Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գլխիվայր շուռ տված քաղաքականություն ենք վարում»

Հունվար 27,2010 00:00

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, մեր երկրում գները մշտապես աճելու միտում ունեն. «Չպետք է մոռանանք, որ ապրիլի 1-ը շատ շուտով գալու է, եւ գազի սակագնի թանկացման խնդիրը արդեն դրված է պետական հանձնաժողովի սեղանին: Նախորդ անգամ գազի սակագնի թանկացման ժամանակ մեր պետությունը գտավ կոմպենսացնող լծակ՝ Հրազդան ՋԷԿ-ի առուվաճառքի եղանակով դա կատարվեց, այս անգամ ես չեմ տեսնում այդ կոմպենսացնող միջոցը»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Պողոսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունն էլ է հրավիրված քննարկումներին եւ խոստացավ. «Մենք կանենք ամեն հնարավորը, որ ոչ թե 40%, այլ անհամեմատ ցածր գին կազմի այդ թռիչքը: Ցանկանում եմ շեշտել, թե մեր երկիրն ինչ ռեսուրսներ ունի ու ինչքանով է այն օգտագործում: Էլեկտրաէներգիան մեր փաստաթուղթն է, եւ Հայաստանը երկրագնդի բացառիկ երկրներից է, որ ունի հնարավորություն զարգացնելու արտահանումը եւ կիրառումը ներսում: Գլխիվայր շուռ տված տնտեսական քաղաքականություն ենք վարում»: Պարոն Պողոսյանը, մեջբերելով պետական վիճակագրական տվյալները, ասաց, որ վերջին մեկ տարում Հայաստանում գնաճը կազմել է 6,5%. «Եթե անդրադառնանք առանձին ապրանքատեսակներին եւ ծառայություններին, ապա, օրինակ, տրանսպորտի եւ կապի ոլորտում գրանցվել է 15% գնաճ, բնակվարձի, վառելիքի, էլեկտրաէներգիայի ոլորտում գնաճը կազմել է 16,8%: Մենք ունեցել ենք 40, 50 դրամանոց փոխադրամիջոց, արդեն մոռացել ենք դրա մասին եւ միայն կա 100 դրամանոց տրանսպորտ, այսինքն՝ թռիչքը եղավ 25%»:
Պարոն Պողոսյանի համոզմամբ, եթե ապրանքաշրջանառությունն իրականում վերահսկվի, եւ հարկերը հավասարապես գանձվեն բոլորից, այդ դեպքում գործարարներն էլ հերթական գնաճը նախաձեռնելիս թանկացումները կիրականացնեն ողջամիտ գների սահմաններում: Սպառողների պաշտպանին նաեւ զարմացնում է գների վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը. «Ընդգրկված էին բոլոր փոխնախարարները, աշխատեց այդ հանձնաժողովը, մենք էլ մասնակցեցինք, բայց ո՞վ կարող է ասել՝ ինչ եղավ հանձնաժողովի եզրակացությունը, ո՞ւր են աշխատանքի արդյունքները, վերլուծությունները, առաջարկները, այդպես էլ ոչինչ չհրապարակվեց»:
Պարոն Պողոսյանի կարծիքով, թանկացումները պայմանավորված են ոչ միայն միջազգային շուկայի առաջադրած գներով, այլեւ մեծ դեր ունի «մենաշնորհային չարիքը», որի դեմ, ի տարբերություն մեր երկրի, պայքարում են առաջավոր պետությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել