Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեչեն մոջահեդներին զինում է Կադիրովի շրջապատը

Հունվար 27,2010 00:00

Չեչեն անջատողականներին ֆինանսավորում եւ զենք գնելու հարցում օգնում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատը: Այդպիսի աղմկահարույց հայտարարությամբ «Reuters»-ի հետ հարցազրույցում հանդես է եկել չեչեն ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովի եղբայրը՝ Ստամբուլում բնակվող Վահա Ումարովը: «Օգտագործվող բոլոր փողերը Չեչնիայից են: Զենք չի գնվում: Դրանք վերցվում են Կադիրովի ուժայիններից: Կադիրովի նախարարները մոջահեդներին գումարներ են հատկացնում»,- ասել է Ումարովը՝ հավելելով, թե զենքն ու ֆինանսական միջոցները ստացվում են Չեչնիայից, Ինգուշեթիայից եւ Դաղստանից: Նրա ասելով, խռովարարներին փող տալիս են Կադիրովի նկատմամբ չեզոքություն պահպանող մարդիկ, ովքեր փորձում են իրենց ապահովագրել՝ տարածաշրջանում իշխանության հնարավոր փոփոխության դեպքում: «Դա նման է ապագային ուղղված ներդրումներին. երբ այս ամենը ավարտվի, այդ մարդիկ նոր իշխանություններին կարող են ասել՝ ես ամբողջ ժամանակ եղել եմ ձեր կողքին»,- պարզաբանել է Վահա Ումարովը: Նրա փոխանցմամբ՝ մոջահեդ գրոհայինների թիվը միայն Չեչնիայում 3000 է, իսկ ամբողջ Կովկասում՝ 5000: Նա նաեւ հերքել է պնդումները, թե չեչեն անջատողականները կապեր ունեն «Ալ Քաիդայի» հետ, բայցեւ հաստատել է իր եղբոր հայտարարությունն առ այն, որ գրոհայինները պատասխանատու են անցյալ տարվա օգոստոսին Սայանո-Շուշինսկի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի համար: Ումարովն ասել է, թե այդ վթարը իրականում ահաբեկչական ակտի արդյունք է եղել. «Դրանով գրոհայինները Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ են սկսել եւ դեռ պատրաստվում են իրականացնել այդօրինակ այլ հարձակումներ»:
Չեչնիայի պաշտոնական շրջանակները չեն շտապում մեկնաբանել Ումարովի հայտարարությունները եւ նախընտրում են դրանց ուշադրություն չդարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել