Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Հունվար 28,2010 00:00

\"\"Ըստ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ 30 րոպե է տեւել Զարուհի Փոստանջյանին դուրս հանելը, շուրջ 10 րոպե՝ Հայաստանի հարցի քննարկումը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեկ վերջապես անդրադարձավ «Մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ համազեկուցողների ներկայացրած տեղեկատվությանը: Թեեւ հարցի քննարկումն օրակարգում այդպես չէր ներկայացված, ընդամենը նշված էր. «Հայաստան. տեսակետների փոխանակում վերջին զարգացումների շուրջ»:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» պատմեց, որ ինքը, Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը սպասում էին միջանցքում՝ մինչեւ իրենց ներս կհրավիրեին. «Ընթացակարգում տեղի է ունեցել փոփոխություն, ըստ որի՝ այն երկրները, որոնք գտնվում են մոնիտորինգի եւ հետմոնիտորինգային գործընթացների մեջ՝ այդ հանձնաժողովում կարող են ունենալ միայն 2 ներկայացուցիչ: Այդ ներկայացուցիչները պետք է որոշվեն պատվիրակություններում, դրանից հետո ԵԽԽՎ բյուրոն կհաստատի նրանց թեկնածությունները կամ չի հաստատի: Ո՛չ նրանց մանդատներն էին հաստատված՝ որպես Մոնիտորինգի հանձնաժողովի անդամի, ո՛չ էլ իմը: Եվ ինչպես նրանք էին միջանցքում սպասում, նույն կերպ էլ՝ ես: Նրանց քննարկմանը հրավիրեցին Պրեսկոտի եւ հանձնաժողովի քարտուղարության միջնորդությամբ: Իսկ ինձ փորձում էին ասել, թե ես Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ չեմ՝ չպիտի ներկա լինեմ: Ներս մտա եւ ասացի, որ ինչպես իրենք անդամ չեն՝ ես էլ անդամ չեմ, եւ եթե նրանց հրավիրում եք՝ ինձ էլ պետք է հրավիրեք ու լսեք ընդդիմության կարծիքը»: Զարուհի Փոստանջյանը Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին նաեւ տեղեկացրել է, որ Դաշնակցությունը մարտի 1-ից առաջ եւ մինչեւ 2009-ի ապրիլը կոալիցիայի անդամ է եղել, ուստի «Արմեն Ռուստամյանը չի կարող անաչառ տեսակետ հայտնել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ»:
Երբ պրն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչքան տեւեց քննարկումը՝ պատասխանեց. «Ավելի շատ տեւեց քննարկումը, թե Զարուհի Փոստանջյանին ինչպես դուրս հանեն սենյակից. մի դուռը փակում էին՝ մյուսով էր մտնում: Բուն քննարկումը տեւեց 3 անգամ ավելի կարճ, քան նրա հետ կապված միջադեպը: Մի 30 րոպե տեւեց տիկին Փոստանջյանին դուրս հանելը, 10 րոպե՝ քննարկումը: Ի վերջո ասացին, որ եթե խնդիրը դա է, թե պետք է անպայման ելույթ ունենաք՝ մենք դեմ չենք: Ես էլ ասացի, որ եթե դա է հարցը՝ դեմ չեմ, հնարավորություն տանք: Հանձնաժողովը լսումների կարգ ունի եւ անգամ ոչ պատգամավորների են հրավիրում նիստին՝ ներկայացնելու տեսակետներ»:
Նիստում Հայաստանի հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել միայն Ջոն Պրեսկոտը, Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը: Քննարկման ընթացքի մասին մանրամասներ պատմեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը. «Ջոն Պրեսկոտը ներկայացրեց իր գնահատականը մարտի 1-ի զեկույցի վերաբերյալ, որոշակի մտահոգությունները, որոնք կան դրա հետ կապված: Նրա դիրքորոշումը հայտնի է՝ հրապարակված է, եւ հանձնաժողովի նիստում հնչեցրածն էլ չէր տարբերվում դրանից: Նա հատկապես կարեւորեց, թե ինչպես են կատարվելու ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները՝ համարելով դրանք առաջնահերթություն Հայաստանի համար: Կատարման արդյունքները կդառնան քննարկման առարկա Մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստերի ժամանակ: Եվ որպեսզի ավելի մանրամասն ծանոթանան իրավիճակին՝ հանձնաժողովը լիազորեց Պրեսկոտին ու Կոլոմբիեին մոտակա ժամանակներս այցելել Հայաստան»:
Հաշվի առնելով այն քննադատությունը, որ նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատներն ու բազմաթիվ կազմակերպություններ են ուղղում ՀՅԴ ներկայացուցչի հասցեին, թե ԵԽԽՎ-ում երբեք չի խոսել մարտի 1-ի հետեւանքների մասին, համենայնդեպս՝ չի արտահայտում այս առնչությամբ ընդդիմության մյուս հատվածների դիրքորոշումները՝ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե գուցե իր ելույթում ընդգրկե՞լ է այն հարցադրումները, որոնք այս կապակցությամբ ունեն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Նա ի պատասխան ասաց. «Ոչ միայն ընդգրկել ենք՝ մենք տեղեկացրել ենք, որ ՀՅԴ-ն ունի հատուկ կարծիք «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ, որը ուղարկել ենք, եւ կցված է զեկույցին՝ իբրեւ հավելված: Մինչ այս՝ սա կատարված չէր՝ ես Փարիզում տեղի ունեցած հանձնաժողովի նիստում եմ այս հարցն առաջադրել եւ ասել, որ սա մեր կանոնակարգի խախտում է: Հիմա սխալն ուղղվել է, վերականգնել են՝ սա մեկ: Երկրորդը՝ ընդդիմությունը միայն մարտի 1-2-ի հարցերով չէ, որ այստեղ ներկայացնում է Հայաստանը: Հազարավոր հարցեր կան, որոնք կապված են ընդդիմության հետ, եւ եթե ավելի լավ ներկայացնելու խնդիր դրվի՝ շա՜տ մեծ հարցական է, թե ով է ավելի լավ ներկայացնում ընդդիմադիր դաշտի ամբողջական պատկերը: Ինչ վերաբերում է հաստատմանը, թե քանի որ այն ժամանակ մենք եղել ենք իշխանության մեջ՝ դրա համար իրավունք չունենք եւ այլն, եւ այլն… Նախ՝ ՀՅԴ-ն ունեցել է իր առանձին թեկնածուն նախագահական ընտրություններում: Եվ ինքներս ենք շատ խիստ գնահատել այդ ընտրությունները ու չենք ստորագրել ԿԸՀ արձանագրությունները: Ասենք, կա կուսակցություն, որն այդ փուլում ընդդիմություն էր, հետո դարձավ իշխանություն: Հիմա իրենք իրավունք ունե՞ն ներկայացնել, թե՞ իրավունք չունեն: Եվ հաջորդը՝ առաջին անգամ չէ, որ մարտի 1-2-ի խնդիրն այստեղ քննարկվում է. Մոնիտորինգի հանձնաժողովն արդեն 2 տարի է՝ անդրադառնում է այդ հարցին: Եվ եթե տվյալ հարցը պետք է ներկայացնի այդ հարաբերություններում ավելի հետաքրքրված, շահագրգիռ կողմը՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչն այստեղ եղել է ու ներկայացրել ամբողջական տեսակետ: Այսինքն՝ այնպես չէ, որ Մոնիտորինգի հանձնաժողովը տեղյակ չէ մյուս տեսակետին, ու հատկապես Զարուհի Փոստանջյանը պետք է այն ներկայացներ: Ես չեմ կարծում, թե դրանից շեշտակի ինչ-որ բան էր փոխվելու Մոնիտորինգի անդամ պատգամավորների պատկերացումներում»:
Ներկայացնելով իր ելույթը հանձնաժողովում՝ պրն Ռուստամյանն ասաց. «Անդրադարձել եմ նաեւ Երեւանի ավագանիի ընտրություններին եւ ասել, որ դրանք հերթական անգամ ձախողված են, ու չենք հասել այդ մակարդակին: Եվ հիմնական հարցը հենց սա է՝ պետք է ստեղծվեր հատուկ աշխատանքային խումբ ընտրական համակարգը բարեփոխելու առումով: Այդ որոշումը կա, բայց այն չի իրականացվում: Եվ ես առաջարկել եմ, որ Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստում այդ խնդիրը մտնի օրակարգ, թե ինչու չի աշխատում ընտրական բարեփոխումների համար ստեղծված խումբը»: Ի դեպ, Հայաստանի ընտրական համակարգին էր նվիրված նաեւ Արմեն Ռուստամյանի երեկ ունեցած ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում:
Իսկ այսօր Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել է լսումներ Հայաստանի հարցի վերաբերյալ, որտեղ ելույթ է ունենալու Զարուհի Փոստանջյանը: Սակայն դարձյալ հրավիրված են նաեւ Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել