Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐԱՔՆՆՎՈՒՄ Է ԱՆԳԱՄ ՀՈՒՄՈՐԸ

Հունվար 27,2010 00:00

«Youtube»-ում՝ https://www.you tube.com/watch?v=hdEroVIus8U հասցեով հունվարի 13-ից տեղադրված է Սամվել Բաղդասարյանի ամանորյա հոլովակը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այն այս ձեւով է տարածվել այն բանից հետո, երբ Հայաստանի հեռուստաալիքներից եւ ոչ մեկը չի ցանկացել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հանդգնել այն ցուցադրել եթերում:
Սամվել Բաղդասարյանի ծաղրանմանությամբ՝ շուրջ 8 րոպեանոց հոլովակում կառավարությանն իր ուղերձն է հղում «վարչապետ Տիգրան Սարգսյանը»՝ նախապես ամրագոտիով իրեն ամրացնելով աթոռին. «Վագր 2010-ը անմռունչ կերպով, կատվազգիներին հատուկ ճկունությամբ մեկ ոստյունով կհայտնվի հայկական աշխարհում»: Նշենք, որ այս եւ հետագա տեքստերի հեղինակն Ալեքսանդր Քալանթարյանն է, որը նաեւ Սամվել Բաղդասարյանի «Ականջդ կանչի, մայր Հայաստան» բեմադրության սցենարի հեղինակներից է:
Հաջորդը Սամվել Բաղդասարյանի կատարմամբ ամանորյա ուղերձով է դիմում «Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Հայաստանի առաջին նախագահից բացի՝ հոլովակում ընդգրկված է նաեւ Հայաստանի երրորդ նախագահը, որը նկարահանումից հետո օպերատորին հարցնում է՝ տեսախցիկն ինչի՞ չես անջատում. «Էդպե՛ս եք անում, որ ոմանք էնքան են արխայնանում՝ անհեթեթ դուրս են տալիս, հետո իրենց քցում կտուրը»:
Սակայն ըստ ամենայնի՝ հեռուստաալիքներն այս հոլովակը մերժել են առավել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծաղրանմանության հետեւանքով: Նա պատկերված է Աֆրիկայում որսորդության ընթացքում եւ այնտեղից էլ դարձյալ հակադրվում է ՀՀ 1-ին նախագահի իբր արած պնդմանը, թե ամանորը հարկ է դիմավորել տանը: «Ես դա համարում եմ թոշակառուի սինդրոմ,- ասում է «Ռոբերտ Քոչարյանը»:- Օրինակ՝ ես կողմ եմ էկզոտիկ ամանորին: Այնտեղ էդքան պճնանքի-բանի հետեւ չեն ընկնում՝ Ձմեռ պա՜պ, Ձյունանո՜ւշ: Մարդիկ 1-2 էվկալիպտի տերեւ, ինչ-որ մի լոսկուտ են ճարում՝ քցում են վրեքը, ու ամանորը պատրաստ է»: Ընթացքում նա նաեւ սպանում է տարվա խորհրդանիշ վագրին. «Մի կրակոցով տապալեցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել