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի կարծիքով՝ ճիշտ չէ այն մտածելակերպը, որ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո թուրքական էժան ապրանքատեսակները կներխուժեն Հայաստան, ինչից կտուժի հայ արտադրողը. «Այդպես չէ, այն ապրանքները, որոնք պետք է ներխուժեն, արդեն ներխուժել են 15 տարի առաջ, հայկական շուկան փոքր է ու հնարավոր չէ այդ շուկայի հնարավորություններից ավելի ապրանք ներմուծել ու սպառել»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Վարդանյանն ասաց, որ փորձում են համագործակցել Թուրքիայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ. «Վանի նահանգում գործող պալատի գործընկերները համագործակցության առաջարկ էին արել դեռեւս Ամանորից առաջ: Նրանք առաջարկեցին՝ մինչեւ քաղաքական գործիչների լեզու գտնելը, մենք սկսենք աշխատել»:
Պարոն Վարդանյանի խոսքով. «Չնայած տնտեսական անկմանը, նախորդ տարի օգնեցինք մեր բիզնեսմեններին միջազգային շուկա դուրս գալ, եւ արտասահմանցի ներդրողներին էլ հնարավորություն ընձեռվեց Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությունների մասին տեղեկանալ»: Անդրադառնալով ցուցահանդեսների կազմակերպմանը՝ պարոն Վարդանյանն ասաց, որ արդեն Հնդկաստանի հետ ունեն պայմանավորվածություն, նախատեսել են նաեւ Սիրիայում ներկայացնել հայկական սննդամթերքը՝ չիրն ու չամիչը, կոնյակն ու գինին: