Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՄԲԱԳՐՎՈՒՄ ԵՆ

Հունվար 27,2010 00:00

Հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին

2007 թվականի մայիսի 12-ին ձեւավորված Ազգային ժողովը՝ չորրորդ գումարման ԱԺ-ն, ինչպես նախորդ երեք գումարումների խորհրդարանները, հրապարակել է պատգամավորների կենսագրականների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների մասին տեղեկություններով ամփոփ ուղեցույց, որի ամենահետաքրքիր մասը պատգամավորների կենսագրականներն են:
ՀՀ ԱԺ 131 պատգամավորից 121-ը արական սեռի ներկայացուցիչ է: Այս 121-ի մեծ մասը՝ 66 պատգամավոր, զինվորական ծառայություն չի անցել՝ նրանց կենսագրականներում ծառայության մասին որեւէ հիշատակում չկա: Պատգամավորների մի մասը, բնականաբար, ծառայել է խորհրդային բանակում, իսկ ահա հայկական բանակում ծառայել են միայն երկուսը. հանրապետական Գալուստ Սահակյանի որդի Արմանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը: Դատելով տարիքից՝ հայկական բանակում պետք է ծառայեին, սակայն քաղաքականությամբ եւ էլի ինչ-որ բանով զբաղվելով չեն ծառայել երիտասարդ հանրապետականներ Կարեն Ավագյանը, արդեն նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, հանրապետականի ցուցակով պատգամավոր դարձած Շիրակ Թորոսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդի Վահեն, դաշնակցականներ Արծվիկ Մինասյանն ու Արա Նռանյանը, անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ու էլի ուրիշներ: Ծառայելու հարցում միանձնյա առաջատարը հանրապետական Արմեն Մխիթարյանն է. խորհրդային բանակում պատերազմել է Աֆղանստանում, հայկական զինուժի հետ՝ Արցախի ազատագրական պայքարին է մասնակցել եւ ի հավելումն՝ ծառայել է նաեւ ՀՀ ոստիկանությունում:
Նախկին գումարման ԱԺ-ներին անդրադառնալիս, կրկին հենվելով պաշտոնապես հրապարակված կենսագրականների վրա, արձանագրել էինք, որ պատգամավորների մի մասը բարձրագույն կրթություն ստացել է հայկական մասնավոր բուհերում եւ պատգամավոր դառնալուց կամ քաղաքականության մեջ հայտնվելուց հետո, երբեմն 40-41 տարեկանում: Այս ԱԺ պատգամավորների կենսագրականներում նշված չեն բարձրագույն կրթություն ստանալու տարեթվերը, իսկ կենսագրականները տարբեր տարիքից են սկսվում: Այս մոտեցումը միանգամայն տեղավորվում է ԱԺ դերի բարձրացման վերջին նախաձեռնությունների շրջանակում:
Հանրապետական Սուքիաս Ավետիսյանի կենսագրությունը սկսվում է 1973 թվականից, երբ պատգամավորը դեռ 14 տարեկան էր, իսկ ՀՅԴ-ական Բագրատ Սարգսյանի կենսագրականն էլ 15 տարեկանից է սկսվում: Հասկանալի է, որ մանկություն+դպրոց+բուհ բանաձեւով կարելի է ստանալ 22-25 տարեկան մարդ, բայց պատգամավորների մի մեծ մասի կենսագրությունը սկսվում է 27, 28 կամ 30 տարեկանից: Կան պատգամավորներ, ում կենսագրության մեջ որոշակի հատվածներ ներկայացված չեն: Օրինակ, պարզ չէ, թե շարժման, պատերազմի տարիներին՝ 1988-1994, որտեղ եւ ինչով է զբաղված եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Էռնեստ Սողոմոնյանը: Նույն կամ գրեթե նույն տարիների իրենց կենսագրությունը չեն ներկայացնում ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանը՝ 1988-1993, եւ Ստեփան Ասլանյանը՝ 1988-1992: Բաց էր նաեւ ԲՀԿ-ից՝ Հարություն Ղարագյոզյանի, ՀՀԿ-ից՝ Գրիգորի Մարգարյանի, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանի եւ այլոց կենսագրականներում: Հանրությանը չներկայանալու հարցում առանձնանում է նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, ում կենսագրությունից բացակայում է 14 տարի՝ 1978-1992 հատվածը: Բայց առաջատարը Ալեքսանդր Սարգսյանն է. նրա կենսագրությունից չի հրապարակվում ամբողջ 20 տարի՝ 1976-1996 հատվածը:
ԱԺ-ում կան պատերազմին մասնակցած պատգամավորներ՝ Արթուր Աղաբեկյան, արդեն նախկին պատգամավորներ՝ Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան եւ այլք: Թող անհեթեթ չթվա, բայց պատերազմում հրադադար հաստատելուց 15 տարի անց միեւնույն անձանց ընտրության պարագայում տարեցտարի ավելանում է պատերազմի մասնակից պատգամավորների թիվը: Օրինակ, հանրապետական Սամվել Նիկոյանը երրորդ գումարման (2003-2007) ԱԺ պատգամավոր եղած ժամանակ իր կենսագրականում չի նշել, թե ինչ է արել 1990-1991 եւ 1994-1995-ի հատվածներում, իսկ դրանց միջեւ՝ 1991-1994-ին եղել է «Սալիկ» կոոպերատիվի նախագահը: Այս ԱԺ ուղեցույցում Սամվել Նիկոյանի լուսանկարի եւ անվան դիմաց առանց տարեթվերի նշված է, թե «արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ», մի բան, որ նախկինում չկար: Անցած ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը բան չի գրում ԽՍՀՄ-ում ընդհատակում գործած Ազգային միացյալ կուսակցության մասին: Այս ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը պնդում է, որ ԱՄԿ անդամ է եղել:
Հանրապետական Հերմինե Նաղդալյանը մի քանի գումարման ԱԺ պատգամավոր է: Նախկին խորհրդարանների ուղեցույցներում Հերմինե Նաղդալյանի կենսագրականում բացակայում է 1991-1995 հատվածը եւ ոչ մի բառ չկա պատերազմի մասին: Այս ԱԺ ուղեցույցում Հերմինե Նաղդալյանը առանց տարեթվերի ներկայացված է «Արցախյան ազատամարտի մասնակից»: Այս առումով ամենացնցողը ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի կենսագրականների համեմատությունն է. 2003-2007 ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը հանրությանը ծանուցում է, որ «մասնակցել է Գետաշենի, Բերդաձորի, Շահումյանի ինքնապաշտպանության կազմակերպմանը»: Այս ԱԺ ուղեցույցում նույն Հրայր Կարապետյանը նշում է. «մասնակցել է Գետաշենի, Բերդաձորի, Շահումյանի, Մարտակերտի ինքնապաշտպանությանը»: Եթե այսպես շարունակվի, եւ ամեն անգամ Արցախի մեկ շրջան ավելանա, մի 10-12 տարի հետո Հրայր Կարապետյանը կգրի, որ մասնակցել է Ղարաբաղի բոլոր շրջանների պաշտպանությանը բոլոր ուղղություններով:

Արամ Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031