Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՈՐՈՇԵՑԻՆ ՉՎԱՐԿԱԲԵԿՎԵԼ

Հունվար 27,2010 00:00

\"\"ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ
Սաֆարյանը հույս ունի, որ երբեւէ մեզանում եւս կանցկացվեն եվրոպական չափանիշներին համարժեք ընտրություններ:

Հունվարի 14-19-ը Ազգային ժողովի 4 պատգամավորներ (Դավիթ Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում, Գոհար Ենոքյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ԱՊՀ, եւ Արամ Սաֆարյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում) մասնակցում էին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ դիտորդական առաքելությամբ: Արամ Սաֆարյանը ընդգրկված է եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ միացյալ դիտորդական առաքելության 8 հոգիանոց խորհրդակցական խմբում, որի առաքելությունն էր հետեւել դիտորդների աշխատանքին եւ առաջարկություններ նախապատրաստել ԵԱՀԿ ԽՎ-ԺՄԻԳ միացյալ դիտորդական առաքելության համար: Խումբը ղեկավարում էր ԱՄՆ կոնգրեսական Էլսի Հեստինգսը, ով մեզ մասնավորապես հայտնի է «մարտի 1-ի» խնդրով ԱՄՆ Կոնգրեսում անցկացրած լսումներով: Խորհրդակցական այս խմբում ընդգրկված էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները, եւ ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրի ներկայացուցիչը խմբում պարոն Սաֆարյանն էր:
«Առավոտի» խնդրանքով Արամ Սաֆարյանը զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների եւ մեր երկրում անցկացվող ընտրությունների միջեւ: Համեմատական գնահատականն ամենեւին էլ մեր օգտին չէր: Ըստ մեր զրուցակցի, հետխորհրդային տարածքում երբեւէ անցկացված ընտրությունների մասին առաջին անգամ տրվել է չափազանց բարձր գնահատական. «ԵԽ-ն եւ եվրոպական կառույցները միասին հրապարակել են եզրակացություններ, ըստ որոնց՝ Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլն անվիճելիորեն ճանաչվել է ազատ եւ արդար: 46 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայի տարածքում դիտորդական առաքելությունն աշխատել է մի քանի մարզերում եւ խոշոր կենտրոններում, եւ որեւէ տեղ ընտրական գործընթացի էական, շոշափելի խախտում չի արձանագրվել: Դիտորդական առաքելության կողմից ուսումնասիրված տեղամասերում ընտրությունները 91 տոկոսով գնահատվել են գերազանց կամ լավ: Սա աննախադեպ արդյունք է, եւ նույնիսկ անտեղի է զուգահեռներ անցկացնել նախկին խորհրդային որեւէ այլ պետության, այդ թվում եւ մերի հետ: Ուկրաինայում նախագահական ընտրություններին հետեւող դիտորդները, այդ թվում՝ եվրոպացի եւ ամերիկացի նշանավոր քաղաքական գործիչները, կանխատեսում էին, որ ընտրությունների երկրորդ փուլում հնարավոր է՝ ընտրական կրքերը բորբոքվեն այն աստիճանի, որ արձանագրվեն խախտումներ»,- ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Մի քիչ նախանձելով այս ամենին՝ ուզեցինք ինքներս մեզ մի քիչ «մխիթարել» եւ հարցրինք՝ արդյոք մնացած 9 տոկոս խախտումների շարքում չգրանցվեցի՞ն լցոնումներ, կարուսելներ, ավտոբուսներով մարդկանց ընտրատեղամաս բերել, քվեատուփի հափշտակում եւ այս կարգի այլ «խախտումներ», որոնց մեր ընտրողներն ականատես են լինում, երբ երկրում որեւէ ընտրություն է անցկացվում: Լսելով մեր հարցը՝ Արամ Սաֆարյանը ժխտողական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, դիտորդական առաքելության պատրաստած փաստաթղթում այդպիսի բաներ չեն արձանագրվել: Էական են դիտարկվել որոշ թերություններ: Եթե դրանցից մեկը նշեմ, հնարավոր է՝ ժպիտ առաջացնի: Ընտրական գործընթացի կազմակերպումը Ուկրաինայում 85 տոկոսով կանանց գործն է: Հանձնաժողովներում, դիտորդների մեջ, նախապատրաստող խմբերում, ակտիվիստների շարքում՝ ամենուրեք կանայք են, տղամարդիկ այս գործընթացում ընդգրկված չեն, եւ սա գենդերային անհավասարության դրսեւորում է Ուկրաինայի համար»:
Հետաքրքրվեցի, թե, ըստ Արամ Սաֆարյանի, ինչո՞վ է բացատրվում ուկրաինացիների այդ ազատությունն ու արդարությունը, եւ մենք դեռ ինչքա՞ն ճանապարհ ունենք անցնելու այդ վիճակին հասնելու համար: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Ուկրաինան պետական մակարդակով լուծել է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցը եւ կարողանում է եվրոպական չափանիշներով ընտրություն անցկացնել. «Ուկրաինայի տնտեսական վիճակը վատ է, եւ այդ երկիրը մեծապես կախված է արտաքին ազդեցություններից, մեծ պարտքեր ունի, բայց գիտակցում է, որ ժողովրդավարական ազատ ընտրություններով օրինական իշխանություն հաստատելու ճանապարհը կենսունակ պետություն ունենալու միակ հնարավորությունն է: Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա մենք շուտ թե ուշ գալու ենք դրան, համոզված եմ՝ գալու ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել