Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆՈՏԱՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ»

Հունվար 27,2010 00:00

Ասում է ՀՀ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը

2009 թ. փետրվարի 2-ին լրացել է ՀՀ նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի այդ նույն բաժնում աշխատանքային գործունեության 30 տարին: 2003թ. նրան շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում, իսկ 2009թ.՝ ՀՀ վարչապետից ստացել է շնորհակալագիր:
– Տիկին Գաբոյան, Դուք կանգնած եք նոտարիատի կայացման եւ դրա փոփոխման ակունքներում, հետեւաբար, ավելի հստակ կարող եք ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նոտարական նոր համակարգը, որին շատերը անծանոթ են, եւ ո՞վ է նոտարն այդ համակարգում:
– ՀՀ քաղաքացիները մինչեւ այժմ չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում նոտարական նոր համակարգը, ուստի նրանց գիտակցության մեջ նոտարը մնացել է որպես խորհրդային տարիների նոտարի կերպար: Դա հաստատվեց նաեւ նոտարական գրասենյակներում կատարված մոնիտորինգի արդյունքներով: Ասեմ, որ նոտարական նոր համակարգը լատինական նոտարիատի համակարգին է պատկանում, եւ 2002 թ. մարտի 1-ից գործում է այդ համակարգը, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին եւ հնարավորություն է տալիս նոտարներին ավելի ակտիվ միջամտել գործարքի կողմերի իրավունքները պաշտպանելու գործին: Իսկ դա նշանակում է, որ նոտարն այժմ պատասխանատվություն է կրում իր վավերացրած փաստաթղթի՝ օրենքին համապատասխանելու համար: Նոտարը կրում է նաեւ գույքային պատասխանատվություն, այսինքն՝ քաղաքացուն իր մեղքով պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում է տալիս: Այդ նպատակով նոտարը ապահովագրում է իր գործունեության ռիսկը: Այս ամենով նոտարը կարծես թե նախադատական արդարադատություն է իրականացնում եւ բեռնաթափում է դատարանների աշխատանքը:
– Կարո՞ղ ենք ասել, որ նոտարն այժմ ինքնուրույն, իր աշխատանքի համար անձնական գույքային պատասխանատվություն կրող անձն է:
– Այո: Որպեսզի ավելի մատչելի լինի, ուզում եմ նշել, որ նոտարը ծառայություններ է մատուցում հանրությանը, ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված սակագնի, պետության կողմից աշխատավարձ, որեւէ այլ վճար կամ ֆինանսավորում չի ստանում: Նա իր անձնական միջոցներով է հոգում իր բոլոր խնդիրները եւ այդ հարաբերություններում հանդես է գալիս միայն իր անունից: Նոտարի թույլ տված սխալի համար պետությունը որեւէ պատասխանատվություն չի կրում, այլ նոտարն է կրում գույքային պատասխանատվություն: Հետեւաբար, նոտարը չի իրականացնում իշխանության ներկայացուցչի լիազորություններ եւ չի հանդիսանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում գործառույթ իրականացնող անձ եւ այդ պատճառով էլ չի հանդիսանում պաշտոնատար անձ: 2002 թ. մարտի 1-ից գործող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, նոտարները 2003 թ. հունվարի 3-ից ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ձեւակերպվեցին որպես ինքնուրույն սուբյեկտներ, վերացավ «պետական նոտար» հասկացությունը եւ հիշյալ օրենքի 15 հոդվածի 5 կետի համաձայն, աշխատում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմով:
– Այսինքն, նոտարն անհատ ձեռնարկատե՞ր է նաեւ:
– Նոտարն անհատ ձեռնարկատեր չէ, այլ հանդիսանում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ: Այսինքն, նոտարը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում՝ մատուցելով ծառայություն, որի դիմաց գանձվող գումարի չափը սահմանում է նոտարը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սակագների համաձայն եւ ինքնուրույն տնօրինում դրամական միջոցները: Նոտարն է սահմանում իր աշխատակարգը, իր հանգստյան եւ արձակուրդի օրերը, ինքն է նշանակում իր աշխատակիցներին: Նոտարը հարկային, սոցիալական ապահովության եւ այլ վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես ինքնուրույն սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, վճարելով հարկեր, սոցիալական եւ այլ վճարներ: Նա ստացված նոտարական ծառայությունների գումարի համար հաշվետու է միայն հարկային մարմիններին, քանի որ նրանց է վճարում օրենքով սահմանված հարկերը:
– Այդ դեպքում ո՞վ կարող է պատժել կարգազանցության համար մեղադրվող նոտարին:
– «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն, նոտարի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավունք ունի նոտարական պալատը, քանի որ բոլոր նոտարները նոտարների հասարակական ինքնակառավարման մարմնի՝ նոտարական պալատի անդամ են եւ վճարում են անդամավճար: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունն իրավունք ունի օրենքով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում կասեցնել նոտարի գործունեությունը կամ դիմել դատարան՝ նրան աշխատանքից ազատելու նպատակով:
– Փաստորեն, նոտարական գործունեությունը մասնավոր է:
– Կարծում եմ, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում վերոշարադրյալից հետո՝ որեւէ կասկած չի մնում, որ նոտարը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ ոչ թե պաշտոնատար անձ է:
– Որքանով տեղյակ եմ, մեր քաղաքացիները կարող են դիմել ոչ իրենց տարածքային նոտարներին: Այսինքն՝ նոտարին ընտրում են իրենք:
– Ես ուզում եմ նաեւ, որ մեր քաղաքացիներն իմանան, որ ըստ նոտարիատի բնագավառում հիմնախնդիրների լուծման միջոցառումների ՀՀ կառավարության 2008 թ. ժամանակացանկի, ժառանգության գործերը Երեւան քաղաքում կատարում են Երեւանի բոլոր տարածքների նոտարական գրասենյակները, այսինքն՝ նախկին բոլոր շրջանների նոտարական գրասենյակները: Օրինակ, եթե հանգուցյալը բնակվել է Մալաթիայում, ապա նրա ժառանգները ժառանգության վկայագիր են ստանալու Մալաթիա նոտարական տարածքի նոտարական գրասենյակից:
– Տիկին Գաբոյան, ժառանգության վկայագրերի տրամադրումը Երեւանում ապակենտրոնացվել է եւ տրվել բոլոր տարածքների նոտարներին: Սակայն, կարծում եմ, որ ազատականացում կհամարվեր, եթե ժառանգության ձեւակերպման համար քաղաքացիները դիմեին ոչ թե իրենց տարածքի նոտարին, այլ Երեւանի ցանկացած նոտարի:
– Ճիշտն ասած, ձեր նշած խնդրի առնչությամբ մենք ունենք գրավոր եւ բանավոր դիմումներ, աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ երեւի թե ընդունվի նշված տարբերակը, կարծում եմ, որ դա ժամանակի խնդիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել