Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 27,2010 00:00

Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) փետրվարի 1-ից ՀՀ եւ ԼՂՀ բոլոր այն կրթական հաստատություններում, որոնք իրականացնում են հանրակրթական ծրագիր, կանցկացնի պետական ավարտական եւ միասնական (2010թ. բուհերի ընդունելության) քննությունների առարկաների հայտագրում: Հստակեցնենք, որ սա ոչ թե մասնագիտությունների, այլ պարզապես առարկաների հայտագրման գործընթաց է. ապագա դիմորդները հայտագրում են բոլոր այն առարկաները, որոնցից իրենք ցանկանում են միասնական քննություն հանձնել: «Առավոտը» հայտագրման գործընթացի որոշ նրբությունների մասին զրուցեց ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանի հետ: Նա տեղեկացրեց, որ այս տարի հայտագրման անցկացման ժամկետները նույնն են մնացել: Իսկ թե այս շրջանում շրջանավարտներից, ուսուցիչներից, դպրոցի տնօրեններից եւ ծնողներից ինչ է պահանջվում անել, պարոն Նասիբյանն ասաց. «Նրանք պիտի լավ ծանոթանան մեր հայտարարության տեքստին, որը տեղադրված է կրթական տարբեր կազմակերպությունների կայքէջերում, կլինի հանրապետական մամուլում: Հայտագրումն ունի հիմնական եւ ճշգրտման փուլ: Հիմնականը կավարտվի մարտի 15-ին, իսկ ճշգրտմանը՝ ապրիլի 15-ին: Այս փուլում ունենում ենք շրջանավարտներ, որոնք առաջին հայտագրման առարկան փոխում են: Օրինակ՝ եթե առաջին փուլում շրջանավարտն ունի 3 հայտագրված առարկա, ապա երկրորդ փուլում նա իրավունք ունի 3-ից էլ հրաժարվել, կարող է նաեւ ընդհանրապես միասնական քննություն հանձնելուց հրաժարվել: Իսկ վերջնական ճշգրտումը կատարվելու է ապրիլի 15-ին»: Նախորդ տարվանից հայտնի է, որ շրջանավարտը յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի հաշվեհամարին 1500 դրամի բանկային փոխանցում է կատարում, վճարի անդորրագիրը կցվում է դիմում-հայտին: Պարոն Նասիբյանը, նշելով, որ նախորդ տարիներին որոշ թյուրիմացություններ են եղել, ասաց. «Այս տարի եթե շրջանավարտը 2-րդ փուլում հրաժարվի որեւէ քննություն հանձնել, ապա նա կարող է լրացնել մեր կայքէջում տեղադրված դիմումի ձեւը, այն տալ դպրոցի տնօրենին, նա էլ փոխանցի մեզ, ու մենք դրա հիման վրա երեխային կվերադարձնենք այդ գումարը, որը նա կարող է անձնագրով ստանալ բանկի այն ստորաբաժանումից, որտեղ մուծել է: Շրջանավարտներ կան, որ սխալմամբ բանավոր քննությունների համար էլ են մուծում: Սա միասնական քննության առարկաների հայտագրում է, բանկն էլ միայն միասնական քննության գումարն է վերցնում, այսինքն՝ սա թեստային քննության մասնակցության համար տրվող վճարն է: Բանավորինը կամ մասնագիտական առարկաներինը վճարվում է բուհում, իսկ, օրինակ՝ կոնսերվատորիա դիմողները չպիտի մասնակցեն այս փուլին, այլ մայիսի վերջից հունիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում գումարը վճարեն իրենց բուհում»:
Հետաքրքրվեցինք՝ առարկաների հայտագրման դեպքում դրանց թվի հետ կապված սահմանափակում կա՞: Պարոն Նասիբյանը պատասխանեց. «Սահմանափակում չունենք, հայտում նշված 15 առարկան էլ կարող են նշել, բայց, կարծում եմ, 15 առարկա նշող դիմորդի տեղը բուհը չէ: Իսկ եթե տվյալ դիմորդի դեպքում նրա նշած առարկաներից երկուսը նույն օրն են կազմակերպված լինում, ապա այդպիսի դիմորդներն իրենց ընտրությամբ այդ առարկաներից մեկը հանձնում են լրացուցիչ փուլում»: Անցյալ տարի թյուրիմացություն է եղել ժուռնալիստիկայի ֆակուլտետի որոշ դիմորդների շրջանում: Կ. Նասիբյանն այս տարվա ապագա ժուռնալիստներին զգուշացրեց. «Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար պետք է հանձնել 4 քննություն: Ու քանի որ ԿԳՆ-ի հրատարակած ցուցակում հայոց լեզու եւ գրականություն թեստային հատվածի կողքին գրված է ոչ մրցութային, որոշ դիմորդների թվացել էր, թե կարող են այս քննությունը չհանձնել: Այնինչ՝ այն պարտադիր է: Նրանք ոչ մրցութային քննությունը շփոթել են աստղանիշովի հետ, որի դեպքում է միայն, որ դիմորդը կարող է գնահատական տանել ատեստատից: Ուստի նրանք, ովքեր ընտրել են ժուռնալիստիկա մասնագիտությունը, 4 քննություն են հանձնելու եւ մեզ մոտ վճարելու են 3-ի համար, քանի որ մեկը բանավոր է»: Քանի որ որոշ 10-րդ դասարանցիներ փորձի համար ցանկություն են հայտնում մասնակցել միասնական քննություններին, հարցրինք՝ դա հնարավո՞ր է: Կ. Նասիբյանը պատասխանեց. «Դա հնարավոր չէ: Անհեթեթ բան է ստացվում: Եթե, օրինակ՝ 10-րդ դասարանցին ուզում է հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկան, ապա դա նշանակում է, որ 11-րդ դասարանում նա այդ առարկայի դասերին չի մասնակցելու: Էլ ի՞նչ աշակերտ»:
Միասնական քննության վկայագրի գնահատականը մեկ տարվա ուժ ունի: Բանակ զորակոչվածների համար, որոնք գարնանային զորակոչին են մասնակցում եւ կհասցնեն մի քանի քննություն հանձնել, վկայագրի գնահատականը ուժի մեջ կլինի նաեւ բանակից վերադառնալուց հետո: Քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտները հայտագրում են անցնելու լրացուցիչ փուլում: Սա վերաբերում է նաեւ Ջավախքի եւ սփյուռքահայ շրջանավարտներին: Կ. Նասիբյանը Ջավախքի կապակցությամբ ասաց. «Դիմում-հայտերի լրացման գործընթացում մենք մշտապես կապի մեջ ենք դպրոցի տնօրենների, վարչությունների հետ, ինչը չենք կարող անել Ջավախքի պարագայում: Անցյալ տարի նույնիսկ սահմանում որոշ խնդիրներ առաջացան: Ուստի այդտեղի շրջանավարտները մասնակցում են լրացուցիչ փուլին՝ գալով եւ այստեղ, լրացնելով դիմում-հայտը, տեղեկանալով քննությունների օրերին»: Կ. Նասիբյանը շրջանավարտներին պարտադրեց դիմումը լրացնել ինքնուրույն, հակառակ դեպքում՝ կստացվի փաստաթղթի կեղծում: Իսկ դպրոցի տնօրեններին խնդրեց մինչ դիմումի լրացնելը՝ աշակերտներին նախապատրաստել, հետո էլ դիմում-հայտը ուշադիր կարդալ, նոր կնքել ու ստորագրել, թե չէ՝ անճշտությունների առաջացման դեպքում ԳԹԿ-ում ստիպված են եւս մեկ ամիս սպասել ճշգրտման համար:
Նախորդ տարվա շրջանավարտները դիմում-հայտը կհանձնեն ոչ թե իրենց գրանցման, այլ բնակության վայրին մոտ գտնվող դպրոցում: Օրինակ՝ եթե Մեղրիում գրանցված շրջանավարտն այժմ գտնվում է Երեւանում եւ պարապում է այստեղ, ապա նա դիմում-հայտը պետք է հանձնի իր բնակության վայրի համայնքի այն դպրոցին, որն այս տարի պատասխանատու է իրականացնել այդ գործընթացը: Ինչպես տեղեկացրեց Կ. Նասիբյանը, իրենք մտադրություն ունեն այս գործընթացը առաջիկա տարիներին դարձնել էլեկտրոնային, որպեսզի անմիջական կապ հաստատեն դպրոցի տնօրենի հետ՝ առանց վարչության միջնորդության: Իսկ մինչ դիմում-հայտերի լրացման գործընթացի սկիզբը՝ ԳԹԿ աշխատակիցները կշրջեն դպրոց առ դպրոց՝ այնտեղի մասնագետների համար լուսավորելով հայտագրման գործընթացի կազմակերպման որոշ հմտություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել