Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հրավերը կապված էր այս տարվա հունվարի 10-ին ԱԺ պատգամավորի ընտրության օրը Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/19 տեղամասի նախագահ Գագիկ Բաղդասարյանի, Համազասպ Խառատյանի եւ Հովսեփ Հարությունյանի կողմից լրագրողների եւ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու փաստի հետ: Գ. Շամշյանին նրանք հարվածել էին, փորձել էին խլել նրա ֆոտոխցիկը: Երեկ Գ. Շամշյանի հետ առերեսվեցին նշված անձինք: Գ. Շամշյանը պնդել է նախքննության ժամանակ տված իր ցուցմունքը, ինչը պատրաստ է կրկնել եւ ապացուցել նաեւ դատարանում: Երեկ մեր հարցին, թե ինչպե՞ս էր առերեսման ժամանակ իրեն պահում եռյակը, Գ. Շամշյանն ասաց. «Գառան մորթի էին հագել»: Ի դեպ, նախորդ օրը առերեսման էր հրավիրվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանը: