Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չեմ հավատում այդ փաստաթղթին»

Հունվար 27,2010 00:00

Ասում է թուրքագետ-դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի կինը

Թուրքագետ, հրապարակագիր, ՀՀ առաջին նախագահի թարգման Մուրադ Բոջոլյանը 8 տարի առաջ այս օրը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա մինչ օրս գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում («ԿԳԲ-ի մեկուսարան»):
Անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Մ. Բոջոլյանի դիմումը անկախ հանձնաժողովը մերժեց: Նա դիմել էր իրեն վաղաժամկետ ազատման հարցով: Հիշեցնենք, որ Մ. Բոջոլյանը մեղադրվում է թուրքական կողմին պետական գաղտնիք հաղորդելու համար:
Բոջոլյանի կինը՝ Լյուդմիլա Բոջոլյանը երեկ մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ ամուսինը քաղբանտարկյալ է: Նա գտնում է, որ իր ամուսնուն մեկուսացրել են, քանի որ դեռեւս 1991-ից սկսած՝ նա ակտիվորեն մասնակցել եւ հիմք է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին: Իրականում, ըստ նրա, սահմանափակել են նրա՝ որպես քաղաքագետ-հրապարակագրի ազատ արտահայտվելու իրավունքները: Ըստ Լ. Բոջոլյանի՝ դա էր պատճառը, որ իրենք դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հղում անելով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին՝ արտահայտվելու ազատության սահմանափակումներին:
«8 տարվա ընթացքում Մուրադի բոլոր ծախսերը հոգացել է նրա ընտանիքը: Ստիպված եմ եղել վաճառել այդ ժամանակ կալանքի տակ գտնվող մեր բնակարանը եւ 3 երեխաներիս հետ ապրել վարձով: Մինչ օրս շարունակում ենք վարձով բնակվել:
Մուրադին 8 տարվա ընթացքում չեն այցելել իրավապաշտպան կազմակերպությունները, ՀՀ առաջին նախագահը, նրա նախկին գործընկերները… Նա ազատազրկման ժամանակ ինֆարկտ է տարել, մի քանի անգամ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Սակայն բուժօգնություն ստացել է ընտանիքի կողմից ազատազրկման վայր տարված «Մեդլայն» բժշկական կենտրոնի բժշկի կողմից;
59-ամյա ամուսինս ունի սրտի, ստամոքսի, աղիների հետ կապված լուրջ խնդիրներ: Ցանկացած կալանավորի 1 օրը հաշվվում է 1,5 օր: Մուրադի դեպքում այդ կարգը չի գործում: Եթե գործեր՝ նա 2 տարի առաջ ազատության մեջ կլիներ՝ պատիժն ամբողջությամբ կրած: Մուրադը որեւէ պետական գաղտնիք չի հրապարակել: Այդպես գրված է նաեւ Եվրոպական դատարանի նոյեմբերի 10-ի մերժման որոշման մեջ: Եվրոպական դատարանը պարզապես չի ցանկացել գործ ունենալ պետության անվտանգության կառույցների հետ: Այդպես էլ չհասկացա, թե ինչ փաստաթուղթ է Եվրոպական դատարանը ուղարկել մեզ: Ես չեմ հավատում այդ փաստաթղթին: Մուրադին «դակլադներով» չէ, որ քաղբանտարկյալ պիտի համարել: Մուրադի գործունեությունը եղել է հրապարակային, եւ բոլորը գիտեն այդ մասին»,- ասում է Լ. Բոջոլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել