Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Հունվար 27,2010 00:00

\"\"Գոնե մոտ ապագայի կտրվածքով այսպիսի կանխատեսում արեց
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկեցին Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» այն նոր տարբերակը, որը ներկայացվել էր միջնորդ երկրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից նախ՝ Ալիեւին, ապա՝ Սարգսյանին: Սոչիում սենսացիաներ չեղան, ու հանդիպումը լուրջ արդյունքներ կամ առաջընթաց չգրանցեց, որեւէ փաստաթուղթ, նույնիսկ բարի ցանկություններ պարունակող «մայենդորֆյան հռչակագրի» նման մի բան, չստորագրվեց: Բանակցություններին լավատեղյակ դիվանագետները բավարարվեցին միայն նրանով, որ գոհունակություն հայտնեցին, ըստ էության, այն առնչությամբ, որ բանակցությունները ընթանում են, ու խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառված չեն: Իսկ սա նշանակում է, որ բանակցություններում առաջընթաց չկա, եւ բանակցող կողմերը շարունակում են դոփել տեղում՝ ամեն անգամ ակնկալելով, որ երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը ավելի արդյունավետ կլինի:
Սոչիում տեղի ունեցած հանդիպումը խոստումնալից չհամարեց նաեւ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը՝ միաժամանակ ակնհայտ համարելով, որ «ՀՀ իշխանության «նախաձեռնողական» քաղաքականության հետեւանքով Ղարաբաղի հարցով բավականին ինտենսիվ գործընթացներ են գնում», եւ որ «հարցի կարգավորման համատեքստում քննարկվող սկզբունքներն ու ծրագրերը հիմնականում ենթադրում են միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից»:
Թեւանյանը Սոչիի հանդիպումից առաջ էլ, իր ասելով, չէր ակնկալում, թե կողմերն այս անգամ հարցի լուծման համատեքստում արմատական առաջընթաց կգրանցեն կամ, առավել եւս, շրջանակային փաստաթուղթ կստորագրեն: «Հռչակագրային ինչ-որ փաստաթուղթ կարող էր լինել, բայց ճանապարհային քարտեզ՝ ոչ, եւ, կարծում եմ, չի էլ լինի մոտ ապագայում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ «ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման բանաձեւ գոյություն չունի»:
Ըստ նրա, միանշանակ է, որ «շուտափույթ լուծումն այսօր Հայաստանի համար նշանակում է տարածքները շուտափույթ հանձնել եւ շուտափույթ պատերազմի առաջ կանգնել, բայց ավելի վատ ռազմավարական դիրքերով»: Թեւանյանի կարծիքով՝ եթե իշխանությունը, Սերժ Սարգսյանը գնաց զիջումների, ինչպիսին է, օրինակ՝ վիճահարույց «գրավյալ» տարածքների հանձնումը, ապա Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի կունենան ֆորս-մաժորային իրադարձություններ, եւ կկրկնվի մոտավորապես այն, ինչ եղավ 1998-ին՝ Տեր-Պետրոսյանի հետ: «Եթե Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, որոշի գրել իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, այդ դեպքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի կունենա ֆորս-մաժորային իրավիճակ, իհարկե, ոչ Հայ ազգային կոնգրեսի մասնակցությամբ, որովհետեւ Կոնգրեսը մեծ հաշվով այդ նույն տրամաբանության մեջ է տեղավորվում, եւ ԼՂ հարցում նա իշխանություններին հակակշիռ չէ: Այդ ֆորս-մաժորային վիճակը կարող է ստեղծվել հենց ներիշխանական ճամբարի ներսում: Եթե իշխանությունը փորձի չգնալ այդ քայլին, ապա պիտի փորձի ինչ-որ ռեսուրսներ գտնել՝ իր «ֆուտբոլային դիվանագիտությամբ» դրած ծուղակից դուրս գալու համար եւ, բնականաբար, պետք է մոռանա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ բավականին երկար ժամանակով»:
Մենք Ա. Թեւանյանին հիշեցրինք, որ Սոչիի հանդիպումից հետո իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ, նաեւ առանձին փորձագետներ գոհունակություն հայտնեցին դիվանագիտական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկության առնչությամբ, թե Սոչիում քննարկված փաստաթղթի նախաբանում հստակորեն արձանագրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության եւ բանակցությունների հետագա փուլերին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին:
Թեւանյանը դա, ըստ էության, գոհունակության համար արժեքավոր փաստարկ չհամարեց: «Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին վատ բան չէ, իհարկե, դրական երեւույթ է, բայց ինձ համար կարեւոր է ոչ թե այն, թե ով է բանակցում, այլ, թե ինչի շուրջ են բանակցում»,- կարծիք հայտնեց քաղաքագետը՝ արձանագրելով, որ բանակցությունների ֆորմատը կարող է տարբեր լինել, բայց կարեւորը բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթն է: Նրա տպավորությամբ, այդ հարցի շուրջ այսօր համազգային համաձայնության մթնոլորտ է ձեւավորվել, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը համամիտ են, որ ԼՂ-ն պետք է բանակցություններին մասնակցի: Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա Թեւանյանի հայտնած նկատառումներից պարզ դարձավ, որ դա ԼՂ «դարդին դարման չէ», որովհետեւ, նրա ասելով, ինքնորոշման սկզբունքը կողմերից յուրաքանչյուրը իր տեսանկյունից եւ շահերից ելնելով է մեկնաբանում. «Ադրբեջանցիներն էլ են հայտարարում, թե իրենք էլ են կողմ այդ սկզբունքին, բայց իրենց տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ պատրաստ են Ղարաբաղին լայն ինքնավարություն տալ: Ընդ որում, «դրսի» ուժերը միշտ էլ շեշտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց այդ՝ ինքնորոշման իրավունքի գերակայության մասին խոսվում է մինչեւ վերջ չպարզված մեթոդով: Ես էլ հարցնում եմ՝ ազգերի ինքնորոշում ո՞ր տարածքում, ո՞ր քարտեզով: Դրան պատասխան չի տրվում»:
Քաղաքագետը, ով ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում մոտ ապագայում հանգուցալուծման հեռանկար չտեսավ, նկատեց. «Որքան մոտենա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետի պիկային փուլը՝ ապրիլի 24-ը, այնքան զուգահեռաբար կմեծանան ճնշումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ: Թե որ երկիրն ավելի մեծ ռեսուրս կունենա դրան դիմագրավելու համար՝ զարգացումներն ըստ այդմ էլ կլինեն»: Նա կանխատեսեց, որ ե՛ւ ԼՂ հարցի, ե՛ւ, ըստ էության, դրան ածանցվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հերթական անգամ կարող է լճացման ուղղությամբ ընթանալ, մանավանդ, որ այդ հարցերից որեւէ մեկի առաջնայնության իմաստով միջազգային հանրությունը միասնական դիրքորոշում չունի:
Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը օրերս կարծիք էր հայտնել, թե ՀՀ երկրորդ նախագահի այցը Թեհրան եւ Իրանի ԱԳ նախարարի այցը Երեւան ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ սերտ առնչություն ունի: Ըստ այդմ, քանի որ Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կան ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթղթերը ստորագրելու ուղղությամբ, իսկ Հայաստանը զրկվել է նաեւ Ռուսաստանի աջակցությունից, ուստի՝ ՀՀ իշխանությունները փորձում են ակտիվացնել Իրանին՝ խնդրի հանգուցալուծումը ձգձգելու նպատակով: Հենց այդ նպատակն իրագործելու համար էլ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին Իրան՝ բանակցելու էր ուղարկել:
Թեւանյանը դժվարացավ մեկնաբանել այս դիտարկումը, բայց նկատեց, թե՝ Իրանը բոլոր դեպքերում ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ Ղարաբաղի հարցում իր շահերն ունի եւ շահագրգիռ է, որ տարածաշրջանում այլ՝ երրորդ երկրների ուժեր չներկայացվեն. «Շատ կոնկրետ տրամաբանություն դրանում կա: Նա անուղղակիորեն շահագրգիռ է այս հարցում»:
Եվ վերջապես, Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, կարծիք էր հայտնել, թե «այս տարվա գարնանն արդեն ղարաբաղյան հակամարտության շուրջ կարող է համաձայնություն ձեռք բերվել եւ համաձայնագիր կնքվել»՝ հույս հայտնելով, որ «կողմերը գտնվում են բանակցությունների ավարտի շեմին»: Թեւանյանը, սակայն, պարոն Լենմարկերի այս լավատեսությունը չկիսեց: «Ո՛չ, ես դա հնարավոր չեմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել