Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՉԲԵՐՈՒԹՅԱՆ

Հունվար 27,2010 00:00

Երեւույթ, որի դեմ դժվար է պայքարել

Չբերությունը, անպտղությունը հիվանդություն չէ, այլ անակնկալ տարերային աղետ, որի համար ոչ ոք մեղավոր չէ, այս կարծիքին է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա ձեւակերպմամբ. «Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում նրանց փոխադարձ զգացմունքները»: Բժշկի խոսքերով, ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգեւում է ամուսիններին սեքսուալ զգացումը եւ դառնում ամուսնալուծության, նոր զուգընկեր կամ զուգընկերուհի փնտրելու պատճառ: «Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է՝ սոցիալական եւ բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում»,- վկայում է Վ. Շահրամանյանը:
Ըստ նրա, անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման՝ հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում. «Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը»:
Մեր զրուցակիցը պարզաբանում է, որ անպտղություն կարող է առաջանալ մի շարք պատճառներից. «Այս խնդրի պատճառները կանանց եւ տղամարդկանց մոտ տարբեր են լինում. ամենաանհեթեթ պատճառից էլ կարող է անպտղություն առաջանալ: Երբեւէ կմտածեի՞ք, որ կիպ հագուստից կարող է անպտղություն առաջանալ… այո, դա այդպես է»:
Տղամարդկանց անպտղության՝ ամլության պատճառների մասին էլ սեքսապաթոլոգն ասաց. «Այն լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմի ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված՝ մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց ամլության հաճախակի հանդիպող պատճառներից են գաղտնամորձությունը, երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում, չեն իջնում ամորձապարկ, եւ սերմնատար երակների լայնացումը, որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով, օրինակ՝ դրա նեղացման դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ հոսքին ամորձաերակում եւ սերմնատար երակների լայնացման»: Վ. Շահրամանյանը նաեւ նշում է, որ տղամարդու անպտղության պատճառ կարող են լինել սեռական օրգանների հիվանդությունները՝ ամորձիների, շագանակագեղձի բորբոքումը, խոզուկ, թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակները: Սակայն նրա պնդմամբ, ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են՝ գոնորեա, տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ. «Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի եւ գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ եւ կոշտություններ, որոնց հետեւանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք, եւ սերմը դառնում է անկենսունակ»:
Սեքսապաթոլոգը զգուշացնում է, որ բոլոր հիվանդություններից զատ, տղամարդն ինքը կարող է իր անփութության պատճառով իրեն դարձնել անպտուղ, երբեք չմտածելով, որ, օրինակ, իր կրած հագուստը պատճառ կդառնա ժառանգ չունենալու. «Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երեւույթներ, որոնք հեռուն գնացող հետեւանքներ են բերում: Օրինակ՝ ոչ ճիշտ ընտրված եւ շատ կիպ հագուստը, որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել՝ դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության»:
Հարցին՝ կլինիկական առումով առողջ անձանց մոտ կարո՞ղ է հանդիպել անպտղություն՝ բժիշկը հավաստիացրեց. «Այո: Իսկ դա բացատրվում է սաղմնաբջիջների անտագոնիզմի, այսինքն՝ հակադրության առկայությամբ, սպերմատոզոիդի եւ ձվաբջջի բացասական քիմիական ռեակցիայով, ինչը անհնարին է դարձնում նրանց միացումը»:
Անդրադառնալով կանանց չբերությանը եւ դրանց պատճառներին, սեքսապաթոլոգը նկատեց, որ այս դեպքում էլ են պատճառները տարբեր եւ կրկին անփությության արդյունք. «Երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ՝ չի հղիանում, բժշկության մեջ սա անվանում են առաջնային անպտղություն: Երկրորդայինն էլ այն վիճակն է, երբ կինը անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո: Առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում՝ զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլեւս չեն կրճատվում, եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին՝ բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, եւ սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը»:
Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը՝ աբորտ: Ըստ նրա, նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը. «Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական հետեւողական բուժում»:
Այնուամենայնիվ, կանանց անպտղության հիմնարար պատճառներից մեկը բժիշկ-սեքսապաթոլոգը համարում է նյարդային, հոգեբանական ոչ նորմալ վիճակը՝ սթրեսը, դեպրեսիան, խոր հուզական ապրումները. այնպես որ՝ անհրաժեշտ է հանգիստ ապրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել