Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շրի-Լանկան նոր նախագահ է ընտրում

Հունվար 27,2010 00:00

Շրի-Լանկայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Դրանք առաջինն են 25-ամյա քաղաքացիական պատերազմից հետո «Թամիլ-իլամայի ազատագրության վագրեր» անունը կրող ապստամբ-անջատողականների շարժման ջախջախումից ի վեր: «BBC»-ի մատուցմամբ, Շրի-Լանկայի նախագահի ղեկավարի պաշտոնին հավակնում է 22 թեկնածու, բայց, ինչպես սպասվում է, հիմնական պայքարը ծավալվելու է գործող նախագահ Մահինդա Ռաջապակսայի եւ երկրի զինուժի նախկին հրամանատար, գեներալ Սարատահ Ֆոնսեկայի (նկարում) միջեւ: Վերջիններս ժամանակին քաղաքական դաշնակիցներ են եղել եւ միասին ղեկավարել են «Թամիլյան վագրեր» խմբավորման ապստամբների դեմ պայքարը: Նրանք դարձել են հակառակորդներ այն բանից հետո, երբ գեներալը որոշում էր կայացրել իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Բացի այդ, գործող նախագահը մեղադրել էր նախկին հրամանատարին՝ երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ, որից հետո գեներալը զբաղեցրած պաշտոնից հրաժարական էր տվել:
Ընտրություններն անցնում են անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Ստացվող տեղեկությունների համաձայն, Ջաֆանա քաղաքում երեկ չորս պայթյուն է իրականացվել, որոնց արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: Երեկվա ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ մոտ 14 մլն ընտրող, բացվել էր 11 հազար ընտրական տեղամաս: Քաղաքացիական արյունալի պատերազմից հետո տեղի ունեցող այս ընտրությունները փորձագետները երկրի համար շրջադարձային են համարում՝ նկատելով, որ եթե այդ պատերազմը չլիներ՝ Շրի-Լանկան կարող էր դառնալ նույնքան ծաղկող երկիր, որքան Սինգապուրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել