Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂԸ ԲԱԼԱՍՏ ՉԷ»

Հունվար 28,2010 00:00

\"\"Ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

Այն, որ հակամարտությունները, որպես կանոն, սովորաբար խոչընդոտում են հակամարտության մեջ ներգրավված երկրների ժողովրդավարացմանը եւ նույնիսկ արդեն ժողովրդավարական երկրներում են ազատությունների եւ մարդու իրավունքների որոշակի սահմանափակումների պատճառ դառնում՝ փաստ է: Հայաստանն ու Ադրբեջանն էլ այս իմաստով բացառություններ չեն: Այս երկրները կարող էին ավելի ժողովրդավարական լինել՝ հարգել մարդու տարրական իրավունքներն ու ազատությունները ու հաշվի նստել միջազգային հանրության կողմից այդ խախտումների վերաբերյալ որեւէ քննադատության հետ, եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը: Այսպիսի միտք մի պատեհ առիթով «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր հայաստանյան փորձագետներից մեկը՝ Արմեն Բադալյանը: Նրա համոզմամբ, Ղարաբաղն այսօր Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանային զարգացման համար այն բալաստն է, որից փորձում են ազատվել ավելի ժողովրդավարական երկրները՝ Եվրոպայում, նաեւ ԱՄՆ-ն, որովհետեւ միայն այդ հարցը լուծելուց հետո նրանք կարող են ստիպել մասնավորապես ԵԽ անդամ Հայաստանին ավելի ժողովրդավարական դառնալ: Բադալյանի ասելով, միջազգային հանրությունն այսօր մեր ոչ լեգիտիմ իշխանություններին հանդուրժում եւ մեր երկրում Մարդու իրավունքների եւ ազատությունների, տնտեսական ոչ շուկայական հարաբերությունների վրա առայժմ աչք է փակում բացառապես այն պատճառով, որ փորձում է մեր թույլ իշխանությունների միջոցով լուծել ԼՂ հիմնախնդիրը, որը կենսական նշանակություն ունի իր համար: Իսկ իրերի այսպիսի վիճակը հանգում է նրան, որ ԼՂ-ն բալաստ է դարձել նաեւ Հայաստանի համար՝ ժողովրդավարության ուղին բռնելու ճանապարհին, ուստիեւ՝ ԼՂ հիմնախնդրի արագ լուծումն անհրաժեշտություն է նաեւ այդ իմաստով:
Որ դա այդպես է, ըստ էության, վկայում է նաեւ իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, իր ակամա խոստովանությամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մեկնաբանելով «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում Հայաստանում ժողովրդավարության վիճակին տրված կոշտ գնահատականները՝ նա հայտարարել է. «Մենք ունենք բավականին խնդիրներ՝ սկսած տնտեսությունից, Հայաստանի անվտանգության ապահովումից: Այնպես չէ, որ միայն ժողովրդավարության համար մենք պիտի կիրառենք ուժեր: Առավել եւս՝ այսօր Ադրբեջանը ամեն օր հայտարարում է, թե մենք պետք է պատերազմ սկսենք Ղարաբաղի հարցով Հայաստանի դեմ: Եվ ասել, որ պետք է լինի բացարձակ ազատության երկիր՝ մարդու իրավունքների առումով, ես չէի էլ ուզի»:
Այս հարցում միանգամայն այլ է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մոտեցումը. «Ինձ համար Հայրենիքի որեւէ մաս, ինչպես իմ ծնողներն ու երեխաները, չի կարող բալաստ դառնալ: Ես նման ընկալում ուղղակի չեմ կարող ունենալ, որովհետեւ դա մերն է: Ինչ վերաբերում է միջազգային հանրության մոտեցմանը, ապա ես լիովին կիսում եմ ձեր այն դիտարկումը, թե՝ միջազգային հանրությունը Հայաստանի ժողովրդավարացումը ետին պլան է մղել՝ կենտրոնանալով ԼՂ հարցի լուծման վրա: Դժբախտաբար՝ դա այդպես է: Ու դժբախտաբար՝ Հայաստանի գործող իշխանությունները, օգտվելով այդ հանգամանքից, իրենց իշխանությունը պահում են հենց այդ բանակցային պրոցեսի հաշվին, իսկ Սերժ Սարգսյանը իր լեգիտիմության բացը լրացնելու, «Մարտի 1»-ն ու դրա հետեւանքները մարսելու նպատակով դրան ավելացրեց եւս մեկ բաղադրիչ՝ հայ-թուրքական հարաբերությունները: Ինքս անձամբ համարել եմ, որ առաջին հերթին՝ ժողովրդավարություն, հետո՝ ԼՂ հիմնահարցի լուծում, եւ դա ճիշտ եմ համարել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի պարագայում: Գտնում եմ, որ միայն ժողովրդավարական Հայաստանն ու ժողովրդավարական Ադրբեջանը կունենան այնքան ռեսուրս, որ նման ցավոտ խնդիրը փոխզիջումային տարբերակով եւ հասարակության համար դրանք ընկալելի դարձնելով կկարողանան լուծել: Միայն այդ դեպքում խնդրի լուծումը կարող է երկարաժամկետ խաղաղություն երաշխավորել: Հակառակ դեպքում հակամարտող երկրները որեւէ լուծումից հետո մշտապես կհամարեն, որ լեգիտիմ իշխանություն ունենալու եւ ժողովրդավարական երկիր լինելու դեպքում իրենք կարող էին ավելին ունենալ, քան ունեն: Հետեւաբար, լուծման համատեքստում կիսատ բան է մնալու, եւ դա իր մեջ անընդհատ պատերազմի նոր վտանգ է պարունակելու: Դժբախտաբար, միջազգային հանրությունն այդ տեսակետներին «այո» ասելով՝ այլ բան, քան ոչ լեգիտիմ իշխանությունների միջոցով այդ հարցը լուծելն ու հետո ժողովրդավարություն հաստատելն է, չի անում, ինչը ես սխալ եմ համարում»:
Սխալ է, բայց արդյոք այդպես ավելի շահավե՞տ չէ հե՛նց միջազգային հանրության համար. այո, կա ոչ լեգիտիմ իշխանություն, որը, սակայն, պատրաստ է կամ խոստանում է լուծել տարիներ շարունակ չլուծվող եւ տարածաշրջանում ապակայունություն ստեղծող խնդիրը: «Ամեն դեպքում միանշանակ է, որ «նախ՝ խնդրի լուծում, հետո՝ ժողովրդավարություն» տարբերակը միջազգային հանրությունը կիրառում է, կիրառում է իր սեփական շահերից ելնելով: Որքան մարդը խոցելի է, որքան նա հենարան չունի, որքանով հասարակության աջակցությունը չի վայելում, այնքան նրա վրա ճնշում գործադրելը հեշտ է, եւ միջազգային հանրությունը հիմա ԼՂ հարցում հենց դա էլ օգտագործում է: Դա իրեն ձեռնտու է»,- նկատեց նա:
Ուրեմն՝ Հայաստանի ժողովրդավարությունը, հայաստանցու իրավունքների ու ազատությունների սահմանափակո՞ւմն է այն գինը, որ պետք է տրվի հանուն Ղարաբաղի կամ ԼՂ կարգավորումն էլի ձգձգելու, ներկա ստատուս քվոն պահպանելու համար: «Ես միշտ կողմնակից եմ եղել ԼՂ հիմնահարցի խաղաղ, փոխզիջումային, տարածաշրջանում կայունություն եւ զարգացում ապահովող լուծման: Բայց տպավորություն ունեմ, որ իշխանությունը, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, դրա կողմնակիցը չէ: Ցանկացած հանդիպումից առաջ այդ կուսակցության ներկայացուցիչները հերթով կարծիք են հայտնում, թե այս տարի ԼՂ հարցում փոփոխություն չի լինելու, եւ դա այնպիսի ոգեւորվածությամբ են անում, կարծես թե դա իրենց կյանքն ու իշխանությունը ապահովելու միակ միջոցն է»,- ասաց Ա. Սարգսյանը:
Իսկ ի՞նչ է, իրականում այդպես էլ չէ՞: Ի պատասխան մեր այս հարցին՝ նա նկատեց. «Այո, փաստացի այդպես է: Այլ հարց է, որ անձամբ ես կնախընտրեի, որ սկզբում լուծվեր երկրում ժողովրդավարություն հաստատելու խնդիրը, հետո՝ տարածաշրջանում եղած բոլոր մյուս հակամարտություններն ու ցավոտ խնդիրները: Հակառակի օրինակները կան, եւ դրանք ամենեւին էլ օրինակելի չեն: Դժբախտաբար, մեր իշխանություններն այդ դաշտ մտնելով, իրենց որպես «կառուցողական» ցուցադրելով, աշխարհի համար ընկալելի հայտարարություններ անելով՝ խնդիրը լուծելու իմիտացիա են անում: Բայց աշխարհը պետք է իր համար լուրջ ահազանգ համարի նախորդ նախագահի փորձը, որը տարիներով ձգեց հիմնախնդրի լուծումը՝ դրանով երկարաձգեց իր իշխանությունն ու իշխանությունը, չլուծված խնդրով հանդերձ, հանձնեց իր իրավահաջորդին»:
Կուսակցության նախագահի ասելով, ՀՀ գործող իշխանություններն էլ Ղարաբաղի հարցը չեն ուզում լուծել, որովհետեւ. «Իմ խորին համոզմամբ, ՀՀ իշխանությունները վախենում են ԼՂ հարցը լուծելու արդյունքում սեփական իշխանությունը կորցնելուց: Իշխանությունը հասկանում է, որ «Մադրիդյան սկզբունքներ» անունով փաստաթուղթը ստորագրելուց հետո լուրջ խնդիրներ են առաջանալու հենց երկրի ներսում, որովհետեւ խնդիրն ու դրա լուծումն ինքնին ցավոտ են: Բայց նրանք նաեւ հասկանում են, որ հասարակությունը, որը չի ընդունում իրենց՝ իշխանություններին, պատրվակ է որոնում նրանց հեռացնելու համար, ու առավել եւս, նման խնդրի լուծումը նրանց համար բողոքի ալիք բարձրացնելու լուրջ առիթ է դառնալու: Այդ իմաստով գործող իշխանություններն իսկապես վախենում են»:
Այսուհանդերձ, Ա. Սարգսյանը լավատես էր: Նրա ասելով, թեեւ «Սերժ Սարգսյանը միանշանակ հակված է, որ ԼՂ հարցն իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում լուծում չստանա եւ տեղափոխվի երկրորդ ժամկետ, որից հետո էլ կփոխանցի իր հաջորդին, բայց իրենք այդքան ռեսուրս չունեն, եւ նրանց նման հնարավորություն չի տրվի»: Նրա դիտարկմամբ, այս տարվա գարնանը ԼՂ հարցը կարող է լուծվել, ինչը ճանապարհ կարող է հարթել նաեւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել