Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հունվար 27,2010 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\" Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների տրամաբանությունը, չնայած իր ապակառուցողական եւ անհամակարգ բնույթին, այնուամենայնիվ, մի շարք օրինաչափություններ է արձանագրել, որոնցից առնվազն երկուսը պարբերաբար կրկնվում են՝ հիշեցնելով իրենց մասին: Առաջին օրինաչափությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չի փոխվում, չի հեռանում եւ չի վերահաստատվում ընտրությունների արդյունքում: Այս օրինաչափությունը սկզբնավորվել է ՀՀ նախկին իշխանությունների օրոք եւ ամրակայվել ու արմատավորվել՝ ներկա իշխանության ժամանակ: Երկրորդ օրինաչափությունը ծնվել է որպես առաջինի տրամաբանական շարունակություն եւ մեծացել է հենց առաջին՝ գործող իշխանության հավերժացման օրորոցում: Երկրորդ օրինաչափության կարգախոսն իշխանափոխությունն է, եւ այն նույնքան կարծր է, որքան առաջինը: Շուրջ մեկուկես տասնամյակ ձգվող այս երկու օրինաչափությունների բախման աղմուկը խլացնում է հեղափոխության քայլերգը, որի առջեւ Հայաստանի դռները գոցված են թե ներսից եւ թե դրսից:

1.
«Անղեկ, ցաքուցրիվ,
անգաղափար….»
 Եղիշե Չարենց
Հայաստանում հաստատված հասարակական-քաղաքական իրողությունները ոչ միայն արգելակ են դարձել փոփոխությունների ճանապարհին, այլեւ կարծրատիպեր են ձեւավորել հենց այդ փոփոխությունների շուրջ: Այդ կարծրատիպերի հիմքում ընկած են կեղծ ու պատիր հասկացություններ եւ արժեքներ. մի կողմից՝ մահաշունչ կայունության եւ անվտանգության ապահովման, մյուս կողմից՝ «սահմանադրական ճանապարհի» արհեստական պարտադրանքը: Այս հասկացությունները, որոնք ծնվել են առաջին դեպքում՝ քաղաքական իշխանության, երկրորդ դեպքում՝ ընդդիմության ճամբարում, ոչ միայն իրար հակոտնյա չեն, այլեւ լրացնում են միմյանց՝ ապահովելով երկուսի ներդաշնակ շարունակականությունը: Կայունության եւ սահմանադրականության հասկացություններն ու արժեքները դրված են իշխանության դեպքում՝ գործողությունների հիմքում, ընդդիմության դեպքում՝ գործողությունների բացակայության հիմքում: Հենց սրան է հանգում հայաստանյան իշխանության եւ ընդդիմության հիմնական տարբերությունը, իսկ մնացյալ դեպքերում նրանց միջեւ տարբերությունները ժամանակի ընթացքում ջնջվում են, անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ անուն ունի տվյալ ժամանակահատվածի ընդդիմությունը եւ ի՞նչ անուն-ազգանուն՝ նրա միասնական թեկնածու-առաջնորդը՝ Վազգեն Մանուկյա՞ն, Կարեն եւ Ստեփան Դեմիրճյաննե՞ր, Լեւոն Տեր-Պետրոսյա՞ն, «Ազգային դաշի՞նք», «Արդարությո՞ւն» դաշինք, թե՞ Հայ ազգային կոնգրես: Ընդ որում՝ բոլոր ժամանակներում անփոփոխ են մնում ոչ միայն ընդդիմության բառապաշարը, կարգախոսներն ու պահանջները, այլեւ անփոփոխ է ընդդիմության ցանկը՝ նույն փոքրաթիվ կուսակցությունները՝ անփոփոխ առաջնորդներով: Անշուշտ, յուրաքանչյուր չկայացած ընտրությունից հետո ընդդիմության մի մասը մաշվում է, մեկ-երկուսն էլ տեղափոխվում իշխանության ճամբար, եթե, իհարկե, այնտեղ նրան ընդունում են: Իսկ ողջ մնացածները շարունակում են ծվարել երբեմնի միասնական թեկնածուի ստվերում:
 Նույնքան կարծրացած եւ անփոփոխելի է նաեւ իշխանությունը՝ միաբեւեռ ղեկավարմամբ, տնտեսական, հասարակական, քաղաքական, տեղեկատվական դաշտի կարծր վերահսկմամբ, քաղաքական հակառակորդների հանդեպ անզիջում վարքագծով: Հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը այլ նմանություններ եւս ունեն. սեփական գործելակերպի անքննադատելիությունը, այդ գործելակերպը քննադատողների ձաղկումը, արհամարհանքը այլակարծության հանդեպ, ըստ այդմ նաեւ՝ վերին ճշմարտությանը հասու լինելու մեծամտությունը: Մեծ հաշվով, թե իշխանության եւ թե ընդդիմության համար ժողովրդավարական արժեքները կեղծ արժեքներ են, մանավանդ որ՝ դրանք բացակայում են նույն քաղաքական թիմում:
Երկրորդ հանգամանքը, որը մոտեցնում է նրանց, նոր մտքերի, թարմ գաղափարների, նոր ճանապարհների փնտրտուքի բացակայությունն է, դրանց չգոյությունը: Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում կամ գաղափարներ չեն ծնվում, կամ դրանք խեղդվում են օրորոցում: Այսօրինակ իրավիճակի հիմնական պատճառը հետեւյալն է՝ հայ հանրությունը, լինելով մարտնչող պահպանողական, մշտապես պայքարում է նորի, անսովորի, առաջադիմության դեմ: Եվ քաղաքական կուսակցությունները, լինեն դրանք իշխանության, թե ընդդիմության կազմում, այս իրողության մերօրյա հստակ արտացոլանքն են: Մեծամտությամբ քողարկված պարզունակությունը, ինքնագոհ եւ անսխալական կեցվածքը, իրենցից դուրս ամեն ինչ եւ ամենքին մերժելու մեթոդները, նոր ծլարձակած գաղափարը արժեզրկելու գործելակերպը հայաստանյան իշխանությանը եւ ընդդիմությանը զրկում են առաջընթաց ապրելու հնարավորություններից՝ նրանց համար ստեղծելով ճահճացման ապահով հանգրվան, ուր հող չկա շարժման եւ փոփոխությունների համար: Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ միայն ղարաբաղյան շարժման եւ ետխորհրդային առաջին տարիներն էին, երբ գաղափարների եւ արժեքների փնտրտուքն ու հարահոսը կարող էր ձեւավորել նոր հասարակություն եւ առաջադեմ, քաղաքակիրթ հասարակական-քաղաքական-պետական համակարգ: Սակայն նորի ձգտումները մարեցին օդում, խլացվեցին այդ արժեքներին կենսանյութ հաղորդելու պահանջները, եւ Հայաստանը վերադարձավ հետադիմական համակարգի ելման կետ, ուր գոյատեւել է դարեր շարունակ:
Գաղափարականության մերժման, դրանից հեռանալու անողոք վկայությունը Հայաստանի նորագույն շրջանի ընդգծված գաղափարական գործիչ Վազգեն Մանուկյանն է: Նրա «համաշխարհային ազգի» եւ «հայկական երազանքի» երբեմնի դավանանքը, «փոխել եւ ոչ թե հարմարվել», «համարձակվիր դառնալ երկրի տերը» կարգախոսներն այժմ վերածվել են արճճե փամփուշտների՝ ուղղված ոչ միայն եւ ոչ այնքան Վ. Մանուկյանի դեմ, վերածվել են ոչ միայն սահմանազատող փշալարերի՝ կանգնած նրա քաղաքական կենսագրության ճանապարհին, այլեւ հրազենային անձրեւի, որը թափվում է հայկական իրականության մոխրացած գաղափարական դաշտի վրա՝ գոցելով առաջընթացի եւ զարգացման դարպասները Հայաստանի Հանրապետության առջեւ:

2.
«Չկա սկիզբ եւ ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն…»
Արթուր Մեսչյան
Հայաստանում փոփոխությունների հանդեպ ունեցած վախը քողարկվում է կամ կայունության, կամ իշխանափոխության կարգախոսներով, որոնք երկրի հասարակական-քաղաքական հեռանկարը գունազրկում են, ինչպես քայքայիչ աղանդներն են արժեզրկում քրիստոնեական հավատը: Ներհայաստանյան իրականության մեջ թեւաթափ անող ետընթացի, նահանջի եւ ճահճացման պատասխանատվությունը գրեթե հավասարապես կրում են քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը: Հայաստանում կայունություն են գոչում եւ իշխանափոխություն են պահանջում շուրջ քսան տարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին շրջանից սկսած, եւ գրեթե նույնքան ժամանակահատված է, ինչ Հայաստանում իշխանությունը չի փոխվում ընտրությունների արդյունքում: Իշխանությունը կայունության վահանով պաշտպանում է անարդարության, ապօրինությունների, անպատժելիության, կեղեքումների իրականությունը, ընդդիմությունը իշխանափոխության դրոշը ծածանում է փոփոխությունների հրկիզված դաշտում, գիտակցաբար անտեսելով այն հանգամանքը, որ իշխանափոխությունը դեռ չի ենթադրում փոփոխություններ հասարակական-քաղաքական կյանքում: Հայաստանյան վերջին մեկուկես տասնամյակի պատմությունը դրա վկայությունն է: Կայունությունը Հայաստանում վերածվել է ազատ, օրինական ընտրությունների դահճի, իշխանափոխությունը սկսվում եւ ավարտվում է փոխատեղությամբ՝ թե իշխանության ներսում, թե ընդդիմություն-իշխանություն շրջանում: Ըստ այդմ՝ իշխանություն-ընդդիմություն շուրջպարը թեպետ առաջին հայացքից խորհրդավոր բնույթ է կրում, սակայն զուրկ է փոփոխությունների կրակից, պարի շիկացումից, մանավանդ որ՝ շրջանը, որպես կանոն, փակվում է նոր մասնակիցների առջեւ: Դրանով իսկ աստիճանաբար մարում են մրրկապարի երբեմնի առկայծումները, պարզորոշ դարձնելով այն հանգամանքը, որ դա բնավ էլ փոփոխությունների շուրջպար չէ:
Գիտակցելով իրադարձությունների ուղղորդման նման պարզորոշ ավարտը՝ հայաստանյան ընդդիմադիր առաջնորդները փոփոխությունների ձգտումները խեղդամահ են արել ի սկզբանե, քանի որ դրանք կարող էին հանգեցնել ոչ թե իրենց բաղձալի իշխանափոխությանը, այլ հետադիմությունն ավերող, նորի, առաջադիմության քամիներ բերող փոթորկի՝ Հեղափոխության, որի հանդեպ իրենց ունեցած երկյուղը նրանք քողարկում են քաղաքական հնոտիներով, թե՝ հեղափոխությունները ծնում են «ավերմունք ու մահ»:

3.
«Շառագունված անվերջ
ուրիշների հրով…»
 Եղիշե Չարենց
Նախկին խորհրդային հանրապետություններում գունավոր հեղափոխությունների կայծակը Հայաստանում թեպետ լուսավորել է, սակայն հեղափոխական խարույկ չի վառել: Հայաստանյան իշխանություններն ու ընդդիմությունը գործել են միասնաբար՝ հանրային կողմնորոշիչները մշտապես ուղղորդելով հեղափոխությունների դեմ՝ մատնացույց անելով հեղափոխության հետեւանքով ջրի երես ելած հասարակական-քաղաքական տիղմը, որը մինչ հեղափոխությունը արգելակում էր ջրի հոսքը: Վրաստանում, Ուկրաինայում, Միջին Ասիայում թեւածող տարանուն հեղափոխությունները տեղահանեցին հանրային-պետական տիղմը՝ շարժում հաղորդելով ճահճացված իրականությանը: Գունավոր հեղափոխության հակառակորդները՝ թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս, չեն հանգստանում նաեւ այսօր՝ մատնացույց անելով Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հինգ տոկոսանոց վարկանիշը, անտեսելով այն հանգամանքը, որ հենց նարնջագույն հեղափոխությունը հնարավոր դարձրեց քաղաքական պայքարը եւ ընտրության հնարավորությունը քաղաքական տարաբեւեռ գաղափարների միջեւ եւ իշխանության հանձնումը առանց վտանգավոր ջղաձգումների: Վրաստանի վարդերի հեղափոխությունը իրական դարձրեց կոռուպցիայի դեմ պետական կազմակերպված եւ անդուլ պայքարը: Տարաբնույթ ներքին եւ արտաքին, սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց բախվեցին այդեւայլ երկրների ետհեղափոխական կառավարությունները, նախահեղափոխական ժամանակահատվածի բեռն են:
Հեղափոխությունը կարող է ձախողվել, այն կարող են ողջ-ողջ թաղել, տապալել, ուշացնել, անգամ՝ խեղդամահ անել, սակայն հայտնի չէ, թե ե՞րբ, որտե՞ղ, ո՞ր դաշտում նա կարող է սերմեր գցել եւ ծլարձակել: Հեղափոխությունը կարող է իրականացնել թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե հանրությունը՝ առանց իշխանության կամ ընդդիմության: Եթե իշխանությունն է իրականացնում հեղափոխական այն փոփոխությունները, որոնք կարող են մաքրել հետադիմության փոշին եւ լճացման ճահիճը հասարակական-քաղաքական-պետական կյանքից, ապա հասարակության եւ պետության զարգացումն ընթանում է առանց ցնցումների եւ վերանում է հասարակության եւ իշխանության միջեւ առկա ատելության վերածված անվստահությունը: Սակայն հայաստանյան իշխանությունը սարսափում է հեղափոխությունից, ինչպես աստվածաշնչյան ջրհեղեղից: Նույնչափ հեղափոխությունից վախենում եւ այն եռանդուն կերպով մերժել եւ մերժում է հայաստանյան տարանուն ընդդիմությունը, երկյուղելով, թե հեղափոխության հեղեղը իշխանության հետ իրեն էլ կքշի-կտանի: Եթե հեղափոխության կրակը վառում է հասարակությունը, ապա ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունն ի զորու չեն կարգավորել զարգացումների ուղղությունը:
Անկախ այն հանգամանքից, թե ո՞վ է գլխավորում հեղափոխությունը՝ իշխանությո՞ւնը, ընդդիմությո՞ւնը, թե՞ հասարակությունը, պատասխանատվությունը հավասարապես կրում են երեքն էլ, պատասխանատվություն երկիրը հեղափոխության հասցնելու համար:
Ահա այդ ժամանակ էլ պարզ է դառնում, որ իշխանափոխությունը բնավ հեղափոխություն չէ, իսկ հեղափոխության նպատակը միայն իշխանափոխությունը չէ: Ահա թե ինչու այլոց հեղափոխության հրից մենք ընդամենը կարող ենք շառագունել, սակայն՝ ոչ այրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել