Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հունվար 27,2010 00:00

ՏԱՆԻՔԻՑ ՏՈՒԺԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Արարատի մարզի Դալար գյուղում քամին պոկել է 1200 քմ մակերեսով դպրոցի շինության տանիքը: Տանիքն ընկել էր՝ մարմնական վնասվածքներ հասցնելով 37-ամյա Նունե Խոցոյանին: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց: Քամուց վնասվել էր նաեւ մոտակայքում կայանված՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՍՏ 571 պետհամարանիշի ավտոմեքենան:

ԵՐԵԽԱՆ՝ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ
Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարն էր ընկել դեռեւս ինքնությունը չպարզված, մոտ 13 տարեկան պատանի, որի կյանքին, ըստ ականատեսների, վտանգ չի սպառնում:

ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՈՐՈՒՄ
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ձորը գլորվել «ՎԱԶ-2121» մակնիշի 07 ՏՕ 988 պետհամարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդը՝ 48-ամյա Ռ. Ասլանյանը դուրս է բերվել ձորից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց: Տուժածի վիճակը բժիշկների գնահատմամբ միջին ծանրության է:

ՊԱՏՌԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ
«Կուզեի տեղյակ պահել, որ Հայաստանում բացի այն, որ գոյություն չունի սահմանադրական կարգ, պատկան մարմինների կողմից բացահայտ ոտնահարվում է յուրաքանչյուրի՝ Սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական իրավունքը:
Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին ենթարկվել եմ խմբակային ավազակային հարձակման՝ Կոմիտասի 1 հասցեում, որի արդյունքում պատռել են անձնագիրս, կոտրել հեռախոսս, պատճառել մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարձակումը բացահայտ կազմակերպված բնույթ ունի, քանի որ անհնար է վերականգնել Բուսաբանական այգու փաստացի գրանցում պարունակող անձնագիրս»,- «Առավոտին» գրավոր հայտնել է բրուտագործ Գարիկ Կուրղինյանը: Հիշեցնենք, որ վերջինիս խնդրին «Առավոտն» անդրադարձել է. Բուսաբանական այգու հարեւանությամբ գործող տարածքից նրան վտարել էին, իսկ քանդակները մինչ օրս հայտնի չէ, թե ուր էին տարվել:

ՀԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մոսկվայի Դմիտրովսկայա 133 հասցեում գտնվող «Սիլվա» սրճարանում հունվարի լույս 26-ի գիշերը սպանվել է 32-ամյա հայ գործարար Մանվել Փիրումյանը: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ դա պատվերով սպանություն էր: Գործարարը սրճարանում է գտնվել իր կնոջ հետ: Այդ ժամանակ սրճարան է մտել միջահասակ, կովկասցու արտաքինով մեկը: Նա մոտեցել եւ 7 կրակոց է արձակել Փիրումյանի վրա, որից հետո հեռացել հանցագործության վայրից: Ստացված վերքերից, 2-ը՝ գլխին եւ 3-ը՝ կրծքավանդակին, գործարարը տեղում մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել