Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հարցում՝ գործնական քայլերի տարի

Հունվար 27,2010 00:00

\"\"«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, Սոչիում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպումը տվեց այն ակնկալիքների պատասխանը, որ քաղաքական շրջանակները ունեին այդ հանդիպումից:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, այս տարին Ղարաբաղի հարցի հանգուցալուծման հարցում դառնում է գործնական քայլերի տարի. «Այս եռակողմ հանդիպումը որոշակիորեն ընդգծեց զարգացումների այն ուրվագիծը, որն ակնկալվում է առաջիկայում: Արդեն հայտնի է, որ հիմնական արդյունքն այն էր, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նախաբանի շուրջ: Ճիշտ է, չի բացահայտվում, չի գաղտնազերծվում, թե ինչ սկզբունքներ են ներառված այդ նախաբանում, բայց կարելի է ենթադրել»: Ռուբեն Հակոբյանը այս եռակողմ հանդիպման արդյունքում որպես հայկական կողմի համար ձեռքբերում որակեց այն, որ «վերջապես ԼՂ-ն մասնակցելու է բանակցային այդ գործընթացին: Ճիշտ է, դժվար է ասել, թե ինչ կարգավիճակով պետք է մասնակցի: Չեմ կարծում՝ ադրբեջանական կողմը թույլ կտա, որ հայկական կողմը երկու ձայնով մասնակցի այդ բանակցություններին, բայց այն փաստը, որ Ղարաբաղը գործընթացին մասնակից է լինելու, սա պետք է դիտել որոշակի ձեռքբերում: Ես ենթադրում եմ, որ Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան որոշակի փոփոխություններ կմտցնի խաղի կանոններում»:
Ռուբեն Հակոբյանի ներկայացմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհին որոշակի խոչընդոտ են. «Ինձ համար մի անհասկանալի պահ կա, եւ դա հետեւյալն է՝ եթե խոսք է գնում հայ-թուրքական սահմանի բացման մասին, իսկ հայտնի է, որ ամբողջ բանակցային պրոցեսը միտված է սահմանի բացմանը, ապա հարց է առաջանում՝ Թուրքիան՝ եւ սահմանը փակելիս, եւ դրանից հետո, եւ բոլորովին վերջերս, ասում է, որ սահմանը փակվել է Ղարաբաղի պատճառով: Եվ միշտ հայտարարել են, որ այդ սահմանը կբացվի, եթե հայկական զորքերը դուրս գան այդ տարածքից: Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե իշխանությունը պատրաստ է Ղարաբաղի հարցի լուծմանը, եթե ընդունում է մադրիդյան սկզբունքները, ստորագրել է համապատասխան փաստաթուղթ եւ գնում է հարցի լուծմանը, այդ դեպքում ինչի՞ էին անհրաժեշտ այս անհասկանալի հայ-թուրքական հարաբերությունները: Ենթադրվում է, որ եթե հայ-ադրբեջանական հանգույցը լուծվում է, եթե ղարաբաղյան հարցը լուծվում է, ինքնըստինքյան, սահմանը պետք է բացվեր, եւ նույնիսկ Ադրբեջանն ինքը պետք է խնդրեր, որ սահմանը բացվեր: Այս դեպքում անհասկանալի է, թե հայ-թուրքական այս ամբողջ գործընթացը ինչու սկսվեց, որից Հայաստանը ոչինչ չի շահել, բացի կորստից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել