Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՆՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՈՒՇԱՑԱԾ

Հունվար 28,2010 00:00

Բնակիչները դժգոհում են, որ մինչեւ «Շտապօգնության» աշխատակիցները տեղ են հասնում, նրանց օգնության կարիքն էլ չի լինում:

Տարեսկզբից «Առավոտի» խմբագրությունը դժգոհություններ է ստանում մայրաքաղաքի բնակիչներից՝ «Շտապօգնության» ծառայությունների վերաբերյալ: Ճիշտ է, մինչ այս էլ բնակիչների կանչերին «Շտապօգնությունը» առանձնապես արագ չէր արձագանքում, բայց հիմա վիճակն ավելի վատ է: Ասենք, ուշագնաց հիվանդը 30- 40 րոպե պետք է դիմանա, մինչ բժիշկները կգան ու ուշքի կբերեն: Իսկ հաճախ մարդիկ նախընտրում են հիվանդին սեփական ուժերով հիվանդանոց տեղափոխել, քան հույսը «Շտապօգնության» վրա դնել: Դեպքեր են եղել, երբ բժիշկներն այնքան ուշ են տեղ հասել, որ հարեւաններն ու հարազատները հիվանդին վաղուց առաջին օգնություն են ցուցաբերել, բժիշկներին էլ մնացել է միայն սուրճ խմել, պրոֆիլակտիկ «անալգին-դիմեդրոլ» ներարկել, մի քանի խորհուրդներ տալ ու հեռանալ:
Ուշացումով տեղ հասած բժիշկները տեղեկացնում են, որ իրենց ուշացումների պատճառը պայմանավորված է տարեսկզբից աշխատակիցների ու նաեւ շտապօգնության մեքենաների քանակի կրճատմամբ: «Հունվարի 18-ին շտապօգնություն էինք կանչել, եկան բավականին ուշացած, երբ սկսեցինք հարցուփորձը՝ ինչու են այդքան ուշացել, աշխատակիցները պատասխանեցին՝ թող տնօրինությունը կրճատումներ չաներ, որ մենք էլ ժամանակին կարողանայինք հիվանդներին սպասարկել, հո մեջտեղից չե՞նք ճղվելու»,- «Առավոտին» դժգոհեց Արաբկիր համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը:
Թե ինչով են պայմանավորված կրճատումները՝ «Շտապօգնության» տնօրեն Արտյոմ Պետրոսյանն այսպես մեկնաբանեց. «Այդ աշխատակիցները չեն տիրապետում ինֆորմացիային՝ աշխատակից կրճատվե՞լ է, թե՞ ոչ: Հավանական է, որ այդ աշխատակիցները ցանկացել էին ասել՝ բրիգադների թիվն է նվազել: Բայց բրիգադների թիվը որ փոփոխվում է, դա չի նշանակում, թե աշխատակիցների կրճատման դեպքեր կան, դրանք նորմատիվներ են, որ պետք է լինեն»:
Ասածն ավելի մանրամասնելու համար պարոն Պետրոսյանը հավելեց. «Ինչ վերաբերում է բրիգադներին, դրանք, ըստ էության, չեն կրճատվում, այլ ըստ կանչերի թվի կարող են ավելանալ՝ ձմեռային եւ պակասել՝ ամառային ամիսներին: Կարող են նույնիսկ օրվա մեջ փոփոխվել՝ տարբեր ժամերի տարբեր քանակով բրիգադներ գործեն՝ կախված կանչերի քանակից: Եթե նոյեմբերին ընդունում էինք օրական 600 կանչ, հիմա դրանց թիվը հասել է 400-ի: Մենք պետք է պահպանենք մի բրիգադի՝ օրական 12 կանչը, դրանից պակաս եթե տվյալ բրիգադն անում է, նա արդեն շահույթով չի աշխատում»: Պարոն Պետրոսյանի խոսքով, որպես կանոն, գարնան ամիսներից մինչեւ ամռան վերջ՝ կանչերը նվազում են, դրանց թիվն աճում է ուշ աշնանը եւ տեւում ողջ ձմեռ: Նրա խոսքով, վերջին շրջանում կանչերի կտրուկ նվազման միտում է արձանագրվել. «Դա շատ լավ է այն առումով, որ բենզինի, դեղորայքի եւ այլ ծախսերը մեզ մոտ պակասում են, եւ հետեւաբար նաեւ օրական հերթապահող բրիգադների թիվն է նվազում: Ձեզ ներկայացնեմ օպերատիվ տվյալներ. այս տարվա հունվարի 18-ի կանչերը կազմել են 443, իսկ նախորդ տարվա այդ նույն ժամանակ ունեցել ենք 565 կանչ»:
«Շտապօգնության» տնօրենի տեղեկացմամբ, իրականությանը չի համապատասխանում իրենց աշխատակիցների այն ասածը, իբր մեքենաների թիվը նվազել է: Նա տեղեկացրեց, որ չնայած ճգնաժամին, չի նվազել նաեւ աշխատակիցների աշխատավարձը. «Մեր բյուջեն դեռ չի հաստատվել, բայց ես կարծում եմ՝ աշխատավարձի չափը այս տարի էլ չի փոխվի, կմնա նույնը, նախորդ տարի մենք կորուստներ չենք արձանագրել, այս տարի էլ այդպես շարունակելու ենք»: Պարոն Պետրոսյանը, սակայն, չբացառեց, որ այս տարի աշխատակիցների որոշակի կրճատումներ գուցե լինեն. «Կրճատումներ կարող են լինել, եթե թոշակառուներ են, այն էլ միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես դժվարանան մեքենա նստել-իջնելուց, սակայն նշեմ, որ ես մշտապես դեմ եմ եղել նույնիսկ թոշակառուների կրճատումներին, քանի որ նրանք ունեն համապատասխան գիտելիքներ եւ աշխատելու իրավունք»:
Ա. Պետրոսյանի հավաստմամբ, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ առաջիկա ամիսներին իրենց ավտոպարկը կհամալրվի նոր մեքենաներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել