Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԵՆ

Հունվար 27,2010 00:00

\"\"Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պնդում է, թե «պատերազմը» շարունակվելու է:

ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման հարցը, ըստ նախապես հայտարարվածի՝ պետք է երեկ տեղի ունենար Երեւանի ժամանակով ժամը 17-ին: Սակայն նախօրեին, ուշ երեկոյան, փոփոխություն տեղի ունեցավ, եւ ԵԽ կայքում տեղադրվեց տեղեկություն, թե այդ նիստը տեղի է ունենալու նույն ժամին՝ 11.30-ին, ինչպես եւ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ նույնպես պետք է քննարկվեր Հայաստանի հարցը: Հենց այդ պատճառով էլ վերջին քննարկումը հետաձգվեց եւ տեղի կունենա այսօր կամ վաղը:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» պատմեց. «Ես գնացել էի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին եւ այնտեղ էի հերթապահում՝ սպասելով, թե երբ է քննարկվելու Հայաստանի հարցը: Բայց պարզվում է՝ հենց այդ ժամանակ արդեն անցկացվել է Կանոնակարգի հանձնաժողովի նիստը, որին ինձ ընդհանրապես չէին հրավիրել, որպեսզի հնարավորություն ունենամ ներկայացնել իմ հիմնավորումները ու նաեւ իրավական հիմքերը»: Հանձնաժողովն ուսումնասիրել է տիկին Փոստանջյանի ներկայացրած գրավոր տեղեկանքը, սակայն նա պնդեց. «Այն, ինչ ժամանակին ուղարկվել է ԵԽ-ին՝ եղել է ուղղակի նամակ, տեղեկատվություն»:
Այդ հանձնաժողովի անդամ է Արմեն Ռուստամյանը եւ նիստին, հրավիրյալի կարգավիճակով, մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մեզ պատմեց. «Հանձնաժողովի նիստում ես ելույթ ունեցա՝ ներկայացնելով իրավիճակը եւ այն սկզբունքները, որոնցով ղեկավարվել էր Հայաստանի խորհրդարանը՝ նշանակելով պատվիրակության կազմը: Բանն այն է, որ երբ պատվիրակության տեղերը շատ ավելի սահմանափակ են, քան կուսակցությունների թիվը խորհրդարանում՝ դա միշտ համարվում է պրոբլեմ: Չնայած դրան՝ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բազմաթիվ երկրներում, որտեղ պատգամավորների թիվը պատվիրակության կազմում ավելի մեծ է, քան խորհրդարանում առկա կուսակցությունների քանակը՝ անգամ այդ դեպքերում շատ պատվիրակություններում ներգրավված չեն բոլոր կուսակցությունները: Ի տարբերություն Եվրոպայի խորհրդում այդ տարածված պրակտիկայի՝ Հայաստանի ԱԺ-ն շատ ավելի ժողովրդավարական մոտեցում է որդեգրել ու ղեկավարվել ոչ թե Դոնթի բանաձեւով, որի պարագայում ընդդիմությունը գործնականում ներկայացված չէր լինի պատվիրակության կազմում կամ ներկայացված կլիներ ընդամենը 1 կուսակցությամբ, այլ մեր պատվիրակության մեջ ներգրավված են ԱԺ բոլոր խմբակցությունները»:
Մեր հարցին, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) խմբակցության կողմից, որը վիճարկել էր Հայաստանի պատվիրակության լիազորությունները՝ եղե՞լ է ելույթ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այո՛, եւ նույն խմբակցության անդամները, որոնք ներկայացրել էին բացարկը՝ համաձայնեցին մեր հարցադրմանը: Ավելի՛ն՝ նրանք նշեցին, թե գեղեցիկ չէ նման անլուրջ հարցերը բերել այստեղ՝ հասցնել նման աստիճանի քննարկման, հատկապես, երբ դրանք բացարձակապես անհիմն են»: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց. «EPP խմբակցությանը հրավեր չի եղել: Խրիստոս Պուրգուրիդեսը, որը վիճարկել էր մեր պատվիրակության լիազորությունները՝ նույնպես հրավիրված չի եղել այդ նիստին: Կանոնակարգի հանձնաժողովում, այո՛, կան նաեւ EPP-ի անդամներ, որոնք եւ մասնակցել են նիստին: Բայց EPP-ի անդամներից մեկն էլ Ֆրանսուա Ռոշբլուանն է, որը շատ մտերիմ է Դավիթ Հարությունյանի եւ մեր պատվիրակության հետ: Եվ EPP-ի խմբակցության նիստի ժամանակ նա հայտարարեց, թե այդ հարցն ընդհանրապես պետք չէ քննարկել»:
Ընդդիմախոսների բացակայությամբ անցած քննարկման արդյունքում Կանոնակարգի հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել, որ Հայաստանի պատվիրակությունը նշանակվել է ԵԽ կանոնադրության հոդված 25-ին եւ ԵԽԽՎ կանոնակարգի հոդված 6-ին համապատասխան, եւ հետեւաբար՝ պատվիրակների մանդատները պետք է հաստատվեն: Որոշման բացատրական մասում նաեւ արձանագրվել է. «Հանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որեւէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, թե պատվիրակությունը ձեւավորվել է օրենքի խախտումներով»: «Ժառանգության» պատվիրակն այս կապակցությամբ ընդգծեց. «Ես կարո՛ղ էի իրավական հիմնավորումներ ներկայացնել, սակայն ինձ այդ հնարավորությունը չտրվեց: Եվ որոշման բացատրական մասում արված այդ մեկնաբանությունը վկայում է, որ հանձնաժողովը փաստորեն չի ցանկացել լսել իմ տեսակետը եւ հիմնավորումները: Հանձնաժողովը որոշման մեջ անդրադարձ չի կատարել նաեւ այն հարցին, թե ինչպե՞ս էի ես մասնակցելու ԵԽԽՎ աշխատանքներին, եթե վերջինս չաջակցեր, չֆինանսավորեր իմ գործուղումը: Ինչո՞ւ գնահատական տրված չէ Հայաստանի խորհրդարանի կողմից իր պարտականությունների կատարմանը: Եթե այս որոշումը կայացնելիս այն գործել է օրենքի շրջանակներում, ապա ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն ինձ աջակցել: Այս ամենի մասին ընդհանրապես որեւէ բառ չկա: Եվ այս երկակի չափանիշներն արդեն վաղո՜ւց պարզ են ե՛ւ ինձ, ե՛ւ մեր ժողովրդին»:
«Ժառանգություն» կուսակցության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ հարկադրված են եղել իրենց հիմնավորումները գրավոր կերպով դնել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ. «Ավելի ուշ շրջանառության մեջ կդրվի ՀՀ պատվիրակության մանդատները չհաստատելու մասին որոշման նախագիծ»: Իսկ Զարուհի Փոստանջյանը մեր զրույցում որոշակիացրեց, թե շրջանառության մեջ են դրվելու մի քանի բանաձեւերի նախագծեր՝ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ. «Այս իմաստով՝ «պատերազմի» ավարտի մասին մենք դեռ չենք խոսում ու չենք պատրաստվում համակերպվել այս որոշման հետ: Եվ մշտապես՝ քանի դեռ Հայաստանն այսպիսի իշխանություն ունի՝ ոչ միայն ԵԽԽՎ-ում կվիճարկվեն մեր պատվիրակության լիազորությունները, այլ նաեւ ՀՀ-ում: Այնպես որ՝ պայքարն ավելի է թեժանալու»:

Հ. Գ. Ի դեպ, ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովի որոշման մեջ նաեւ նշված է. «Հանձնաժողովը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրականացման իրավիճակը կարող է դիտարկվել վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի իշխանությունների հետ պարբերական երկխոսության շրջանակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել