Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հ/Կ-ները պահանջում են Նիկոլին ազատ արձակել

Հունվար 27,2010 00:00

\"\"Իսկ ՍԴ-ն չի շտապում քննարկել նրա
հայցադիմումը, որով պահանջվում է թիվ 10-ի ընտրություններն անվավեր ճանաչել

Երեկ թվով 12 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ նաեւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը, հանդես են եկել հայտարարությամբ, որով հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված 7 տարվա ազատազրկման վճիռը համարել են «ոչ թե իրավական որոշում, այլ քաղաքական հետապնդման անթաքույց ակտ: Կայացվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ինչը քրեորեն պատժելի արարք է»: Հ/Կ-ների համոզմամբ, «Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել արդար դատավարություն՝ չբարդելով 2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատասխանատվությունը ընդդիմության վրա՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների»: Հայտարարության հեղինակները իշխանություններից պահանջել են անհապաղ դադարեցնել Փաշինյանի նկատմամբ «իրականացվող քաղաքական եւ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը եւ ազատ արձակել նրան»:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր պաշտպանների միջոցով դեռ անցյալ հինգշաբթի օրը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Սակայն, ինչպես «Ա1+»-ին փոխանցել է ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը, դեռ պարզ չէ, թե ՍԴ-ն երբ է քննելու Փաշինյանի դիմումը: Նրա ասելով, հայցադիմումի քննության օրը կարող է նշանակվել գործը ուսումնասիրող դատավորի կողմից զեկույց ներկայացնելուց հետո, իսկ նման զեկույց դեռ չկա: ՍԴ-ին ներկայացված Փաշինյանի հայցը պարունակում է ընդհանուր առմամբ թվով 34 փաստաթուղթ, այդ թվում՝ դիմում-բողոքներ, արձանագրություններ ու հատուկ կարծիք, մամուլի հրապարակումներ եւ այլն: Ի դեպ, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանը խնդրել է դատական նիստին ապահովել նաեւ իր մասնակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել