Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նշվեց Սեւակի ծնունդը

Հունվար 27,2010 00:00

 «Իսկական բանաստեղծը չի կարող
չբարձրանալ իր ժամանակից՝ թեկուզեւ այն պարզ
պատճառաբանությամբ, որ պարտավոր է
ապրել այդ ժամանակից շատ ավելի»:
Պարույր Սեւակ
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է: 1924-ին է ծնվել, իսկ 1971-ից՝ Սեւակի ողբերգական մահվանից այս կողմ, յուրաքանչյուր տարի այդ օրը Սեւակի ծննդավայրը՝ Զանգակատուն գյուղը, նոր Նարեկ է դառնում. մարդիկ ուխտավորների նման են գալիս՝ իրենց խոնարհումը ու հարգանքը մատուցելու մեծ բանաստեղծին: Ու Զանգակատանը հառնում է Սեւակի անլռելի ոգին: Այստեղ ամեն ինչ արվում է՝ պատշաճորեն նշելու բանաստեղծի ծննդյան տարեդարձը:
Այս տարի միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, վաստակաշատ մանկավարժ ու Սեւակի գործի մեծ նվիրյալ Նինա Հարությունյանը, գրողներ եւ այլ սեւակապաշտներ: Ելույթ ունեցողները՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Պ. Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, Սեւակի պոեզիայի գիտակ Ալլա Հակոբյանը, բանաստեղծուհի Դարիկո Խաչատրյանը խոսեցին նրա քայլող ներկայության, իր «բարի երազը» եւ «լույս զվարթ»-ի ներբողը մեզ թողած բանաստեղծի, մարդու անկաշառ ու առինքնող նկարագրի մասին: Ելույթ ունեցավ Գրիգոր Ղամբարյանի ղեկավարությամբ Աբովյան քաղաքում գործող մանկական երգչախումբը:
Մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձը Զանգակատուն էր բերել նաեւ նրա պոեզիայով խանդավառ ու ոգեշնչված երիտասարդների մի խմբի, ովքեր ոչ միայն իրական, այլ նաեւ վիրտուալ կյանքում՝ ինտերնետում, www.odnoklassniki.ru կայքում «Պարույր Սեւակ» խումբ են ստեղծել եւ միավորել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: Միավորել սեւակյան սիրո շուրջ: Միջոցառման ամբողջ ընթացքում հին ու նոր սերունդների շուրթերին հանճարեղ բանաստեղծի խոսքն էր, որը ներկաները վայելում էին սրբազան նշխարի նման: Բոլորի համոզումը մեկն էր՝ «Մեծերը միայն ծննդյան օր ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել