Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքին գույն տվող պոետը

Հունվար 27,2010 00:00

\"\"Արսեն Առաքելյանի ֆիլմը՝ Չիլոյի մասին

«Ես ձեզ հետ երբեք չհավատաք, թե կլինեմ»… Սա 20-րդ դարի բանաստեղծ, թարգմանիչ, «հակասովետական պոետ» Չիլոյի՝ Սլավիկ Չիլոյանի խոսքերն են, ում մասին պատմող համանուն ֆիլմը օրերս հանձնվեց հանդիսատեսի դատին:
Ֆիլմի ռեժիսորն է երիտասարդ կինոռեժիսոր, արվեստագիտության թեկնածու Արսեն Առաքելյանը: 
Ռեժիսորի խոսքով՝ բանաստեղծի, նրա պոեզիայի եւ կյանքի մասին տեղեկությունները մեր իրականությունում խեղաթյուրված են՝ միմյանց հակասող ու ոչ ճշգրիտ. «Ամեն անգամ, երբ անցնում էի Պապլավոկին հարող տարածքում գտնվող «Առագաստ» սրճարանի կողքով, ուշադրությունս միշտ գրավում էր այնտեղ տեղադրված Չիլոյի հուշաքարը, որի տեղում էլ կնքել է իր մահկանացուն երիտասարդ բանաստեղծը: Երկար ժամանակ սկսեցի ուսումնասիրել նրա պոեզիան, կյանքը, շփվեցի նրա ընկերների հետ, ովքեր սովորել, ապրել են նրա հետ: Հակոբ Մարտունին առաջարկեց ֆիլմի սցենար ու այդպես ստեղծվեց ֆիլմս: Նշեմ, որ սա կենսագրական ֆիլմ չէ, խաղարկային է, բաժանված փուլերի՝ Չիլոյի Երեւան գալը, հաջողությունները, անկումը, ազատազրկումը եւ վերջաբանը՝ մահը, թե ինչպես է հեռանում կյանքից՝ այդպես էլ չընդունելով ոչ մի դոգմա… Մի կադր կա, որն իմ ֆիլմում ես ամենաշատն եմ հավանում, երբ իրեն առաջարկում են «ոսկե գլոբուս» մեծ գլոբուսի փոխարեն, նա չի ընդունում, քանի որ իր աշխարհը ուրիշ աշխարհ է: Հենց այդ աշխարհն էլ նպատակ եմ ունեցել բացելու հանդիսատեսի առջեւ»:
Ռեժիսորն ասաց, որ Չիլոյի մասին պատմող ֆիլմը ուսուցողական նպատակ չունի՝ այն ուղղակի ներկայացնում է լեգենդ դարձած մարդու իրական կերպարը:
Ըստ Արսենի, Չիլոն այսօրվա կերպար է, ոչ թե երեկվա. «Ֆիլմ նկարելու կարիքը կար, բայց ոչ թե այսօրվա ֆիլմարտադրողների պես՝ ուղղակի անուն հանելու համար, այլ իրականության եւ Չիլոյի հետ զուգահեռները ավելի պարզ տեսնելու համար: Այսօր նրա նման՝ քաղաքին գույն, տրամադրություն տվող կերպարներ չունենք, երեւի թե չենք էլ ունենա»:
Սա Ա. Առաքելյանի 5-րդ խաղարկային ֆիլմն է, իսկ նկարել սկսել է 1998-ից:
«Այսօր սկսել են բարձրագոչել, թե հայկական կինեմատոգրաֆիան արթնանում է, վերածնվում է: Մի տեսակ այդ արտահայտությունը՝ հայկական կինեմատոգրաֆիա, չեմ սիրում: Այն երբեք էլ քնած չի եղել, ուղղակի նկարողներ չեն եղել՝ հնարավորությունների պատճառով: Կան մարդիկ, ովքեր անդադար աշխատում են եւ Հայաստանը ներկայացնում տարբեր փառատոներում, բայց այդ ամենի դատավորները ովքե՞ր են, պետք է գնահատողներ լինեն նաեւ ներսում, որ այդ ոլորտը զարգանա: Կամ եթե լրագրողը պիտի ռեժիսորի ֆիլմը քննադատի այնպես, ինչպես ինչ-որ մի պատգամավորի ելույթ, էլ ինչի մասին է խոսքը…»,- նեղսրտում է մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, Արսենը խոստովանեց, որ Հայաստանում ինքը չի կարողանում ֆիլմեր նկարելով գումար վաստակել: Նշեց նաեւ, որ որոշել է հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից՝ արտերկրում աշխատելու նպատակով. «Ես չեմ գնա մի երկու կիլոգրամ սեւ «իկռա» ավելի ուտելու կամ մեքենա ունենալու համար: Կգնամ միայն նրա համար, որովհետեւ դրսում հնարավորություն են տալիս ֆիլմ նկարելու»:
Ռեժիսորից տեղեկացանք, որ «Չիլոն» այս տարի Հնդկաստանում արդեն ներկայացված է փառատոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել