Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻ «ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունվար 27,2010 00:00

Կամ՝ ինչպես ճիշտ լուսային «հանդերձանքով» արժեւորել հուշարձանը

Ուսումնասիրել եւ հասկանալի դարձնել լույսն ու բարելավել լույսի «ինտեգրումը» ճարտարապետության մեջ. սա այն տրամաբանությունն է, որով առաջնորդվում է 1958-ին ստեղծված իտալական «Ի Գուզզինի» (iGuzzini) ընկերությունը: «Առավոտի» զրույցը այս ընկերության արտահանման բաժնի Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Մանուել Մարկուսի հետ՝ բացահայտեց, որ լուսավորությունը չի նշանակում միայն լույսի ինչ-որ աղբյուր տեղադրել ինչ-որ տեղ, դա էլ է արվեստ, մշակույթ եւ պահանջում է որոշակի նորմերի իմացություն: Օրինակ՝ ինչպես զրուցակիցս էր նշում, լուսավորման ցանկացած նախագիծ չի սահմանափակվում սոսկ տարածության լուսավորությամբ, այն նաեւ նպատակ է հետապնդում հասկանալի դարձնել լուսային միջավայրը բնութագրող բոլոր բաղադրիչները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարածությունը: Այս ոլորտում եվրոպական կարեւորագույն ընկերություններից մեկը համարվող ընկերության հետ համագործակցում են ներկայումս մեծ վարկանիշ ունեցող ճարտարապետներից Գիո Պոնտին, Ռոդոլֆո Բոնետոն, Բրունո Գեչելին, Ռիչարդ Ռոջերը, Նորման Ֆոստերը, Գայե Օլենտին, Ժան Միշել Վիլմոտը եւ այլք: «Ի Գուզզինի» ընկերության «ձեռքի տակով» է անցել Լուվրի, Բոբուրգի թանգարանների, Բաքվի խորհրդարանի շենքի, Սանկտ Պետերբուրգում Սբ. Հարություն եկեղեցու, նախկին Հարավսլավիայում Մոստարի կամրջի լուսավորությունը եւ այլն: ՀՀ-ի հետ եւս լուսավորության ոլորտում կան պայմանավորվածություններ: Մ. Մարկուսը մեզ փոխանցեց. «Մեր ընկերությունը Հայաստանում կզբաղվի Երեւանի Իտալիայի փողոցի, Իտալիայի դեսպանատան լուսավորությամբ, ծրագրեր կան նաեւ զբաղվել Էրեբունի ամրոցի լուսավորությամբ: Մինչ այդ աշխատանքների իրականացումը՝ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում մի ցուցահանդես կազմակերպել, որի միջոցով կներկայացնենք մեր արտադրանքն ու նախագծերը»:
Խոսելով Էրեբունի ամրոցի ներկայիս տեսքի եւ հետագա լուսային «հանդերձանքի» մասին՝ պարոն Մարկուսն ասաց. «Ցավոք այժմ ամրոցը գտնվում է բավականին աղքատիկ վիճակում: Այն շատ գեղեցիկ դիրք ունի, բայց, ինչպես որ հարկն է, ներկայացված չէ: Քանի որ այն տեղակայված է բլրի վրա, ցերեկով, երբ դրանից ներքեւ ճանապարհով անցնում ես, ամրոցն ինչ-որ կերպ երեւում է, բայց գիշերով այն ընդհանրապես տեսանելի չէ: Այնինչ, գրագետ լուսավորության դեպքում ամրոցը մարդկանց համար նկատելի կլինի նույնիսկ գիշերով, կարելի է նաեւ այն օգտագործել բազմաթիվ գիշերային միջոցառումներ կազմակերպելու համար՝ որպես պատմական նշանակություն ունեցող հրաշալի վայր»: Հետաքրքրվեցինք՝ արդեն ուրվագծվո՞ւմ է, թե մոտավորապես ինչ լուսային լուծումներ են տրվելու ամրոցին: Իտալացի «լուսավորիչը» պատասխանեց. «Այժմ ամրոցը լուսավորված է պարզ լուսային մեթոդով՝ լուսաձող, որի վրա տեղադրված է գնդակի տեսք ունեցող լամպը: Մենք կարծում ենք, որ ավելի գրագետ եւ գեղեցիկ կլինի, եթե այդ գնդակի տեսք ունեցող լամպը փոխարինվի մի քանի լամպերով, որոնք տեղադրված կլինեն լուսաձողի վրա եւ դրանց ուղղությունները կլինեն տարբեր: Արդեն դրանցից յուրաքանչյուրի ուղղությունը կարելի է որոշել՝ նայած թե ինչպիսի էֆեկտներ ենք ուզում ստանալ»: Հարցրինք՝ լուսային ո՞ր մեթոդներն են այժմ համարվում նորաոճ: Զրուցակիցս պատասխանեց. «Այժմ եվրոպական շուկան հիմնականում գրավում ենք LED տեխնոլոգիաներով կատարված լուսավորությամբ: Ըստ այդ տեխնոլոգիայի՝ լույսի աղբյուրը ոչ թե ավանդական լամպն է, այլ մի չիփի նման փոքր լույսի աղբյուր, այ՝ մոտավորապես ձեր ձայնագրիչի վրա վառվող լույսի նման մի բան: Այն զուգակցում ենք տարբեր տեխնոլոգիաներով ու արդյունքում այդ մեթոդը կարող է դառնալ փողոցային լուսավորության համար հրաշալի լուծում: Իհարկե, այդպիսի լուսավորություն տեղադրելու համար բավականին շատ ներդրում է պետք կատարել, բայց լուսավորության տեղադրումից հինգ տարի հետո սկսում ես էներգիա խնայել: Ուստի ամեն ինչ պիտի անեմ, որ Երեւանի քաղաքային իշխանություններից ստանամ համաձայնություն՝ Իտալիայի փողոցը լուսավորել հենց այս մեթոդով»: Մեր այն դիտարկմանը, թե ճիշտ լուսավորությունը բարձրացնում է արվեստի գործի արժեքը, իսկ սխալը՝ հակառակը, զրուցակիցս այսպես պատասխանեց. «Իհարկե, դուք ճիշտ եք: Այս գործն ունի մի շարք առանձնահատկություններ: Օրինակ՝ եթե կտավը լուսավորենք մետաղական լամպերով, դրանց արձակած ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով նկարի որոշ պիգմենտներ ժամանակի ընթացքում կարող են հալչել: Այն լուսային միջոցները, որոնք օգտագործվում են փողոցային լուսավորության համար, վնասակար են հուշարձանների համար: Նատրիումի բաղադրիչներ պարունակող այդ լուսային միջոցները կարող են հուշարձանին տալ չափից ավելի դեղին գույն, ինչը կորցնում է հուշարձանի արժեքն ու գեղեցկությունը: Մյուս կարեւոր կողմն այն է, որ լուսավորության ընթացքում հնարավորինս քիչ դիպչես հուշարձանին, դա երբեմն նպատակահարմար է անել գետնին տեղադրված լուսային միջոցներով»: Քանի որ իտալացի «լուսավորիչը» առաջին անգամ է Հայաստանում, հետաքրքրվեցինք, ի՞նչ տպավորություններ ունի ՀՀ հուշարձանների եւ մայրաքաղաքի լուսավորությունից: Նա պատասխանեց. «Անկեղծ ասած՝ Երեւանի լուսավորությունը բավականին աղքատիկ է: Օրինակ՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը գեղեցիկ ճարտարապետական կառույց է, բայց դրա լուսավորությունը բավականին հնաոճ է եւ ոչ այնքան գրագետ: Այդտեղ չափից ավելի է դեղին լույսը, իսկ կլոր՝ գնդակի նմանվող լուսարձակներն արդեն հնացած են ու դրանց պարագայում մեծ է էներգիայի կորուստը: Միեւնույն ժամանակ, չնայած նշածս թերություններին, Երեւանի Հանրապետության հրապարակը շքեղ տեսք ունի, պատկերացրեք՝ ինչպիսին կթվար այն, եթե լիներ ճիշտ լուսավորված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել