Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները»

Հունվար 27,2010 00:00

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ձեռնարկվել են միջոցներ նրանց պատասխանատվության բարձրացման եւ բացահայտված խախտումներն ու թերացումները շտկելու ուղղությամբ:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Թռչունյանը ասաց, որ 2009-ին գիտական աստիճանի վկայագիր է հանձնվել 568 գիտնականի, այդ թվում 50 վկայագիր՝ գիտական դոկտորի: Նրա խոսքով, որակավորման պետական չափանիշները չպահպանելու պատճառով ԲՈՀ-ում առանձին աշխատանքներ չեն հաստատվել. «Մոտ վեց տասնյակ ատենախոսություններ վերադարձվել են որակավորման գործերում աստիճանաշնորհման կանոնակարգային առանձին խախտումների եւ ընթացակարգի վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, նաեւ 14 ատենախոսություններ՝ տեխնիկական թերացումների ուղղման համար»: ԲՈՀ-ը դադարեցրել է ժուռնալիստիկայի խորհրդի գործունեությունը, նախազգուշացրել մի շարք խորհուրդների՝ վերացնել բացահայտված խախտումները եւ բացթողումները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա տարեվերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը արձանագրել էր, որ ԲՈՀ-ը կիրառության մեջ է դրել իրավական մի ակտ, որը գրանցված չի եղել արդարադատության նախարարությունում, եւ այն հակասում է կառավարության որոշմանը: Մեր հարցին, թե ինչ իրավական ակտի մասին էր խոսքը, պարոն Թռչունյանը զարմացավ. «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը որտեղից եք վերցրել, ԲՈՀ-ը նման իրավական ակտ չի ընդունել»: Վերահսկողական ծառայությունը նաեւ արձանագրել էր, որ ԲՈՀ-ը գիտական կոչում եւ աստիճան է շնորհել բազմաթիվ խախտումներով՝ եղել են ատենախոսություններ, որոնց բովանդակությունը չի համապատասխանել թեմային, ծավալն էլ սահմանվածից քիչ է եղել: Ծառայությունը բացահայտել էր՝ նույնիսկ գրագողություն կատարածին էլ են գիտական աստիճան տվել: Այս առիթով պարոն Թռչունյանը պարզաբանեց. «Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարվել են ուսումնասիրություններ, դրանց արդյունքները մենք ստացել ենք, բայց չկային առանձին այնպիսի դեպքեր, որոնք հիմք կտային մեզ վերանայելու նախկինում մեր ընդունած որոշումները: Նախ ձեզ ասեմ, որ գիտական աստիճանների վերանայում, առավել եւս զրկում մեր գիտական աստիճանավորման կանոնակարգով ԲՈՀ-ի գործառույթներով նախատեսված չէ»:
Պարոն Թռչունյանը, ներկայացնելով 2009-ի գործունեությունը, ասաց, որ 288 գիտնական մանկավարժներ արժանացել են դոցենտի եւ պրոֆեսորի կոչման դիպլոմների: 2007-ի համեմատ՝ 15,4%-ով նվազել է գիտական կոչումների դիպլոմներ ստացածների թիվը: Նրա տեղեկացմամբ, վերջին շրջանում գիտական աստիճանի վկայագրեր ստացողների թիվը նվազել է հատկապես դեղագործական, ճարտարապետության, կենսաբանական, տեխնիկական ոլորտներում: Պարոն Թռչունյանի խոսքով, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2009-ին, մենագրությունների հիման վրա գիտական աստիճաններ չեն շնորհվել, իսկ ինչ վերաբերում է ասպիրանտուրան անվճար ուսուցմամբ ավարտողներին, նրանց միայն մոտ 29%-ն է մոտեցման ժամկետում պաշտպանել ատենախոսություն: Պարոն Թռչունյանի խոսքով՝ գիտական աստիճանի վկայագիր ստացածների 37,9%-ը կանայք են. այս ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ է: Տարվա ձեռքբերումները թվարկելով՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում, մի շարք միջազգային համաձայնագրերի համաձայն, ընդլայնվել է ատենախոսությունների մի մասը արտերկրի որակավորման կենտրոններ փորձաքննության ուղարկելը:
 ԲՈՀ-ի նախագահի համոզմամբ, գիտական հետազոտություններվ զբաղվելը տարեցտարի դժվարանում է ու դառնում անհետաքրքիր: Նրա խոսքով, որպեսզի հաջորդ տարիներին գիտությունը եւ բարձրագույն կրթությունը չմարի, պետք է այդ ուղղությամբ աշխատելու հստակ մեխանիզմներ սահմանել եւ ոլորտի որակյալ կադրեր ապահովել. «Մենք շատ տխուր պատկեր կունենանք մի քանի տարի հետո, նման տագնապ ունեն բոլոր գիտաշխատողները, հիմա բավականին շատ են հայեցակարգային փաստաթղթեր քննարկվում, բայց դրանք գիտաշխատողների համար ռեալ օգնություն եւ հենք չեն ներկայացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել