Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՐՏ, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 27,2010 00:00

Սրա՞նք են Վանաձորի արվեստի պետական քոլեջի այսօրը

\"\"

\"\"

Վանաձորի արվեստի պետական քոլեջում «սնկի սեզոնը» չի ավարտվում: Սունկն այս պարագայում ճաշացուցակի բաղկացուցիչ մաս չէ, այլ արվեստի քոլեջի պատերին աճող անցանկալի, տհաճ, անտեղի, բայց արդեն պարտադիր հավելույթ: Այստեղ չեն հավատում, որ մի օր քոլեջի պատերին էլ սունկ չեն տեսնի: Դա հնարավոր կլինի, եթե, իհարկե, վերացվի տարիներ շարունակ սնկի աճման համար բարենպաստ պայման խոնավությունը: Շենքը խոնավանում է վթարված կոյուղու խողովակի պատճառով, որից հոսող ջուրը անարգել շենքի տակ է լցվում՝ խարխլելով շենքի հիմքն ու պատերը: Դրանից մեծապես տուժում է մարզադահլիճը, որն ի սկզբանե շենքի նկուղային հարկում է կառուցվել: Լոռու մարզի կրթական հաստատությունների ամենամեծ մարզադահլիճում, նույնիսկ այսպիսի վատթար վիճակում, մրցաշարեր են անցկացվում, որովհետեւ ոչ միայն տարածքն է հարմար, այլեւ գույքն է լավ պահպանված: Մարզադահլիճի կարեւորությունը գիտակցում են նաեւ ղեկավար այրերը: Լոռու մարզպետն անձամբ ուսումնասիրել է խնդիրը եւ խոստացել օգնել: Բայց պարզվում է՝ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի կարող դուրս գալ իր պարտականությունների նեղ շրջանակից եւ թեկուզ գումարի դիմաց կանխել վերահաս աղետը: Այսօր արդեն բավականին հեռվից նկատելի է, թե քոլեջի շենքի պատերի քարերն ինչքան են իրարից հեռացել, աճող սնկերն ու բույսերը ներսից դեպի դուրս էլ են ձգվել: Նույնիսկ քոլեջի նորընտիր տնօրեն Արմինե Ասլանյանի բազում հորդորները չեն կոտրել ջրմուղի պատասխանատուների քար սրտերը, եւ ամեն անգամ նույն պատասխանն են տվել՝ մենք չենք սպասարկում շենքի տարածքը, դիմեք մասնավոր անձի:
Բազում դռներ թակելով՝ տնօրենին հաջողվել է փոխել միայն խմելու ջրի վթարված խողովակը: Մինչ այդ՝ խմելու ջուրն էլ էր լցվում շենքի տակ:
Շենքում ոչ միայն խոնավության ու սնկի, այլեւ կոյուղու գարշահոտությունն է տարածվում, մի քանի րոպե միջանցքում կանգնելը իսկական փորձություն է ներս մտնողի համար: Միայն վերջերս կոլեկտիվն իր ուժերով ժամանակավոր լուծել է խնդիրը: Բայց հետագա խնդիրներից խուսափելու միակ տարբերակը վթարված խողովակը փոխելն է:
Խոնավ միջավայրը ոչ միայն նպաստում է սնկերի աճին, այլեւ մի մեծ խնդիր էլ է առաջ բերում: Էլեկտրական մարտկոցներով տաքացվող շենքի պատերն անգամ չեն հասցնում տաքանալ: Ուսանողներն ու դասախոսները նվագում են վերարկուներով ու ձեռնոցներով: «Հինգ րոպեն մեկ մատ են տաքացնում, ձեռքերը մի կերպ կտաքանան, արյուն էլ կշարժվի, իսկ ինչպե՞ս տաքացնենք գործիքներն ու ձայնը»,- ասում է Վանաձորի արվեստի պետական քոլեջի տնօրեն Արմինե Ասլանյանը:
Բավարար տաքություն չապահովելուն նպաստում են մեծ լուսամուտները, որոնք թեեւ նպաստավոր են նվագարանների համար՝ համապատասխան լուսավորություն են ապահովում, սակայն արդեն հին են, մաշված եւ քամու անգամ աննշան հոսքը զգալի է: Նույնքան անմխիթար ու նույնիսկ վտանգավոր են մուտքի դռները՝ ջարդված ապակիները մի կերպ «կարկատել» են բժշկական լեյկոպլաստով ու դռան վրա մեծ տառերով փակցրել «Դուռը կամաց փակեք» զգուշացումը, որ հանկարծ անզգույշ շարժումից ապակիները չփշրվեն, ու Աստված չանի՝ երեխաներին վնասեն:
Այս պայմանները պատճառ են, որ տարեցտարի պակասի Վանաձորի արվեստի պետական քոլեջում դիմորդների թիվը: Տնօրենը հասկանում է դիմորդներին, բայց եւ ափսոսում է, որ տաղանդավոր ուսանողներ են կորցնում, որոնք պայմաններից փախչելով կամ այլ մասնագիտություն են ընտրում, կամ մայրաքաղաքում սովորում: «Չնայած մեր արածն էլ արած չէ, սերունդ ենք փչացնում»,- մտահոգ ասում է նա: Ըստ տնօրենի՝ հաստատություն դիմում են միայն երաժշտասերները, ովքեր իրենց կյանքն ու ապագան չեն պատկերացնում առանց երաժշտության: Չնայած երաժշտության հանդեպ սերն էլ հարաբերական է, երիտասարդների մեծ մասն ընտրում է վոկալի բաժինը՝ մոդայիկ դարձած երգիչ-եգչուհու մասնագիտությունը, այն դեպքում, երբ նույն դիմորդը հնարավորություն ունի շատ ավելի լավ դաշնակահար կամ ջութակահար դառնալ: Վերջին տարիներին անտեսված են ժողովրդական եւ լարային գործիքները, եթե ջութակը տարեցտարի հետ է մղվում, ապա թավջութակի համար ընդհանրապես չեն դիմում: Քոլեջում 99 ուսանող կա, մեծ մասը գեղանկարչության բաժնի ուսանող է: Քոլեջին կից ստեղծվել է երաժշտական դպրոց, ու վերը նշված պատճառներով դպրոց հաճախողների թիվն էլ է քիչ: «Գալիս են միայն երաժշտությանը մոտ կանգնած՝ երաժշտագետների ու երաժշտասերների երեխաները, որոնց ծնողները ցանկություն ունեն, որ իրենց երեխաները կարգին կրթություն ստանան, լավ մասնագետի մոտ կրթվեն»,- նշում է քոլեջի տնօրենը:
Մասնագետները խոնավության ու ցրտի դեմ պայքարում են իրենց մեթոդներով: Արդեն չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են դասացուցակին հետեւել: «Օրվա առաջին կեսը տրամադրում ենք տեսական դասերին, իսկ մասնագիտական դասաժամերը կեսօրից հետո ենք տեղափոխում, որ ուսանողներն ի վիճակի լինեն, գոնե մատները տաքացնելով, մի կերպ նվագել»,- ասում է դաշնամուրային բաժնի դասախոս Կարինե Հովհաննիսյանը:
Ցուրտ միջավայրում, սառը երաժշտական գործիքների վրա նվագելուց ուսանողների մեծ մասի ձեռքերը ցրտահարվել են, բայց դա նրանց չի կոտրում, վհատեցնում: «Մեզ պահում է սերը դեպի երաժշտությունն ու ընտրած մասնագիտությունը, այստեղ խոր գիտելիքներ ենք ստանում, մեզ տրամադրելով, կամքի ուժով մի կերպ հաղթահարում ենք դժվարությունները՝ ցուրտը, խոնավությունը, թեկուզ մատները տաքացնելով, բայց ձգտում ունենք սովորելու»,- այս կարծիքն է արտահայտում ուսանողների մեծ մասը:
Եթե երաժշտական բաժնի ուսանողները մատները տաքացնելով են նվագում, ապա գեղանկարչության բաժնի ուսանողները պիտի տաքացնեն նաեւ ներկերը: «Ներկն էլ իր չափը պիտի ունենա, դնում ենք «պլիտի» մոտ՝ ջուր է դառնում, հեռու ենք տանում՝ քարանում է, Ֆորտ Բոյարի հանելուկները գտնելն ավելի հեշտ է, քան մեր ներկերը նույն ջերմաստիճանում պահելը»,- բողոքում են գեղանկարչության բաժնի ուսանողները: Խնդիրն ավելի բարդ է երգեցողության բաժնի թե ուսանողների, թե դասախոսի համար: Երգեցողության բաժնի դասախոս Դերենիկ Գեւորգյանն անելանելի վիճակում է հայտնվել. «Չի կարելի այս պայմաններում վոկալ պարապել, ներսից տաք, դրսից սառը, դե պատկերացրեք՝ ինչ կլինի, էլ ես ոչինչ չեմ ասում»:
Արվեստի քոլեջը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարությանը: Քոլեջում մշակույթի նախարարությունից չեն դժգոհում, հակառակը՝ հպարտությամբ ցույց են տալիս վերջերս ստացված աթոռները: «Ուղղակի սառն են կամ, ավելի ճիշտ, աթոռները նորմալ են, ուղղակի նորմալ պայմանների համար են նախատեսված»,- նկատում է տնօրեն Արմինե Ասլանյանը:
Նրանք նախարարությունից ոչինչ չեն պահանջում: Խնդրում են մի բան անել, որ ավանդույթներով հարուստ կրթօջախը ցրտի ու անմխիթար պայմանների պատճառով հանկարծ չփակվի:

Հ. Գ. 2004-05 ուսումնական տարում, երբ Վանաձորում հիմնադրվեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, Արվեստի պետական քոլեջի շենքի մի մասը տրամադրվեց նրանց: Վերջերս ԵԿԹՊԻ Վանաձորի մասնաճյուղը իրեն տրամադրված տարածքը առանձնացրել է պատով եւ ջեռուցման համակարգ տեղադրել: Տնօրեն Հակոբ Ազիզյանը չի թաքցնում, որ նախարարությունը ոչ մի բանով չի աջակցել, իրեն օգնել են մարզում դիրք ունեցող ընկերներն ու ՏԻՄ մարմինները: Ու հարց է առաջանում, եթե կան մարդիկ եւ պետական կամ համայնքային կառույցներ, որ հնարավորություն ունեն օգնելու, ինչո՞ւ մի հաստատությանը այսքան ուշադրություն է դարձվում, իսկ մյուսը՝ անտեսվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել