Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 27,2010 00:00

Ալերգիան եւ սեռական խանգարումները

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը  կարող է պատճառ հանդիսանալ ոչ միայն տարբեր տեսակի ալերգիաների առաջացման, այլեւ տարբեր տեսակի սեռական խանգարումների, որոնցից են տղամարդկանց սեռական թուլությունը (իմպոտենցիա) եւ կանանց սեռական սառնությունը (ֆրիգիդություն):
Այս հիվանդությունները, որոնք առաջ համարվում էին նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, այժմ արտասահմանյան գիտնականները համարում են, այսպես կոչված, ուղեղային ալերգիա: Ինչպես պարզվում է, գլխուղեղը նույնպես զգայուն է ալերգիաների նկատմամբ՝ ինչպես մարմնի ցանկացած օրգան: Ալերգենը եթե ազդում է այն նյարդային բջիջների վրա, որոնք տեղադրված են գլխուղեղի կեղեւի այն հատվածում, որտեղ գտնվում է կանանց սեռական գրգռականությունը կարգավորող կենտրոնը, ապա այդպիսի կանայք իրենց զգում են սեռական առումով սառը:
Տղամարդկանց մոտ ուղեղային ալերգենը առաջացնում է սերմնարտադրության դժվարություն եւ իմպոտենցիա:
Թերապեւտները, ալերգոլոգները, ուրոլոգները, գինեկոլոգները եւ սեռախտաբանները գտնում են, որ սեռական խանգարումների 10%-ի պատճառը այս կամ այն ալերգենն է: Այդպիսիք են՝ սիգարետի ծուխը, կոսմետիկան, քիմիական սննդային լրացումները եւ ներկերը, մաքրող, լվացող եւ ախտահանիչ միջոցները, մազերի եւ եղունգների տարբեր փայլերը, սինթետիկ գործվածքները, որոշ դեղամիջոցներ եւ այլն:
Ըմբռնումն այն մասին, որ ալերգիան կարող է խախտել նորմալ սեռական կյանքը, հարաբերականորեն նոր է, բայց արդեն վերցված է սեռաբանների «հսկողության» տակ:
Ամերիկացի գիտնական Մորթոն Ուոլկերը գտնում է, որ նույնիսկ սովորական սննդամթերքները կարող են ալերգեններ հանդիսանալ: Կուտակվելով օրգանիզմում, դրանք կարող են խանգարիչ հանգամանք լինել ինտիմ կյանքում: Այդպիսիք կարող են լինել կաթը, կարտոֆիլը, կանաչ աղցանը, շոկոլադը, ցիտրուսները, հացի եւ գարեջրի խմորիչները (դրոժ), սուրճը, ձուն եւ այլն:
Ցավոք, սեռական թուլությունը, որն առաջանում է որոշ մարդկանց մոտ բարձր զգայունությունից՝ վերը նշված սննդամթերքների եւ այլ ալերգենների նկատմամբ, ոչ միշտ է հաշվի առնվում բժիշկների կողմից: Դրա համար էլ մարդիկ, որոնք տառապում են այդպիսի ալերգիայով, ոչ միշտ են հասկանում, որ այս բոլորի պատճառը գտնվում է շրջակա միջավայրում՝ էկոլոգիայում:

Օգտակար «պոպկոռնը»
«Պոպկոռնը» կամ «ադի-բուդին» չափազանց օգտակար մթերք է: Այն նախընտրելի է օգտագործել ավելի հաճախ, քան կոնֆետները, տարբեր «համերով» պաքսիմատները, քաղցր կարկանդակները եւ չիպսերը:
Ճայթող եգիպտացորենի հատիկները պարունակում են այնպիսի միկրոտարրեր, որոնք խիստ անհրաժեշտ են գլխուղեղի նորմալ գործունեության համար: «Պոպկոռնը» լիարժեք հատիկային մթերք է, բարձրորակ, ածախջրերի եւ էներգիայի աղբյուր: Այն ունի ցածր կալորիականություն, որը կարելի է օգտագործել մարմնի քաշի պակասեցման ծրագրերում: «Պոպկոռնի» մեկ բաժինը, որը պատրաստված է տարբեր համեմունքներով, առանց բուսական յուղի, պարունակում է 33 կկալ էներգիա, իսկ բուսական յուղով՝ 133 կկալ: Այս սննդամթերքը շատ արագ կշտացնում է, սակայն չի «փչացնում» ախորժակը, քանի որ շատ արագ «տեղափոխվում» է ստամոքսից: Հարուստ է պրոտեիններով, ֆոսֆորով, երկաթով: Սակայն ամենագլխավորը՝ նրա պարունակության մեջ մտնող մեծ քանակությամբ բջջանյութն է: Բջջանյութը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից, դուրս է բերում նիտրատները, մեծ դեր ունի արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակի կարգավորման գործում: Քչացնում է քաղցկեղածին նյութերի մակարդակը, թուլացնում է դրանց շփումը աղիքների պատերի հետ եւ պաշտպանում աղիքների բջիջները՝ քաղցկեղածին բջիջների վերածվելուց: Բջջանյութն ունի նաեւ միզամուղ հատկություն, դուրս է բերում նատրիումն ու ջուրը: Աղիքների միկրոֆլորան, որը մշակում է բջջանյութը, սինթեզում է B խմբի վիտամիններ, վիտամին PP, վիտամին K, հզոր ազդեցություն ունի օրգանիզմի նյութափոխանակության համար: Բջջանյութի ներկայությունը նորմալացնում է շաքարի մակարդակը եւ ինսուլինի արտազատումը: Այն կարեւոր դեր ունի շաքարախտի կանխարգելման մեջ, դուրս է բերում խոլեստերինի ավելորդ քանակությունը, որով կանխում է սրտանոթային ախտահարումների առաջացումը: «Պոպկոռնը» նորմալացնում է աղիքային միկրոֆլորան: Սակայն այս համեղ սննդամթերքը պետք է ուտել օրական 100-150գ, այլ ոչ անընդհատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել