Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավաստիացնում են, որ վերահսկվում են

Հունվար 27,2010 00:00

«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթի 2009 թ. դեկտեմբերի 18-ի համարում «Պետությունը երաշխավորում է, բայց չի վերահսկում» վերնագրով հրապարակումը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կոլեկտիվում տարակուսանքով ընդունվեց: Առողջապահության ոլորտում, այդ թվում նաեւ մանկաբուժության բնագավառում կան կուտակված չլուծված հարցեր, որոնցից ամենացավոտը հարազատների մասնակցությունն է բուժման ընթացքին։ Առողջապահության ոլորտում դեռեւս առկա է այս երեւույթը, քանի որ հիմնովին լուծված չեն բուժծառայությունների իրական ինքնարժեքի եւ բուժաշխատողների պատշաճ վճարման հարցերը։
Հոդվածում նշվում է հիվանդանոցի 5-րդ հարկի անբարեկարգ վիճակի մասին, որն իրոք բուժկենտրոնի չվերանորոգված միակ բաժանմունքն է եւ որի վերանորոգումը նախատեսված է սկսել 2010 թ. փետրվարից։ Սակայն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ բաժանմունքի պատերի, սանհանգույցների ժամանակակից ոճով վերանորոգված չլինելը բացարձակապես չի նշանակում, որ այդ բաժանմունքում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը։ Հիվանդների եւ այցելուների համար համեմատությունը մյուս բաժանմունքների եւ հատկապես 2009-ին վերանորոգված 6-րդ եւ 7-րդ հարկերի հետ, ստեղծում է թյուր կարծիք՝ նշված բաժանմունքի սանիտարական վիճակի մասին։
Հարկ ենք համարում նշել, որ գրիպի համաճարակի առիթով, համաձայն առողջապահության նախարարի հրամանի, հիվանդների հիմնական հոսքր ուղղված էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որի պատճառով մանկաբուժական բաժանմունքի հիվանդների մի մասը ճարահատյալ տեղավորվել էր հիվանդանոցի 2-րդ եւ 5-րդ հարկերում։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում միաժամանակ մշտապես բուժվում են 20-25 ծանր հիվանդներ՝ հանրապետության բոլոր մարզերից։
Հոդվածում նշված հիվանդ երեխայի մայրը՝ Տաթեւիկ Գրիգորյանը, բուժկենտրոնի ղեկավարության հետ զրույցի ժամանակ գրավոր նշել է, որ բուժող բժշկից եւ անձնակազմից դժգոհություն չունի, իր հիմնական բողոքը մայրապետի եւ բուժքրոջ ցուցաբերած կոպիտ վերաբերմունքն է:
Հոդվածում մեջբերված է Տ. Գրիգորյանի մեղադրանքն այն մասին, թե իբր հիվանդից հետազոտության համար վերցված մեզը եւ արյունը «հավաքարարը չի տարել» լաբորատորիա, այլ թողել է զուգարանում, որի պատճառով սենյակում տարածվել է գարշահոտություն։ Մինչդեռ ցանկացած բուժհաստատությունում արյան անալիզը վերցնում է լաբորանտը, եւ ոչ մի հավաքարար ցանկության դեպքում էլ արյունը չի կարող պահել զուգարանում:
Բուժկենտրոնում մշտապես բուժվում են ծնողների կողմից լքված եւ սոցիալապես թշվառ վիճակում գտնվող ընտանիքների բազմաթիվ երեխաներ, որոնց բուժսպասարկումն ու խնամքը իրականացվում է բացառապես անվճար:
Բացի բժշկական նվաճումները, նաեւ այդ փաստով է հայտնի մեր բուժկենտրոնը ամբողջ հանրապետությունում։
Չենք ուզում տպավորություն ստեղծել, թե «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում ամեն ինչ կատարյալ է եւ իդեալական: Չենք ժխտում, որ առողջապահության ոլորտում՝ ընդհանրապես եւ մեր բուժհաստատությունում՝ մասնավորապես, առկա թերությունները հետեւանք են այն օբյեկտիվ դժվարությունների, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ: 
Մեր բուժհաստատությունը լուրջ է վերաբերվում մամուլի հրապարակումներին՝ մանավանդ իր հասցեին հնչեցրած քննադատություններին: Այդ իսկ պատճառով հոդվածը քննարկվել է բժշկական ընդհանուր խորհրդակցության ժամանակ եւ տնօրենի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ՝ հոդվածում արծարծված հարցերի վերաբերյալ, զգուշացված են բոլոր ստորաբաժանումների վարիչները՝ իրենց վստահված բաժանմունքներում համապատասխան կարգապահության եւ աշխատանքային պայմանների ապահովման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել